Բնապահպանության նախարարության փոխարեն անդրսահմանային Ողջի գետի մաքրության համար պայքարում են Կապանի բնակիչները

Բնապահպանության նախարարության փոխարեն անդրսահմանային Ողջի գետի մաքրության համար պայքարում են Կապանի բնակիչները

ԷկոԼուր

Բնապահպանության նախարարության փոխարեն անդրսահմանային Ողջի գետի մաքրության համար պայքարում են Կապանի բնակիչները:

ՀՀ վարչական դատարանում քննվում է հինգ բնակիչների հայցը, ովքեր հանդես են գալիս ՀՀ բնապահպանության նախարարության դեմ մեղադրանքով: Հայցում նշված է, որ նախարարության անգործության պատճառով Ողջի գետը աղտոտվում է կենցաղային եւ հանքարդյունաբերական թափոններով: Ինչպես «ԷկոԼուր»-ի հետ զրույցում նշեց իրավաբան Արթուր Ղազարյանը, կա կառավարության որոշման հիման վրա կնքված «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի պայմանագիրը: Ընկերությունը չի կատարում պայմաններից մեկը ջրահեռացման եւ  կեղտաջրերի մաքրման մասով: Բնապահպանության նախարարությունը` որպես կառավարության լիազոր մարմին, պարտավոր է վերահսկողություն իրականացնել եւ հարկադրել ընկերությանը կատարել իր պարտավորությունները, ինչը նախարարությունը չի անում: «Ընդհանրապես որեւէ վերահսկողություն ընկերության նկատմամբ չկա,- ասում է Ղազարյանը,- արդյունքում Ողջի գետը դարձել է Հայաստանի ամենակեղտոտ գետերից մեկը, վերածվել է կեղտաջրերի եւ արդյունաբերական թափոնների կոյուղատարի»:

Զարմանալի է այն, որ բոլորը համաձայն են, որ կա խնդիր, բայց ոչ ոք մտադիր չէ այն լուծել: «Մենք դատարան ներկայացրեցինք կառավարության որոշումը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի նամակը, որտեղ նրանք համաձայնվում են, որ կա խնդիր, բայց չկա գումար: Կա նաեւ նախարարության նամակը, որտեղ նախարարությունը նույնպես համաձայն է խնդրի առկայության հետ, սակայն փորձում է խնդրի լուծումը գցել «Հայջրմուղկոյուղու» վրա»,- ասաց Ղազարյանը:

 Դատական նիստի ընթացքում նախարարությունը մեղադրանքը չընդունեց եւ ամբողջ պատասխանատվությունը գցեց «Հայջրմուղկոյուղու» վրա: Հաջորդ դատական նիստը, որի ընթացքում կդիտարկվի ապացույցների բազան, նշանակված է նոյեմբերի 23-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ` 2011թ. սկզբին, ՀՀ վարչական դատարանում քննվում էր «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի նմանատիպ հայցը: 6-ամսյա դատական ձգձգումներից հետո Վարչական դատարանը մերժեց հայցը` հղում անելով 2010թ. օգոստոսին ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած որոշման վրա, որ հասարակական կազմակերպություններն իրավունք չունեն դիմել դատարան, եթե չեն ոտնահարվել իրենց ստույգ իրավունքները: Մեր կարծիքով` այս որոշումը ոտնահարում է շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության պաշտպանության համար հանդես եկող հասարակական կազմակերպությունների իրավունքը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությունում:

Նոյեմբեր 01, 2011 at 11:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր