

ԷկոԼուր
Մեղրի քաղաքի (Սյունիքի մարզ) Հանրային խորհրդի անունից «ԷկոԼուր»-ին դիմեց Հանրային խորհրդի անդամ Սվետա Գրիգորանը` խնդրելով աջակցել Մեղրիի բնակիչներին Մեղրիի քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանի ծրագրերին դիմակայելու հարցում: Ընդ որում, Սվետա Գրիգորյանը հղում արեց քաղաքապետին ուղղված բաց նամակի վրա, որը հրապարակվել է «Սյունաց Երկիր» թերթում (N 18):
«ԷկոԼուր»-ն ավելի վաղ անդրադարձել է այս խնդրին: Խնդիրը վերաբերում է Մեղրի գետի վրա ջրատարների եւ փոքր ՀԷԿ-ի կառուցմանը, ինչի դեմ հանդես եկան Մեղրիի ավելի քան 900 բնակիչներ: Շինարարությունն իրականացվում է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով: Մեղրիի Հանրային խորհուրդը մեղադրում է քաղաքապետին, որ նա անձնական շահ է հետապնդում այդ նախագծից եւ անտեսում է բնակչության շահերը:
Բաց նամակում մասնավորապես ասված է. «Ներկայացվող ծրագրի ամենամեծ դավադրությունն այն է, որ մի խումբ մարդիկ (այդ թվում` Դուք) ուզում են մեղրեցուն ոռոգման ջուր վաճառել ու նրան անվանել շահառու:.. Շահառու կարող են լինել այդ ծրագրում ներգրավվածները, ովքեր հանդես են գալու ՍՊԸ-ների, ՓԲԸ եւ ԲԲԸ-ների, ՋՕԸ-ների անվամբ: Եվ սրանք էլ հեքիաթի վիշապ օձի պես նստելու են ջրագծի բաշխման տեղում` գյուղացիներից փող կորզելու համար... Այդ չափերի անվերահսկելիությունն էլ ամրագրված է համաշխարհային կազմակերպությունների կողմից մեր երկրին պարտադրված ջրային օրենսգրքում, որի, օրինակ, 79-րդ հոդվածը մշտական շահույթ ստանալու հնարավորություն է տալիս: Շահույթ ստացողն էլ, որպեսզի (այսպես ասած) ողջամիտ շահույթ ունենա, դրա սահմանն էլ է ինքը որոշելու»,- մասնավորապես ասված է 4 էջանոց նամակում:
Հիշեցնենք, որ դեռ այս տարվա սեպտեմբերինՄեղրիի քաղաքացիների շահերի պաշտպանությամբ հանդես եկան «ԷկոԼուր», «Շողեր միություն» հասարակական կազմակերպությունները եւ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը:
Լուսանկարը` «Սյունաց Երկրի»
Նոյեմբեր 04, 2011 at 11:40
