Ոռոգման ծախսերի կրճատումը լուրջ խնդիր է. Գ. Մանուչարյան

Ոռոգման ծախսերի կրճատումը լուրջ խնդիր է. Գ. Մանուչարյան

www.1in.am

2012 թ. բյուջեի նախագծով ոռոգման համար հատկացվելու է 12 մլրդ դրամ՝ այս տարվա 29 մլրդ դրամի փոխարեն: Այս հսկայական տարբերությունը բացատրվում է նրանով, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ավարտի արդյունքում ֆիանսավորումը կտրուկ նվազում է:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գյուղնախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության նախկին պետ Գագիկ Մանուչարյանը նշեց, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ավարտի հետևանքով ֆինանսական ծավալների կրճատումը շատ լուրջ հետևանքներ կունենա, քանի որ գումարների մեծ մասը գնում էր հեղեղատարների, գետերի հուների մաքրմանը, իսկ այդքանից հետո կրկին հեղեղումներ էին լինում, գետերը դուրս էին գալիս հուներից: Եթե հիմա այդ մաքրվելը կիսով չափ դադարեցվեց, ուրեմն քառակի անգամ ավելի ծավալներով հեղեղատարները կընկնեն ավելի վատ վիճակի մեջ, գերհագեցած կաշխատեն ու դա լավ բանի չի բերի հետագայում:

«Մենք ոչ մի երաշխիք չունենք, ոչ մեկը չգիտի, թե ձմեռն ինչպիսին կլինի, ինչ ձյան շերտ կկուտակվի, հետագայում այդ ձյունը ջրի ինչ պաշարների կվերածվի, բայց որ դա հաստատ բարդությունների առաջ կկանգնեցնի, դա փաստ է: Կառավարությունը պետք է կարողանա հետո ինչ-որ տեղից լրացուցիչ բյուջե հատկացնել այդ հարցի լուծման համար, իսկ եթե չհատկացնի, շատ վատ վիճակի մեջ կհայտնվենք»,- ասաց մասնագետը:

Գ. Մանուչարյանը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի գործունեությունը շատ լավ գնահատեց. «Շատ եմ ցավում, որ դադարեցվել է և չի գործելու այլևս: Դա մեր երկրի համար, մեր գյուղատնտեսության համար շատ վատ կանխատեսում է: Եվ ինչպես նայում եմ, բյուջեի այս սղության, այս լարվածության պայմաններում չեմ տեսնում, թե որտեղից կարելի է որոշակի գումար նպատակաուղղել այդ բացը լրացնելուն»:

Նոյեմբեր 10, 2011 at 11:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր