

ԷկոԼուր
Պետական կառույցների ներկայացուցիչները կարծում են, որ Հայաստանում փոքր հիդրոէներգետիկայի ոլորտն ապահովված է ուժեղ նախադրյալներով: Դրանցից առաջինը Հայաստանում փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեման է: Հետո գալիս են ուժեղ օրենսդրությունը, ջրային լավ ռեսուրսները, բիզնեսի հետաքրքրությունը, վարկերի ստացման հնարավորությունը եւ գոյություն ունեցող վերահսկողության համակարգը: Նման կարծիքի էր ՀՀ բնապահպանության նախարարության եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնագետների խումբը, որը մարտի 5-ից 9-ը Նորվեգիայում մասնակցում էր փոքր ՀԷԿ-երի վերաբերյալ խորհրդակցությանը: Ուղեւորությունը կազմակերպվել էր էներգետիկ անվտանգության նպատակով փոքր ՀԷԿ-երի զարգացման հայ-նորվեգիական ծրագրի շրջանակներում: Նորվեգիական կողմից ծրագիրն իրականացնում է «Norsk energy» ընկերությունը, իսկ հայակական կողմից` «Հիդրոէներգետիկա» ընկերությունը:
Խորհրդակցության մասնակիցները միանշանակ չգնահատեցին պետական կառույցների կարծիքը: Այսպես, Հայաստանի փոքր հիդրոէներգետիկայի թույլ կողմերը եւ առկա ռիսկերը գնահատող աշխատանքային խմբում բերվեցին միեւնույն գործոնները, բայց, հակառակ գնահատականով: Օրինակ` ջրային ռեսուրսների գնահատում չի իրականացվել մի քանի տասնյակ տարի, եւ այդ պաճառով փոքր ՀԷկ-երի սխեման կազմված է առանց բավարար հիմնավորման: Նաեւ նշվեցին օրենսդրության թերությունները` շրջակա միջավայրին հասցվող վնասի գնահատման բացակայությունը, գետերի անձնագրերի բացակայությունը, լավ սարքավորումների բացակայությունը, անհրաժեշտ վերահսկողության բացակայությունը:
Փոքր ՀԷԿ-երի կառուցման հարցերում ամենաէական գործոններից մեկը հասարակության մասնակցությունն է: Նորվեգիայի փորձը ցույց է տալիս, որ առանց համայնքի համաձայնության, որի կողքին կառուցվում է ՀԷԿ-ը, այդ հարցը գործնականում չի կարելի լուծել: Որոշ համայնքներ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների բաժնետերեր են:
Կան նաեւ շահերի բախումներ, օրինակ, Բնապահպանության դեպարտամենտի հետ: Հիմնականում կոնֆլիկտները կապված են գետերից վերցվող ջրի քանակի եւ գետերում ապրող ձկների արժեքավոր տեսակների պահպանման հետ:
Նորվեգիայում կան գետեր, որոնց վրա ընդհանրապես չի կարելի ՀԷԿ կառուցել: Նման գետերը 350-ն են: Փոքր Հէկ-եր արգելվում է կառուցել նաեւ հատուկ պահպանվող տարածքներում:
Կոնֆլիկտները սովորաբար հարթվում են մինչեւ շինարարությունը: Վերահսկողությունն ուժեղ է: Նորվեգիական օրենքների համաձայն` խախտումները կարող են նույնիսկ քրեորեն պատժվել: Գուցե դրա համար է, որ արտոնագրի ստացումը կարող է երկարել 4-ից 5 տարի:
Հայաստանում շատ ավելի հեշտ է արտոնագիր ստանալ: Համայնքների շահերը ցանկալի են, բայց ոչ պարտադիր: Փոքր ՀԷԿ-երը կառուցվում են նաեւ հատուկ պահպանվող տարածքներում: Ներկայումս Հայաստանում 113 գործող փոքր ՀԷԿ կա: Եւս 86-ը ստացել են արտոնագիր:
Մարտ 13, 2012 at 13:43







