Բնապահպանության նախարարին առաջարկում են մերժել «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի նախագիծը

Բնապահպանության նախարարին առաջարկում են մերժել «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի նախագիծը

ԷկոԼուր

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն եւ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը նամակով դիմել են ՀՀ բնապահպանության նախարարին եւ առաջարկում են մերժել «Բի Էս Բի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի նախագիծը: Հիշեցնենք, որ ընկերությունը 2 անգամ կազմակերպեց հասարակական լսումներ, սակայն դրանցից եւ ոչ մեկը տեղի չունեցան: Առաջին անգամ ընկերությունը որպես հասարակական լսման վայր նշել էր մի հասցե, որը գոյություն չունի եւ ոչ ոք չէր մասնակցել լսումներին, 2-րդ անգամ ընկերությունն ընդհանրապես չէր ժամանել լսումների վայր: 

«…1995թ. դեկտեմբերի 14-ից մինչև օրս Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացություն տրամադրելուց առաջ նախատեսվող գործունեության վերաբերյալ հասարակական լսումները փաստացի կազմակերպվում և անցկացվում են օրենքի պահանջների խախտմամբ և իրավական ակտի բացակայության պայմաններում:

Ինչ վերաբերում է «Բի Էս Բի» ՍՊ ընկերությանը, ապա պետք է նշենք, որ նրա գործելաոճն արդեն վկայում է այն մասին, որ նա անպատասխանատու, անհետևողական ընկերություն է, որի ղեկավարը բացահայտ կեղծ տեղեկություն է փոխանցում շահագրգիռ հանրությանը և երկրորդ անգամ իր մեղքով տապալում հասարակական լսումները: Այս ընկերությունն արդեն վստահություն չի ներշնչում ազդակիր համայնքի և հանրության մեծ զանգվածի մոտ:

Ավելին, «Բի Էս Բի» ՍՊ ընկերությունն իր իսկ կողմից ներկայացված «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի փաստաթղթերում  «Անկան» գետի փոխարեն նշում է «Գորիս» գետ: Դե ֆակտո իր կողմից փոքր ՀԷԿ-ը կառուցվելու է ոչ թե «Գորիս», այլ «Անկան» գետի վրա: Անհասկանալի է նաև, թե ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի փաստաթղթերն ինչ առնչություն ունեն «Գորիս» գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-ի փաստաթղթերի հետ:

Այսպիսով, վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք «Բի Էս Բի» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումները, որը նշակաված էր ս. թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի, Ջերմուկ քաղաքի Գետափնյա 16 հասցեում, չեղյալ ճանաչել և առհասարակ մերժել տվյալ ընկերության կողմից ներկայացված վերը նշված նախագծային փաստաթղթերը և այլևս չանդրադառնալ այդ նախագծին», մասնավորապես նշված է նամակում:

Դեկտեմբեր 14, 2012 at 15:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր