ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՀԻ՞

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՀԻ՞

Անահիտ Փիլոսյան, «Հայք»

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ օգոստոսի 31-ին նախաստորագրված, ապա հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններում ամրագրված է նաեւ բնապահպանական ենթահանձնաժողովի ստեղծման մասին կետը: Կա արդյոք նման հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն, թե՞ սա ընդամենը ձեւական տող է, որը տեղ է գտել արձանագրություններում, եւ եթե այդպիսի հանձնաժողով ստեղծվի, բնապահպանական ի՞նչ խնդիրներ են քննարկելու հայ եւ թուրք մասնագետները:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի խոսքերով, իրենք բնության համաշխարհային հիմնադրամի Թուրքիայի մասնաճյուղի ներկայացուցիչների հետ հաճախ են հանդիպում, քննարկումներ անում, սակայն կոնկրետ համագործակցության դեպքեր դեռ չեն եղել, եթե չհաշվենք, որ միեւնույն կենդանատեսակի (օրինակ հայկական մուֆլոն, որը գրանցված է նաեւ միջազգային կարմիր գրքում) ուսումնասիրություն կատարվել է Հայաստանում, Իրանում, Թուրքիայում, Ադրբեջանում: Նրա դիտարկմամբ, Թուրքիայի մասնագետները նույնպես բավականին հետաքրքրված են տարածաշրջանային համագործակցությամբ եւ վերջին շրջանում նրանց կողմից ջերմացում է նկատվում: Կարեն Մանվելյանի կարծիքով, Հայաստանի եւ Թուրքիայի բնապահպանները երկու երկրների միջեւ դիվանագիտական նորմալ հարաբերություններ ունենալու դեպքում բազմաթիվ բնապահպանական խնդիրներ ունեն լուծելու: «Մենք հասկանում ենք, որ միայն մի երկրում դժվար է պահպանել բնությունը, եթե հարեւան երկրում դա չպահպանվի, իմաստ չունի: Օրինակ, նույն հովազի կամ մյուս կենդանիների հարցը, որոնք միգրացիա են կատարում: Նրանց համար սահմաններ գոյություն չունեն»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Մանվելյանը: Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը համոզված է, որ համագործակցություն կարելի է ծավալել եւ կենսաբազմազանության, եւ բնության հատուկ պահպանվող տարածքների, եւ ջրային պաշարների պահպանման հարցում: «Արփի լիճը առաջին անդրսահմանային պահպանվող տարածքն է Անդրկովկասում: Նախատեսվում էր, որ Թուրքիան եւս պետք է միանար ծրագրին եւ Չիլդիր լճի շրջանում ստեղծեր հատուկ պահպանվող տարածք, բայց քանի որ խնդիր կար Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, նրանք այդ ծրագրին չմիացան: Եթե սահմանները բացվեն, եւ երկու պետությունների միջեւ հարաբերությունները կարգավորվեն, ինձ թվում է` պետական մակարդակով նրանք արդեն կարող են միանալ այդ ծրագրին, այսինքն` կունենանք եռակողմ պահպանվող տարածք»,- նշեց Կարեն Մանվելյանը եւ հավելեց, որ միջազգային կազմակերպություններն ու դոնորները նույնպես հետաքրքրված են, որպեսզի Թուրքիան միանա այս ծրագրին:

Ավելացնենք, որ «Արփի լիճ» ազգային պարկին հարակից Վրաստանում ստեղծվում է հատուկ պահպանվող տարածք, ինչը հնարավորություն է տալիս կենդանիների համար ապահովել միգրացիայի չընդհատվող միջանցք: Կարեն Մանվելյանի կարծիքով, Թուրքիայի հետ համագործակցությունն օգտակար կլինի նաեւ կենդանական աշխարհի, հատկապես ջրլող թռչունների համար, քանի որ Թուրքիան համարվում է կարեւոր տարածք ջրլող թռչունների համար, կարելի է համագործակցել նաեւ Արարատյան դաշտավայրի խոնավ տարածքների պահպանության հարցում: Մի խոսքով, հնարավորության դեպքում Հայաստանի եւ Թուրքիայի մասնագետները առանց աշխատանքի չեն մնա:

Կովկասյան տարածաշրջանային կազմակերպության հայաստանայն գրասենյակի ղեկավար Նունե Հարությունյանը մեզ հետ զրույցում եւս հաստատեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնապահպանական խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում, սակայն դիվանագիտական հարաբերությունների բացակայության դեպքում գործը դժվարանում է: Նա նույնպես նշեց, որ թուրքական բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներ եղել են, սակայն իրականացված ծրագրերի օրինակներ չեն եղել: «Շատ խնդիրներ կան, որ տարածաշրջանի բոլոր երկրների համար են կարեւոր, օրինակ թե կլիմայի փոփոխության հարցը, թե հողերի դեգրադացման, անտառների հետ կապված, ջրային ռեսուրսների օգտագործման խնդիրները: Խնդիրները շատ են, որովհետեւ բնության համար սահմաններ չկան, սահմանը գծված է միայն մարդու կողմից»,- ասաց Նունե Հարությունյանը: Նա նույնպես լիահույս է, որ առաջիկայում Թուրքիայի մասնագետների հետ հնարավոր է արդյունավետ համագործակցություն ծավալել:

Բնապահպանության նախարարության «Հայէկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սեյրան Մինասյանը հայ-թուրքական համագործակցությունը տեսնում է հիմնականում երկու ուղղությամբ: Նրա խոսքերով, եթե լինեն դիվանագիտական հարաբերություններ, հնարավոր է գետերի ամբողջական մոնիտորինգ ունենալ, օրինակ` Ախուրյան եւ Արաքս գետերի ջրի որակը Թուրքիայի տարածքում չի ուսումնասիրվում` պատճառաբանությամբ, թե Թուրքիայի համար դրանք որպես ջրային օբյեկտ այդ հատվածում կարեւոր նշանակություն չունեն: Նրա խոսքերով, 1927թ. համաձայնությամբ, այս գետերի միայն ջրի քանակն է Թուրքիայի տարածքում որոշվում, սակայն ջրի որակի միասնական անալիզը նույնպես անհրաժեշտ է:

Երկրորդը, որը հուզում է Սեյրան Մինասյանին, արտանետումների խնդիրն է: Նա տեղեկացրեց, որ բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանում, օրինակ, ծծմբի երկօքսիդի կուտակումներն ավելի շատ են, քան մեր երկրի տարածքից արտանետվում են: «Եթե Հայաստանում պայմանական n քանակի արտանետվում է, ապա մեր դեպոզիտը 5-10 անգամ ավելի է»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Մինասյանը: Պատճառնը, ըստ մեր զրուցակցի, Թուրքիայից Հայաստան «ուղարկվող» արտանետումների քանակն է: Իսկ արտանետումները Հայաստան հասնում են քամու, տեղումների, Արաքս գետի միջոցով: «Եթե բանակցենք, խնդիրը բարձրացնենք, կարող ենք համաձայնեցնել, որ Թուրքիան արտանետումների իր քվոտան պակասեցնի»,- նկատեց Սեյրան Մինասյանը:

Մենք փորձեցինք պարզել նաեւ բնապահպանության նախարարության պաշտոնական տեսակետը, թե մինչ այժմ արդյոք երկու երկրների նախարարությունները համագործակցել են: Նախարարությունից հակիրճ պատասխանեցին, որ որեւէ համագործակցություն չի եղել, իսկ ինչ վերաբերում է ապագային, թե ինչ հարցեր կարելի է քննարկել Թուրքիայի հետ նույն հանձնաժողովում, ապա նախարարությունը չի շտապում խնդիրներն առանձնացնել, այսինքն` ինչպես ժողովրդական առածն է հուշում, օրը կգա, բարին էլ հետը:

Հոկտեմբեր 21, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր