

ԷկոԼուր
Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչները դիմել են Վանաձորի Շահերի պաշտպանության և աջակցության հակակոռուպցիոն կենտրոն «Մարցիգետ-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման խնդրի վերաբերյալ: ԷկոԼուրի աշխատանքային խումբը Մարց գյուղում հանդիպեց դիմումի տակ ստորագրած բնակիչների հետ: Ստորեւ ներկայացնում ենք հանդիպման որոշ մասնակիցների հետ արված հարցազրույցը:
Մարցի բնակիչ Պարգեւ Հակոբյան.
- Դիմումը անձամբ գրել եմ ես, ինձ հետ ստորագրել են մեր գյուղից երկու հոգի` մեկը տաիքով մեծ, մյուսը երիտարասարդ: Դիմումի մեջ միայն իմ անունը կա, բայց ես հանդես եմ գալիս ամբողջ գյուղի անունից: Դիմումում գրված է, որ մեր գյուղից որոշ մարդիկ, վերցնելով գումար, ստորագրել են, որ իրենք կողմ են ՓՀԷԿ-ի կառուցմանը:Կոնկրետ ակնկալիքները ՇՊԱԿ-ից այն է, որ գոնե հնարավորությունների չափով մեզ օգնեն: Աջակցեն, որ ՓՀԷԿ-ը չկառուցվի:
ԷկոԼուր.
-Այսինքն, Դուք ուզում եք ասել, որ «Մարցիգետ-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման գործընթացում կոռուպցիոն ռիսկեր կա՞ն:
Պարգեւ Հակոբյան.
-Այո, սա կոռուպցիայի դեմ դիմում էր: Ուղղակի անուններ չեմ ցանկանում տալ, պետք չէ:
ԷկոԼուր.
-Մենք լսել ենք, որ Մարցի տարեց գյուղացիները դեմ են, իսկ երիտասարդները` կողմ: Դա այդպե՞ս է:
Պարգեւ Հակոբյան.
-Գյուղի մեծամասնությունն է դեմ, կապ չունի տարեց լինի, երիտասարդ, թե երեխա: Անկախ ամեն ինչից մեծամասնությունը դեմ է: Մոտավորապես 85-90% դեմ է:
Դեմ ենք, որովհետեւ առաջին հերթին մեր բնությունն է չորանում, մեր ձկնատեսակները վերանում են: Հիմնական պատճառը դա է: Երկրորդ, մենք ունենք հողտարածքներ, որ այդ ջրով են ոռոգվում: Դա էլ է փոքր ՀԷԿ-ի հետ կապված. եթե կառուցեն, չի ոռոգվի նորմալ: Սոցիալական վիճակը կապ չունի: Գետը պատկանում է մեր գյուղին: Մեր գյուղը կառուցվել է գետի հիմքի վրա: Ինձ համար կարևոր չէր` ով կդիմեր, կարևորը աջակցեին, այդ ՓՀԷԿ-ը չկառուցեին:
1996-2005 թվականներին Մարցի գյուղապետ Հրաչիկ Հովհաննիսյան.
-Այդ ՓՀԷԿ-ը կառուցելը կոչվում է գյուղի վատը ցանականալ: Եվ մեր բնությունն է փչանալու, և մեր հողատարածքները: Արտագաղթը մեծանում է: Առաջ պետք է այն մի ՓՀԷԿ-ին արգելք հանդիսանային, ժողովուրդը չհասկացավ, նոր զգացին: Արդեն զգացին, որովհետև այնտեղ, որ ջուրը էլ չէր գնում, բնությունը չորանում է, օձերն ու կարիճներն են շատանում, խոտհարքները չորանում են: Առանց այդ էլ գյուղը շատ վատ է ապրում: Նորից արտագաղթելու է, քանի որ եթե իրենց հողատարածքները չունենան, խոստհարքները չհնձեն, էլ ուր մնան այստեղ: Եթե երկու մարդ պետք է 30 հազար աշխատավարձով աշխատի այնտեղ, բա 90 ընտանիք, որ հող ունի, ի՞նչ պետք է անի: Ո՞վ է ասում, որ աշխատատեղ է բացվելու: Ոչ, ՓՀԷԿ-ը կառուցվելով, գյուղի աշխատատեղերը փակվելու են: Ասում են` ինչ-որ պահականեր պետք է լինեն ջրամբարի վրա, 3-4 մարդ պետք է աշխատի 30 հազար դրամով, դա աշխատատեղ չէ, դա աղքատներին ողորմություն տալ է: 90 հոգին խոտհարքներ ունեն, դա էլ աշխատատեղ է: Նորից եմ կրկնում, այն մարդը, ով ստորագրել է այդ թղթի տակ, որ համաձայն է` ՓՀԷԿ-ը կառուցվի, նա այս գյուղի թշնամին է: Անկախ նրանից, թե ով է կառուցել, պաշտոնյա է, թե ոչ, նա գյուղի վատն է ցանկանում:
Եթե 2000 դրամ նրանք պետք է ողորմություն տան մեզ, մեր 200 հազար դրամը մենք կորցնելու ենք, ո՞րն է մեր օգուտը: Ես այդ հողի վրա եմ ապրում: 6 անձից բաղկացած ընտանիքը 44 հազար դրամով պահում եմ իմ հողի հաշվին, եթե հողս վերացավ, ինձ 2000 դրամ ողորմություն պետք է տա՞ն: Չեմ ուզում այդ ողորմությունը: Ասում են` 2 միլիոն գյուղին փող կտան, բաժանենք անձի վրա 2000 դրամ փող է ստացվում:
Մարցի բնակիչ (չներկայացավ).
- Մենք գիտենք, որ մի քանի մարդիկ գումար են վերցրել եւ իրենց ստորագրությունը դրել, թե կողմ են:
ԷկոԼուրը կոչ է անում Բնապահպանության նախարարությանը եւ մյուս շահագրգիռ կողմերին կանգնեցնել «Մարցիգետ -1» փոքր ՀԷԿ-ի նախագիծը մինչեւ բնակիչների համաձայնությունը ստանալու գործընթացում կոռուպցիայի առկայության մասին եզրակացության կկայացումը: Նաեւ մենք կարծում ենք, որ եթե Բնապահպանության նախարարությանը ներկայացվեն ՓՀԷԿ-ի կառուցմանը կողմ լինելու բնակիչների ստորագրությունները, ապա բնակիչների դիմումի համաձայն, այդ փաստաթուղթը պետք է հանձնվի իրավապահ մարմիններին որպես բնապահպանական փորձաքննության եզրակացության ստացման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին իրեղեն ապացույց:
Օգոստոս 06, 2013 at 13:37




