

ԷկոԼուր
Սյունիքի մարզի Լիճք համայնքի խմելու ջրի ասբեստե խողովակաշարի 2.5 կմ երկարությամբ հատվածը հիմնովին փոխվել է: Այս մասին տեղեկացնում է www. meghrinews.com կայքը: Աղբյուրի համաձայն`խողովակների փոխման համար ֆինանսական աջակցություն են ցուցաբերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը և բարերար Արշավիր Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ԷկոԼուրին տված հարցազրույցում Լիճքի համայնքապետ Հովիկ Միրզոյանը նշել էր, որ այդ խողովակաշարը նախատեսված է եղել ոռոգման համար: Իրենք, չիմանալով դրա վտանգավորության մասին, միացրել են խմելու ջրի ցանցին: «Մենք փաստորեն դա միացրեցինք, նոր արդեն զրույցներից իմացանք, որ ընդհանրապես արգելվում է»: Երկար տարիներ պատկան մարմինների դիմելուց հետո վերջապես հարցը լուծում ստացավ:
2005 թվականից ասբեստի օգտագործումն արգելված է Եվրոպայում: Ասբեստի օգտագործումն արգելված է ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Հունաստանում, Իտալիայում, Կիպրոսում: Պատճառը մարդկանց առողջությանը սպառնացող վտանգն է: Ասբեստը խթանում է հիվանդություններ, դրանցից են ասբետոզը, թոքերի քաղցկեղը եւ այլն:
Նշենք, որ ոչ պակաս վտանգավոր են ապամոնտաժված ասբեստե խողովակները: 1999թ-ին Հայաստանը վավերացրել է Բազելի կոնվենցիան, որը ասբեստը թունավոր թափոն է համարում: Թե ինչ են արվել Լիճքի ապամոնտաժված ասբեստե խողովակները, հայտնի չէ:
Սեպտեմբեր 25, 2013 at 17:39
