ՍԿՍՎԵՑ ՍԵՎԱՆԻ ԱՎԱԶԱՆԻ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ

ՍԿՍՎԵՑ ՍԵՎԱՆԻ ԱՎԱԶԱՆԻ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ

ԷկոԼուր

Հայաստանում փոքր ՀԷԿ-երի գործունեությունը գնալով ավելի մեծ անհանգստություն  է առաջացնում: Առաջին հերթին դա կապված է գետերի ջրային հաշվեկշռի խախտման հետ, երկրորդ հերթին՝ գետաբերաններին ձվադրող ձկնատեսակների պահպանման հետ, երրորդ hերթին՝ գյուղական համայնքներին ոռոգման ջրի մատակարարման պակասեցման հետ, որոնց հողերը գտնվում են ՀԷԿ-երի համար ջուր վերցնելու  տարածքում: Փոքր ՀԷԿ-եր կառուցվում են նաև հատուկ պահպանվող տարածքներում, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ  հատուկ պահպանվող տարածքների  գլխավոր նշանակությունը էկոհամակարգի և կենսաբազմազանության պահպանմումն է, իսկ ջրային էկոհամակարգը որոշիչ դեր է կատարում դրանց պահպանման գործում:

Միայն Սևանի ավազանում՝ ներառյալ «Սևան» ազգային պարկը,  գործում է մոտ 20 ՀԷԿ: ԷկոԼուրը ներկայացնում է Սևանի ավազանի փոքր  ՀԷԿ-երի վերաբերյալ հասարակական մոնիտորինգի առաջին  փուլը, որն անցկացնում է Գավառի Օրհուս կենտրոնը (տես Գավառի Օրհուս կենտրոնի  ֆոտոռեպորտաժը):

1. «Ռեյգալ»  ՍՊԸ, «Կարճաղբյուր» ՓՀԷԿ-1, ՓՀԷԿ-2, Կարճաղբյուր գետ 
2. «Գրիգոր Թադևոսյանի Կվարց» ՍՊԸ, «Անի» ՓՀԷԿ  Կարճաղբյուր գետ
3. «Ջրասահք» ՍՊԸ, «Վարդենիկ» ՓՀԷԿ, Վարդենիս գետ
4. «Լուսակունք»  ՍՊԸ, «Այրք»  ՀԷԿ-երի  համալիր, Այրք գետ
5. «Լուսակունք» ՍՊԸ, «Ավազան» ՓՀԷԿ, Ավազան գետ
6. «Հիդրոկորպորացիա»  ՍՊԸ, «Արգիճի»  ՓՀԷԿ, Արգիճի գետ

Օրհուս կենտրոնի ներկայացուցիչները մասնավորապես պարզեցին, որ «Ռեյգալ» ՍՊԸ-ի կողմից Կարճաղբյուրում տարածքը վարձակալված է, կառավարության որոշմամբ փոխվել է հողի կարգավիճակը, և սկսվել են խողովակների անցկացման աշխատանքները: Հայտնաբերվել է եւս մեկ խնդիր՝ բնակիչներն  իրենց  բակերում ջրավազաններ են փորել  և ձուկ բուծելու նպատակով ջուր վերցրել գետից:

Օրհուս կենտրոնը նշում է, որ գոյություն չունի փոքր ՀԷԿ-երի գտնվելու վայրը նկարագրող քարտեզ, այլ միայն ներկայացվում է ՀԷԿ-ը շահագործող կազմակերպության եւ գետի անունը:
Հիշեցնենք, որ ԷկոԼուրի եւ Երեւանի Օրհուս կենտրոնի կողմից ս.թ. սեպտեմբերի 3-ին կազմակերպված՝  փոքր ՀԷԿ-երի խնդրին նվիրված կլոր սեղանի արդյունքում ԷկոԼուրը առաջարկություններ ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ մասնավորապես.

• դադարեցնել փոքր ՀԷԿ-երի կառուցման արտոնագրերի տրամադրումը մինչև իրավական հիմքի վրա չլինի խնդրի ամբողջական կարգավորումը
• մշակել կայուն զարգացմանն ուղղված ջրային ռեսուրսների կառավարման՝ իրականությանը համապատասխանող հայեցակարգ
• անցկացնել գործող փոքր ՀԷԿ-երի հասարակական մոնիտորինգ պետական տեսչական մարմինների մասնակցությամբ
• վերանայել էներգետիկ քաղաքականությունը փոքր ՀԷԿ-երի նկատմամբ` մասնավորապես սակագների ձևավորման նկատմամբ:

Նոյեմբեր 26, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր