ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐԸ ՌԵԱԼ ՎՏԱՆԳ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՍՈՒՐ ԱՂԻՔԱՅԻՆ ԻՆՖԵԿՑԻԱՆԵՐԻ ԲՌՆԿՄԱՆ ՀԱՄԱՐ

Գրիշա Բալասանյան, Հետք

Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային  տեսչության Արագածոտնի մարզային կենտրոնի պետ Ազնիվ  Թորոսյանը «Հետքի» հետ զրույցում  ասաց, որ մարզում խմելու ջուրը չի քլորացվում եւ ռեալ վտանգ կա համաճարակի բռնկման համար: «Դրա պատճառն այն է, որ հանրապետություն հեղուկ քլոր չի ներմուծվել: Դա է մեր միակ մտահոգությունը: Առայժմ աղիքային հիվանդություններ չունենք, 1-2 դեպք կարող է լինել, բայց համաճարակ չի բռնկվել: Այդ մտահոգությամբ լաբորատոր ստուգումներն ավելի հաճախակի ենք դարձրել: Մարզպետարանում նույնիսկ հատուկ քննարկում է եղել այդ հարցով»,-ասաց Ա. Թորոսյանը:
Նրա փոխանցմամբ մարզում ջրի քլորացման աշխատանքները մինչեւ այդ լավ են ընթացել եւ նման դեպքեր շատ քիչ են լինում: «Կարող եմ փաստել, որ «Հայջրմուղն» իր պարտավորությունները չի կատարել: Բայց մեղքը միայն նրանցը չէ: Մարզում կան շատ գյուղեր, որտեղ ջրամատակարարման պարտավորությունները համայնքապետարաններինն է ու նրանք պետք է զբաղվեն քլորացման աշխատանքներով, ինչը երբեմն չի արվում»,-ավելացրեց տիկին Թորոսյանը:

Քանի  որ համաճարակի վտանգը մեծ է, պետական  հիգիենիկ եւ հակահամաճարակային  տեսչության Արագածոտնի մարզային կենտրոնի պետը գրավոր գրություն է ուղարկել նաեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին, որտեղ  մտահոգություն է հայտնում մարզի  խմելաջրի որակի կապակցությամբ: Ներկայացված փաստերն ավելի քան մտահոգիչ են, քանի որ կատարված փորձաքննության արդյունքներով արձանագրվել են շեղումներ խմելու ջրի համար սահմանված նորմերի պահանջներից, որը համաճարակային առումով «ռեալ վտանգ է ներկայացնում սուր աղիքային ինֆեկցիաների բռնկման հարցում»: Ա. Թորոսյանի ասելով, ուժեղացվել է հսկողությունը մարզի 4 տարածաշրջանների  եւ նրանցում գտնվող  համայնքների կողմից  բնակչությանը մատակարարվող խմելու ջրի որակի նկատմամբ: Միաժամանակ ուժեղացվել է հսկողությունը նաեւ պարտադիր կանխարգելիչ քլորացման աշխատանքների ուղղությամբ: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում  արձանագրվել է, որ վերջին օրերին խմելու ջուրը վարակազերծման չի ենթարկվում նաեւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող համայնքներում:

«Մեր  կողմից գրվել է  գրություն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի  «Կենտրոն-Արեւմտյան» տարածքային մասնաճյուղի «Աշտարակ» տեղամասի պետին` ջրի քլորացման վերաբերյալ: Սակայն, տեղամասի կողմից ստացվել է պատասխան գրություն (20.10.09թ. թիվ 75), որում չքլորացումը պատճառաբանվում է  Հայաստանում ախտահանիչ նյութերի բացակայությամբ»,-նշված է մարզպետին ուղղված Ա. Թորոսյանի գրության մեջ:

Մարզային  կենտրոնի կողմից հոկտեմբեր ամսին  նմուշառումներ են կատարվել Աշտարակ  քաղաքի հսկողական կետերից` Աշտարակ, Գիտավան, Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ, Կարբի, Օհանավան, Սասունիկ, Շամիրամ, Դպրեւանք, Տեղեր, Արագածոտն, Կոշ համայնքներից, ինչպես նաեւ ՏԻՄ-երի կողմից  սպասարկվող համայնքներից` Լեռնարոտ, Բյուրական, Անտառուտ, Արտաշավան, Օրգով, Ագարակ, Կոշ, Արուճ, Ավան համայնքների հսկողական կետերից:

Մարզի Արագածի տարածաշրջանի Օրթաճիա-Գեղաձոր  ջրամատակարարման համակարգը (Ալագյազ, Շենկանի, Ռիա-Թազա, Վարդաբլուր, Սանգյառ, Ծաղկահովիտ համայնքներ), որը սպասարկվում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Կենտրոն-Արեւմտյան» տարածքային մասնաճյուղի կողմից, չունի «Խմելու ջուր» ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ, որակի հսկողություն սահմանված նորմերի պահանջներին, ինչպես նաեւ ջրմուղիների եւ  ջրամատակարարման աղբյուրների, խմելու տնտեսական  նշանակության ջրմուղիների եւ ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիների համար սահմանված պահանջներին: Առկա է սանիտարական գոտիների բացակայություն եւ բաց առվակով հոսելու պայման:

Նույն  իրավիճակն  է տիրում նաեւ Ապարանի եւ Թալինի տարածաշրջանների  մի շարք  համայնքներում:   Համայնքապետարանների  կողմից չի իրականացվում  ջրի կանխարգելիչ  քլորացում, արտադրական լաբորատոր հսկողություն, իսկ վթարների արձանագրման դեպքում` չի հայտնվում  մարզային կենտրոն: «Ելնելով ստեղծված համաճարակային իրավիճակի վտանգավորությունից, վիճակը վատ է նաեւ բոլոր հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական կազմակերպություններում, բուժհիմնարկներում, որտեղ չեն օգտագործվում բավարար քանակի ախտահանիչ նյութեր, որի հետեւանքով չի պահպանվում հիգիենիկ հակահամաճարակային ռեժիմը, չի կազմակերպվում դեռատիզացիոն եւ դեզինսեկցիոն աշխատանքներ»,-ասում է Ա. Թորոսյանը եւ կոչ է անում բնակչությանը մատակարարել միայն քլորացված խմելու ջուր:

Մարզպետարանի  կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սիրամարգ Ղուկասյանը իրականությանը  չհամապատասխանող որակեց այն դիտարկոււմը, թե մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական կազմակերպություններում ախտահանիչ նյութեր չկան, պատճառաբանելով, որ «մարզի դպրոցներն ունեն ախտահանիչ նյութեր եւ ամեն օր այդ նյութերով են ախտահանում խորակներն ու զուգարանները»: Մարզպետ Սարգիս Սահակյանն էլ, արձագանքելով Ս. Ղուկասյանի հայտարարությանը, ասաց, թե տեղ-տեղ խմելաջրի խողովակների վաղեմությունն անցնում է 50-60 տարին եւ այս վիճակում նույնիսկ ջրի քլորացումը չի օգնի:

Արագածոտնի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական աջակցության  պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվա  Թադեւոսյանից հետաքրքրվեցինք, թե վերջին տարիներին աղիքային հիվանդությունների  թվի ավելացում կա, թե ոչ:

«Աղիքային հիվանդությունների բռնկումներ ամառային սեզոնին լինում են, բայց դա մասայական բնույթ չի կրում: Քանի որ մեր թույլ կետը գիտենք, խնդիրը ուշադրության կենտրոնում ենք պահում: Մեր մարզի սանէպիդկայանը շատ լավ է աշխատում եւ նույնիսկ մեկ դեպքի գրանցման դեպքում լուրջ ուսումնասիրություն է կատարվում»,-ասաց Ս. Թադեւոսյանը` այդպես էլ չնշելով տարվա կտրվածքով աղիքային հիվանդությունների թիվը: Նրա փոխանցմամբ, իրենք կարող են հսկողություն իրականացնել աղբյուրներում, իսկ թե մաշված խողովակում ինչպես է ջրի որակը` չեն կարող այդ կապակցությամբ քայլեր ձեռնարկել. «Մենք կարող ենք միայն ահազանգել, ուրիշ ոչինչ»:

Զրուցեցինք նաեւ «Հայջրմուղկոյուղի» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Կամո Աղաբաբյանի հետ: Նա նշեց, որ մարզում ջրի քլորացման աշխատանքներ  կատարվում են, սակայն քիչ դոզայով: «Հանրապետությունում հեղուկ քլորի պակաս կա եւ այդ բացը լրացնում ենք քլորի փոշիով, ինչը նույն արդյունքն է տալիս: Գյուղերում ընդհանրապես հեղուկ քլոր չի օգտագործվում, միայն փոշի են օգտագործում: Արդեն ստացել ենք հեղուկ քլոր, սակայն դեռեւս քիչ քանակությամբ»,-ասաց Կ. Աղաբաբյանը:

«Մտավախություն չունե՞ք, որ քլորի պակասությունը կարող է համաճարակային իրավիճակ ստեղծել» հարցին Կ. Աղաբաբյանը պատասխանեց. «Անշուշտ վտանգ ներկայացնում է, բայց եղանակային պայմաններն այնպիսին են, որ համաճարակի բռնկման վտանգը նվազագույն մակարդակի վրա է»,-հույս հայտնեց տնօրենը:

Նոյեմբեր 26, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր