Սեւանի օկուպացիա ձկան բիզնեսով

Սեւանի օկուպացիա ձկան բիզնեսով

ԷկոԼուր

Մոնիկա Երիցյան

Արդեն մի քանի ամիս է, ինչ բուռն բանավեճերի առիթ է դարձել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը, որը բնապահպանները անվանում են «կործանարար»  և «հակազգային»:

Արդեն ակնհայտ է, որ ծրագրի ետևում կանգնած է օլիգարխների մի խումբ, որոնք, սպառելով Արարտյան հարթավայրի ստորերկրյա ջրերի պաշարները, որոշել են անցնել Սևանա լճին՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական շտեմարանին: 

Ծրագրի նպատակն է օգտագործել Սևանա լիճը ձկնաբուծական ֆերմաների համար որպես անվճար ջրի պաշար: Ծրագրի հեղինակները մտադիր են մինչև 2023 թ-ը ցանցավանդակային եղանակով հասցնել իշխանի արտադրությունը տարեկան մինչև 50 000 տոննայի: Ձկան քաշը ավելանում է արհեստական կերի հաշվին, որը պարունակում է ջրի այնպիսի աղտոտիչներ, ինչպիսիք են ազոտը և ֆոսֆորը: Լիճ կլցվի տարեկան 50 000 տոննա արհեստական կեր: Հեղինակները ստացված ձկան յուրաքանչյուր կիլոգրամից խոստանում են 200 դրամ փոխանցել Սևանի հիմնադրամին և հավատացնում են, որ 2023թ-ին հիմնադրամին արդեն փոխանցված կլինի  23 միլիարդ դրամ:

Բնապահպանների կարծիքով`  հենց այդ  23 միլիարդն է փակում պատասխանատու պաշտոնյաների աչքերը և թույլ չի տալիս տեսնել իրական վտանգները՝ ճահճացած լիճը, քաղցրահամ ջրի կորուստը:

Գոյություն ունի ծավալուն գիտական գրականություն բնական լճերում լայնածավալ ձկնաբուծության մասին: Գիտնականները և մասնագետները շեշտում են կոնկրետ ռիսկերը. օրինակ, լճերում սկսված համաճարակներ, ձկների հիվանդությունների բարձր ռիսկեր, այդ թվում` այն ձկների, որոնք գտնվում են ցանցից դուրս, արհեստական կերով աճեցված ձուկը օգտագործող մարդու առողջության համար սպառնալիքներ, ջրային էկոհամակարգերի քայքայում, որը կբերի անդառնալի վիճակի: 

Բայց սա դեռ ամբողջը չէ: Կա մեկ շատ կարևոր հանգամանք: Ծրագիրը ներկայացված է որպես պետական և բնապահպանական և պետք է ֆինանսավորվի պետական բյուջեից, այսինքն, իրականացվի հարկատուների փողերով: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ամեն հարմար պահի գովաբանում է ծրագիրը և փորձում է համոզել, որ ծրագիրը պետության և բիզնեսի լուրջ համագործակցություն է: Հասարակությունն էլ վստահ է, որ դա բիզնես նախագիծ է բնապահպանական հովանու ներքո: 

Դրանում համոզված է նաև տեղի բնակչությունը, ում ծրագրի հեղինակները խոստացել են  5000-6000 աշխատատեղ: Մարդիկ վստահ են, որ տեղի բնակչությունը կզրկվի լիճ մտնելու հնարավորությունից, որի շուրջ բնակություն են հաստատել իրենց պապերը: Լճի մի մասը օկուպացված է օլիգարխների և բարձրաստիճան պաշտոնյաների օբյեկտներով, իսկ մյուս մասը կզբաղեցնեն այդ իսկ օլիգարխների ձկան ֆերմաները: Վերջիվերջո, մարդիկ ստիպված կլինեն արտագաղթել:

Փետրվար 10, 2014 at 11:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր