

Aysor.am
«Եթե փոքր հիդրոէլեկտրակայանը չունի ավտոմատ կարգավորիչ, ապա գետի ներուժը 15-20 %-ով պակաս է օգտագործվում և այդքան էլ քիչ էլեկտրաէներգիա է ստացվում: Այս դեպքում կորցնում են և սեփականատերը, և պետությունը»,- Aysor-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ նախագահ Գրիգոր Գաբայանը:
Նշենք, որ «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ն գերմանական KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Վերականգնվող էներգիայի զարգացում» վարկային ծրագրի խորհրդատուն է:
Գ. Գաբայանի խոսքերով, այսօր շատ քիչ ՓՀԷԿ-եր ունեն ավտոմատ անջատիչներ և առավելագույնս օգտագործում են գետի ներուժը: Որպես օրինակ նա բերեց «Արնավար» ՍՊԸ կողմից կառուցված «Հեղնաջուր» ՓՀԷԿ-ը, որը 4-5 ամիս առաջ է հանձնվել շահագործման: Այն գտնվում է Ամասիայի տարածաշրջանում, համանուն գետի վրա: Կայանն ունի շուրջ 1300 Կվտ դրվածքային հզորություն և տարեկան արտադրում է 4.2 մլն էլեկտրաէներգիա: Կայանը հագեցած է չեխական Կրոսֆլո ագրեգատով, որը լիովին ավտոմատ է և, փաստացի, անձնակազմի կարիք չունի` կարողանում է ավտոատ միանալ և անջատվել: ՓՀԷԿ-ի շինարարության համար ներդրվել է 1.1 մլն եվրո:
«Բավականին թանկ է, բայց լիովին արդարացնում է իրեն: Առնվազն 30 տարի անխափան կաշխատի: Տեխնիկայի վերջին ճիչն է: Մինչդեռ, հայկական ագրեգատները 4-5 տարի անց կարիք ունեն վերանորոգման»,- վստահեցրեց Գ. Գաբայանը:
Գ. Գաբայանը նաև տեղեկացրեց, որ ներկայումս «Վերականգնվող էներգիայի զարգացում» վարկային ծրագրով շարունակվում է ևս 3` Կառակայա (Եղեգնաձոր), Ծավ (Սյունիք) և Քարագլուխ (Վայոց Ձոր), ՓՀԷԿ-երի շինարարությունը: Դրանք շահագործման կհանձնվեն 2010 թ-ին: Կայանների ընդհանուր հզորությունը կկազմի շուրջ 4000 Կվտ:
Դեկտեմբեր 16, 2009
