ՍՆԱՓԱՌՈՒԹՅԱՆ ՏՈՆԱԾԱՌ. ԵՂԵՎՆԻՆԵՐՆ ԱՉՔ ԵՆ ՇՈՅՈՒՄ, ՍԱԿԱՅՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ

Կարինե Իոնեսյան, «ԱրմենիաՆաու»

Ամանորից երեք շաբաթ առաջ Երևանի Բաղրամյան պողոտայով` Ամերիկյան համալսարանի դիմաց, բնական եղևնիների շարք է ձգվում` առաջարկելով գնել մշտադալար ծառեր, որոնք «միշտ» դալար կմնային, եթե չhատվեին տոնական առևտրի նպատակով:

Այն ժամանակ, երբ կանաչապատ տարածքները ոչնչանում են հանքարդյունաբերության զարգացման կամ պարզապես անուշադրության հետևանքով, Հայաստանում գնալով ավելանում է բնապահպանական խնդիրներին իրազեկ մարդկանց թիվը: Իսկ hատված եղևնիների տեսարանը անհանգստություն, անգամ զայրույթ է առաջացնում բնապահպանների շրջանում: Այդ եղևնիները նաև իշխանությունների ուշադրությանն են արժանացել, որոնք խոստացել են դադարեցնել առևտրային կամ անձնական նպատակներով իրականացվող ապօրինի անտառահատումներն ու ծառահատումները:

Այս հարցերի մոնիթորինգով զբաղվող ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները կարծում են, որ անօրինական հատումները լինում են դեկտեմբերի 20-ից հետո, որի համար նրանք պատրաստվում են իրենց 32 աշխատողներին ուղարկել Հայաստանի 22 անտառտնտեսություններ: Նախորդ տարի այս խումբը հայտնաբերել էր եղևնիների 14 անօրինական հատում, բայց հատողներին չէին գտել:

Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Մեժլումյանը տեղեկացնում է, որ իրենց աշխատակիցները պարզել են, որ Բաղրամյան պողոտայում (մայրաքաղաքի այն կետերից մեկն է, որտեղ եղևնիներ են վաճառում) վաճառվող տոնածառերը ներմուծվել են Գերմանիայից ու այլ երկրներից և ունեն բոլոր հաստատող փաստաթղթերը: (Ի դեպ, ՀՀ կառավարությունը չի կայացրել ո´չ եղևնիների հատումը թույլատրող որոշում, ո´չ էլ հակառակը:)

«ԱրմենիաՆաուն» հանդիպել է Բաղրամյանի մի քանի վաճառողների հետ, որոնք հաստատող փաստաթղթեր են ներկայացրել, որ իրենք տոնածառերը ներմուծել են Բելգիայից (80 կեռիկավոր եղևնի, որոնք վաճառվում են 20-100 հազար դրամով (51-260 դոլար), իսկ Ռուսաստանից`Սիբիրից և Սարատովից, բերված 800 սոճիները վաճառվում են 20-25 հազար դրամով (51-64 դոլար):

«Արդեն 3 տարի է` ինչ զբաղվում ենք տոնածառի վաճառքով: Որտեղից պատահի` բերում ենք ու վաճառում: Այս անգամ Բելգիայից ենք բերել, որովհետև այնտեղ ավելի քաղաքակիրթ ձևով է արվում: Նրանք վաճառում են, մենք էլ գնում ենք»,- ասաց 37-ամյա Վարդան Հովհաննիսյանը:

Փաստաթղթերը ցույց տալով` եղևնիների վաճառքն արդարացնում է նաև 38-ամյա Արթուր Փիլիպոսյանը:

«Դե, այստեղ արգելում են կտրել, մենք էլ արտասահմանից ենք բերում: Չնայած 4-5 տոնածառ ենք վաճառել, բայց հուսով ենք, որ բոլոր 500-ն էլ վաճառվելու են, ու մենք ստիպված չենք լինի այն օգտագործել որպես վառելանյութ»,- ասաց Փիլիպոսյանը:

«Էկոլուր» բնապահպանական ՀԿ տնօրեն Ինգա Զարաֆյանն ասում է, որ կեռիկավոր և սովորական եղևնի Հայաստանում չի աճում:

Դեկտեմբեր 18, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր