ՔԱՆԻ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՆԱԽԱՐԱՐ Է, ՆՐԱ «ԲՈՒՖԵՏՉԻԿԸ» ԲՆԱՊԱՀՊԱՆ Է՞

Էլմիրա Մարտիրոսյան, www.zhamanak.com

«Ամբողջ կյանքը ձկնագողությամբ եւ խեցգետնագողությամբ զբաղված մարդը ո՞նց կարող է հայտնվել Բնապահպանության նախարարության Գեղարքունիքի տեսչության բաժնի (ՏԲ) պետի աթոռին, կամ 20 տարվա բուֆետչիկը՝ Գեղարքունիքի ՏԲ պետի տեղակալի»:

Զարմանում է էկոլոգ-գիտնական Հենրիկ Մարտիրոսյանը, ում դոկտորական ատենախոսության թեման նվիրված է Սեւանա լճի եւ նրա ավազանի բնաշխարհի պահպանության էկոլոգիական հիմնախնդիրներին: Նրան նախարարության պատասխանատուները փոխարինել են ԲՆ Արամ Հարությունյանի մոտ 20 տարի աշխատած «բուֆետչիկով», քանի որ չի ցանկացել մասնակից լինել պետության ու բնության դեմ իրականացված հանցավոր գործարքին, որի արդյունքում, ըստ Մարտիրոսյանի, պետությանը հասցվել է 279 մլն դրամի վնաս: Ընդհակառակը, գործարքը համարելով ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր` այդ մասին նա բարձրաձայնել է իր վերադաս նախարարից մինչեւ իրավապահ մարմիններ, բայց` ոչ մի արդյունք: Իսկ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգն այն է, որ Գեղարքունիքի մարզի` Սեւանա լիճը գոտեւորող որոշ հատվածներում մարդկային գործոնի եղանակով առաջացած խորշերը, որոնք գտնվում են լճից 2300-2500 մ բարձրությունների վրա, կարող են վերածվել անկայուն ջրամբարների եւ գարնանային բուռն ձնհալից եւ տեղատարափ անձրեւներից կուտակելով մինչեւ 1.0 միլիոն խմ ջուր` առաջացնել բնական աղետներ եւ մարդկային զոհեր:

Իսկ ովքե՞ր եւ ինչպե՞ս են այդ խորշերն առաջացնում: Հենրիկ Մարտիրոսյանի մատուցմամբ` 2007թ. հոկտեմբերի 1-ից, բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության (ԲՊՏ) Գեղարքունիքի տարածքային բաժնում պետական ծառայություն իրականացնող քաղծառայողներին հարկադրաբար զրկելով իրենց իրավունքներից եւ պարտականություններից եւ հասցնելով «վասալային» կարգավիճակի` խնդիր էր դրվել, որ առանց ԲՆ աշխատակազմի ղեկավարին եւ ԲՊՏ պետին «նալոգ» տալու բաժնում գործունեություն չպետք է իրականացվի: Եվ ահա ԲՆ աշխատակազմի ղեկավարի եւ ԲՊՏ պետի հովանավորությամբ ստեղծվում է մի խումբ, որտեղ տարածքային բաժնի պետի պաշտոնում նշանակվում է քաղծառայության մրցույթով չանցած եւ ժամկետային աշխատանքային պայմանագրով լիազորություն ստանձնած Ս.Սողոմոնյանը, ընդգրկվում են տեղակալ Էլիզբարյանը, տեսուչներ՝ Ա.Խաչատրյանը եւ Ա.Պետրոսյանը: Նրանք պետք է գործողություններ իրականացնեին բնապահպանական, բնօգտագործման վճարների եւ հողերի պահպանության ոլորտում, բայց ձեռնարկեցին տրամաբանորեն հակառակ քայլեր:

2007թ. Սեւանա լճի մակարդակի աննախադեպ բարձրացման հետեւանքով, ափամերձ տարածքներում տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից տարբեր հողային տիպերի` ավազ, խիճ, կոպիճ, սեւահող, բուսահող, նկատմամբ մեծ պահանջարկ էր առաջացել` ջրասույզ լինող տարածքներն ու շինությունները հնարավորինս պահպանելու համար, ինչին քաջատեղյակ էին ԲՆ աշխատակազմի ղեկավարը եւ ԲՊՏ պետը: Նրանք, գայթակղվելով այդ յուրահատուկ բիզնեսի հնարավորություններով, եւ համաձայնության գալով Քաղծառայության խորհրդի աշխատակազմի ղեկավարության հետ` անցան գործի: Աշխատանքից ազատեցին քաղծառայող մասնագետներին` Գեղարքունիքի ՏԲ պետին եւ նրա տեղակալ Հենրիկ Մարտիրոսյանին, եւ վերոնշյալ նորաթուխ «բնապահպանական խմբի» հետ միասին սկսեցին բնաքանդությամբ զբաղվել, հովանավորների համար էլ փող աշխատել: «Սահմանվեցին» պահանջվող ապրանքների գները. մեկ ավտոմեքենան` բեռնված 10 խմ ավազով, խճով, կոպիճով կամ դրանց խառնուրդներով, արժեր 20.000 դրամ (այսինքն, 1 խմ-ն` 2000 դրամ), 10 խմ սեւահողով բեռնված ավտոմեքենան` 25.000 դրամ, 1 քմ բուսահողը (ճիմ)` 500 դրամ: Իսկ որտեղի՞ց պետք է բերվեին այդ հողատիպերը. դե, իհարկե, Գեղարքունիքի մարզի վարչական տարածքներից. Գեղարքունիքի մարզի Չկալովկա-Նորաշեն տարածքից ապօրինի արդյունահանվել է 1.300 խմ ավազ: Համաձայն «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման սակագների մասին» ՀՀ օրենքի` «Հողի ապօրինի դուրս բերած յուրաքանչյուր խորանարդ մետրի համար սահմանված է 10.000 դրամ»: Այսինքն, միայն վերոհիշյալ տեղամասում բնությանը պատճառվել է 13 մլն դրամի վնաս (1.300 խմx10.000=13.000.000): Չկալովկա համայնքում, ասֆալտի գործարանից անմիջապես վերեւ` գյուղ տանող ճանապարհի աջ մասերում, երեք տեղամասերից հանվել եւ իրացվել է շուրջ 2.340 խմ հողախառն կոպիճ, բնությանը պատճառված վնասը կազմում է՝ 23 մլն 400 հազար դրամ: Զինվորական զորամասից վերեւ բարձրացող ճանապարհից ապօրինի արդյունահանվել է 1.500 խմ խիճ, ավազակոպիճ, վնասը` 15 մլն դրամ: Եվ այսպես, տարբեր տեղերում տարբեր չափերի խորշեր առաջացնելով` 279 մլն-ի վնաս են պատճառել բնությանը: 2007թ. 3-րդ եւ 4-րդ եռամսյակների իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունների ընդունման գործընթացում, խախտելով բազմաթիվ նորամատիվ իրավական ակտերի պահանջներ, խումբը պետությանը հասցրել է խոշոր չափերի նյութական վնասներ: Եվ հետաքրքիրն այն է, որ 2007թ. հոկտեմբերից ՏԲ-ում ստեղծված կաթվածային իրավիճակին իրավական գնահատական տալու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով` Հենրիկ Մարտիրոսյանը բնապահպանության նախարարից հանձնախումբ է խնդրել, որն ապահովելու փոխարեն, ԲՆ աշխատակազմի ղեկավարն է իր հրամանով հանձնախումբ ուղարկել, որը չարաշահումները բացահայտելու փոխարեն, լծվել է Հ.Մարտիրոսյանի 9 ամսվա` արդեն մի քանի անգամ ստուգված գործունեությունը մեկ անգամ եւս ստուգելու գործին: «Դրան հաջորդում է ՀՀ ՔԾԽ-ում պատվիրված ծառայողական քննությունը՝ ԲՆ աշխատակազմի ղեկավարի դիմումի հիման վրա, որով պատվիրվել էր ինձ (Հ.Մ.-ին) պաշտոնից հեռացնել` այն դեպքում, երբ ես 2007թ. հոկտեմբերի 24-ից մինչեւ 2008թ. հոկտեմբերի 24-ը, այսինքն՝ 1 տարվա ընթացքում, նույնիսկ նախազգուշացում չունեի: Եվ ՀՀ ՔԾԽ-ն, իր «հանճարեղ» աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ՝ դեկտեմբերի 13-ի որոշմամբ անթերի կատարեց պատվիրատուի պատվերը, հիմնվելով ՀՀ ՔԾՄ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում տեղ գտած սողանցքի վրա (սույն` «ի» ենթակետի տակ ոչինչ չի հասկացվում, թե քաղծառայողը ի՞նչ կարգապահական խախտում պետք է կատարի կամ կատարված խախտումը ի՞նչ ծանրության պետք է լինի, որ քաղծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի դիմումի հիման վրա լինի ՔԾԽ-ի համաձայնությունը: Ահա այս սողանցքն է, որ նպաստում է պաշտոնական դիրքի չարաշահումներին, կաշառակերությանը, անօրինական եւ հանցավոր հատկանիշներով գործողությունների կատարմանը», -դժգոհում է գիտնականը: Բայց սա դեռ ամենը չէ. նախարարության կամայականությունների արդյունքում Հ.Մարտիրոսյանը նյութական վնաս էլ է կրել. գործուղումների համար նախատեսված գումարները, պարգեւավճարները, տարածքային բաժնի վարձակալական վճարները, որոնք վերադասի հրահանգով իր գրպանից է վճարել, Մարտիրոսյանը չի կարողանում վերադարձնել կամ ստանալ, թեեւ ձեռքի տակ օրինական ուժի մեջ մտած վճիռներ ունի: Չի բացառվում, որ իրեն աշխատանքից ազատելու օրենքի սահմանադրականության հարցը նա վիճարկի նաեւ ՍԴ-ում:

Դեկտեմբեր 21, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր