

Panorama.am
IFC-ի` (International Finance corporation) Համաշխարհային բանկի և Ամերիա բանկի միջև ստորագրվեց 15 մլն դոլարի վարկի տրամադրման մասին պայմանագիր:
Պայմանագիրը ստորագրեցին Ամերիա բանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը և IFC Կովկասյան տարածաշրջանի տնօերն Թոմաս Լյուբեքը: Վարկն ուղղվելու է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ծրագրերի` մասնավորաբար երկարաժամկետ ֆինանսավորումով փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար:
«Այս պայմանագիրն արդեն թվով երկրորդն է, առաջինը մենք ստորագրել ենք հուլիսին. այն իրենից ներկայացնում էր առևտրի ֆինանսավորման երաշխիք` 5 մլն դոլարի չափով»,-ստորագրման արարողությունից հետո լրագրողներին հայտնեց Արտակ Հանեսյանը:
Թոմաս Լյուբեքը հավելեց, որ այս վարկավորման պայմանագիրը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում IFC-ի մեծ ծրագրի մի մասն է:
Նկատենք, որ վարկավորված ծրագրերի արդյունքում ակնկալվում է, որ ածխաթթու գազի արտանետումները կկրճատվեն մոտավորապես տարեկան 30 հազար տոննայով:
Ինչպես հավաստեց Արտակ Հանեսյանը արդեն իսկ կան 8 նախագծեր, որոնք բանկի կողմից ընդունվել են հետագա վարկավորման նպատակով, դրանց ընդհանուր արժողությունը 12, 5 մլն դոլար է կազմում:
Վարկերը տրամադրվելու են տարեկան 10-12% տոկոսադրույքով, 8 տարի մարման ժամկետով, արտոնյալ ժամկետը` 3 տարի: Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման այս ծրագրի շրջանակներում սպասվում է ևս 10 մլն դոլար նոր վարկային պայմանագիր, սակայն երբ և ում հետ Ա. Հանեսյանը դեռևս չմանրամասնեց:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՀԷԿ-ԵՐԻ ՀԻԴՐՈՊՈՏԵՆՑԻԱԼԸ 500 ՄԼՆ ԿՎՏ/ԺԱՄ Է
Aysor.am
«Հանրապետության հիդրոպոտենցիալը գնահատված է շուրջ 500 մլն Կվտ/ժամ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրություն: Այսօրվա դրությամբ արտադրվում է 335-340 մլն Կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Այսինքն, դեռևս կա 150 մլն Կվտ/ժամ-ի պոտենցիալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` պատասխանելով Aysor-ի հարցին, թե փոքր ՀԷԿ-երի առումով հիդրոպոտենցիալը որքա՞ն է կազմում և ի՞նչ միջոցներ են նախատեսվում ձեռնարկել ոլորտի խթանման համար:
Նախարարի խոսքերով, դեռևս խնդիրներ չկան և ոլորտը շարունակում է զարգանալ: Ունենք 70 կառուցվող ՓՀԷԿ-եր, օրենսդրական և տնտեսական դաշտը բավականին բարենպաստ են այս ոլորտի զարգացումներն ապահովելու համար:
«Դրա համար տնտեսական քաղաքականություն փոփոխելու կարիք չկա առայժմ և ապագա ժամանակահատվածում չի լինի: Խոչընդոտող որևէ բան այս պահին ես չեմ տեսնում»,- ասաց Ա. Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ 2010 թ. հունվարի 1-ին ՀՀ-ում կգործեն 81 փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնց գումարային հզորությունը կկազմի մոտ 101 Մվտ և տարեկան կարտադրեն մոտ 357 մլն Կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Միևնույն ժամանակ կառուցման փուլում կգտնվեն 71 ՓՀԷԿ-եր, որոնց ընդհանուր հզորությունը կկազմի 161 Մվտ և տարեկան կկարողանան արտադրել 572 մլն Կվտ/ժամ էլեկտրաէներգիա:
Դեկտեմբեր 24, 2009
