

ԷկոԼուր
ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս, մաթեմատիկոս Ռուբեն Համբարձումյանն առաջարկում է ջուրն ամբարելու այլընտրանքային տարբերակ: Ակադեմիկոսի առաջարկած տարբերակում ձյունն ամբարելու համար կարևոր գործոն է սավան հիշեցնող սպիտակ ծածկոցը: «Freeze water» (սառեցրած ջուր) ծրագրի շրջանակներում, որի համակարգողն է Ռ. Համբարձումյանը, Արագածի հարավային գագաթնամերձ լանջին իրականցվում են ձնամբար ստեղծելու փորձերը: «Սա շվեյցարահայկական նախագծի շարունակությունն է, որն անցյալ տարի քննարկվել է ՀՀ ԳԱԱ-ում անցկացված կլոր սեղանի ժամանակ: Սինթետիկ ծածկոցները Շվեյցարիայի նվերն են, որոնք հնարավորություն կտան ձմռանը կուտակել ձյունը, ամբարել այն սառույցի տեսքով և օգտագործել սակավաջուր սեզոնին մի քանի նպատակներով,- ասաց Ռուբեն Համբարձումյանը հունիսի 26-ին ծրագրի փորձնական փուլի բացման ժամանակ,- Այդ ծածկոցները Շվեյցարիայում հատուկ մշակվել են դահկուղիների համար: Իսկ մեր նպատակը ձնամբարներ ստեղծելն է: Ջրամբարը թանկ հաճույք է, իսկ ձնամբարը՝ համեմատաբար էժան: Եթե վերցնենք տոկոսային առումով ջրի քանակությամբ հավասար ջրամբար և ձնամբար, վերջինը կարժենա ջրամբարի 5 տոկոսը: Եթե նախագիծն աճի, այն կարող է ծառայել դահուկային սպորտի համար, որը պետք է լինի ոչ թե մասնավոր, այլ պետական, քանի որ Արագածը պատկանում է ժողովրդին, իսկ եկամուտն էլ կարող է օգտագործվել նախագիծն ընդլայնելու համար: Եթե մենք ամբողջ այս գագաթը ծածկենք, պատկերացրեք, որքան ջուր կամբարենք և օգոստոս ու սեպտեմբեր ամիսներին, երբ ջուր չկա, կօգտագործեն և փոքր հիդոեէլեկտրակայանների համար, և ոռոգման նպատակներով: Այդ ծածկույթի տակ ձյունը սառույցի է վերածվում»:
Ռ. Համբարձումյանը նշեց, որ պետք է Հայաստանում կազմակերպել այդ նյութի արտադրանքը: Հարցին, թե ի՞նչ նյութից է բաղկացած տվյալ ծածակոցը, Ռ. Համբարձումյանը պատասխանեց. «Շվեյցարիայի գաղտնիքն է»:
Նրա կարծիքով՝ ծրագրի փորձնական փուլի բացումը առիթ է` հրավիրել կառավարության ուշադրությունը տվյալ հարցին:
«Մենք դեռ ունենք պահպանված նախորդ տարվա ձյունը ծածկոցի տակ,- ասաց ծրագրի աշղեկ Լուսակ Անդրեասյանը,- Ձնհալի ջրերը լցվում են Վիշապ լիճը, իսկ լճի ջուրը գնում է մինչև Բյուրական և այլ համայնքներ: Եթե կարողանանք ավելի մաշտաբային դարձնել ծրագիրը, ապա կկարողանանք զգալի չափով լուծել սակավաջրության խնդիրը»: Նրա խոսքով՝ ծրագիրն ավելի մաշտաբային դարձնելու համար անհրաժեշտ է համապատասխան արդիական տեխնիկա:
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող Վիկտոր Արզումանյանի կարծիքով ձնամաբարներ ստեղծելը մեծ հեռանկար ունի: «Այստեղ պահանջվող ներդրումները փոքր են: Ջրամբար փորելը բերում է լուրջ էկոլոգիական հետևանքների: Իսկ ձնամբարի պարագայում դա չկա»,- ասաց Վ. Արզումանյանը:
Հուլիս 03, 2014 at 14:13













