

ԷկոԼուր
«Ողջ կյանքի ընթացքում ես նման բան չեմ տեսել, որ էս ձեւի ոչնչանա»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Արզնի գյուղի բնակիչը, ով Հրազդան գետում ձկների մասսայական ոչնչացման ականատեսն էր դարձել: «ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ հունվարի 23-ին: Մեկնելով դեպքի վայր` Արզնու ձոր, մենք տեսանք գետի հատակը` ծածկված սատկած ձկներով, ծովախեցգետիններով եւ գորտերով: Սեւանյան որորներն արդեն երրորդ օրն էր, սնվում էին գետի մակերես բարձրացած սատկած ձկներով:
Դեպքի վայրում հանդիպեցինք ՀՀ բնապահպանության նախարարության տարածքային բնապահպանական պետական տեսչության ներկայացուցչին: Տեսուչի խոսքերով` նախնական ստուգումը ցույց տվեց, որ դեպքի տարածումն ընդգրկում է գետի մոտ 500մ հատվածը: «Հուսով եմ, որ այս ամենը տեղական բնույթ է կրում», - ասաց տեսուչը:
Տեղի բնակիչներն անչափ անհանգստացած են: «Ամենայն հավանականությամբ սա թունավորում է: Արդեն խոսակցություններ կան, որ քլոր են լցրել գետի մեջ, բայց քլորի նման չէ: Մենք ամբողջ օրն այստեղ ենք եւ հետեւել ենք իրավիճակին: Եթե քլոր լիներ, ապա գոնե հոտը կզգացվեր: Մեզ մոտ սեզոնին օրական մոտ 1000 մարդ է գալիս: Մեր երեխաները լողանում են գետում: Ոչ մի տեղեկատվություն չկա: Գուցե սա մեծ վտանգ է ներկայացնում»:
ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանը հայտնեց, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը ներկայումս Հրազդան գետի ջրի նմուշի եւ սատկած ձկների անալիզ է անում: «Մենք անալիզների արդյունքների մասին ԶԼՄ-ների միջոցով հասարակությանը տեղյակ կպահենք»,- ասաց Պապոյանը: Նրա խոսքերով` արդյունքները ցույց կտան, թե ինչ մասշտաբներ է ընդգրկել դեպքը, եւ ուրիշ ինչ գերատեսչություններ պետք է ներգրավվեն:
Տե՛ս նաեւ «ԷկոԼուր»-ի ֆոտոռեպորտաժը:
Հունվար 25, 2010
