ՄԵՂՐԻ ՀԷԿ-Ը ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԿԼԻՆԻ ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Արմենուհի Մելքոնյան, Հայաստանի Հանրապետություն

Էլէներգիայի տարեկան արտադրությունը՝ 840 մլն կՎտժ

Հայ—իրանական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստից հետո ստորագրված փաստաթուղթը նախատեսում է երեք կարեւորագույն ռազմավարական ծրագրեր, որոնց իրագործման դեպքում ավելի դրական էական տեղաշարժեր կարձանագրվեն երկու երկրների տնտեսական հարաբերություններում։ Այդ ծրագրերից մեկը Մեղրի ՀԷԿ—ի կառուցումն է։ Խոսքը Արաքսի ջրային ներուժի գործածմանն է վերաբերում։ Այս ծրագրի մասին արդեն մի քանի տարի է խոսվում է, բայց այն նոր—նոր է գործնական փուլ մտնում։ Տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներն ավարտված են, տեխնիկական ուսումնասիրությունները՝ նույնպես։ Կա կառուցման սխեմայի վերաբերյալ նախնական փաստաթուղթը։ Երկու ամիս ժամկետ է տրված վերջնական ուսումնասիրության համար։ Ի՞նչ է ենթադրում այս ծրագիրը։

Ընդհանրապես, մեր երկրի ջրային պաշարների տեսական մեծությունը գնահատվում է 21.8 մլրդ կՎտժ, տեխնիկապես մատչելի ներուժը՝ 7—8 մլրդ կՎտժ։ Տնտեսապես հիմնավորված ջրային ներուժը կազմում է մոտավորապես 3.6 մլրդ կՎտժ, որից 1.5 մլրդ կՎտժ—ն արդեն յուրացված է, իսկ մնացյալ մասի յուրացումն ակնկալվում է առաջիկա 15 տարիների ընթացքում։ Այդպիսի արտադրանք, ըստ մասնագետների, հնարավոր է ստանալ 1. օգտագործելով գոյություն ունեցող հիդրոէլեկտրակայանների համալիրները՝ Սեւան—Հրազդանի ու Որոտանի, 2. օգտագործելով փոքր ՀԷԿ—երը, 3. կառուցելով նոր խոշոր ՀԷԿ—եր՝ Մեղրիի (հզորությունը՝ 140 ՄՎտ, էլէներգիայի տարեկան արտադրությունը՝ 840 մլն կՎտժ), Լոռիբերդի (հզորությունը՝ 60 ՄՎտ, էլէներգիայի տարեկան արտադրությունը՝ 200 մլն կՎտժ), Շնողի (հզորությունը՝ 75 ՄՎտ, էլէներգիայի տարեկան արտադրությունը՝ 300 մլն կՎտժ)։ Իսկ փոքր ՀԷԿ—երի տնտեսապես հիմնավորված ներուժը 800—850 մլն կՎտժ է, որից 200—220 մլն կՎտժ—ն արդեն արտադրվում է առկա փոքր ՀԷԿ—երում։

Մեղրի ՀԷԿ—ը խոշոր ՀԷԿ է լինելու։ Դեռ 1995թ. երկու կողմերն էլ՝ եւ հայկական, եւ իրանական, պատրաստակամություն են հայտնել համատեղ գործածել գետի՝ մոտավորապես 40 կմ երկարությամբ հատվածը։ Հենց այդ տարում էլ «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունը մշակեց գետի ջրային պաշարի յուրացման հայեցակարգը, ըստ որի՝ յուրաքանչյուր կողմի համար նախատեսված էր համարժեք էջքերի գործածումը (200 մ էջքի ընդհանուր մակարդակից հայկական եւ իրանական կողմերը կարող են գործածել 100—ական մ)։

2000թ. նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու եւ համակարգելու նպատակով ստեղծվեց հայ—իրանական տեխնիկական կոմիտե։ 2003թ. հաստատվեց ջրային ներուժի գործածման սխեման, որի համաձայն երկու ՀԷԿ—եր պետք է կառուցվեն. մեր երկրի տարածքում Մեղրի ՀԷԿ—ը եւ Իրանի տարածքում Ղարաչիլարի ՀԷԿ—ը։ Ու դեռ 2005թ. որոշած տեխնիկատնտեսական տվյալների համաձայն այսպես պետք է լիներ 1. Մեղրի ՀԷԿ—ի թունելի տրամագիծը 8.5մ, ջրի հոսքը՝ 160 խմ վայրկյանում, հզորությունը՝ 2 x 70 ՄՎտ, էլէներգիայի տարեկան արտադրանքը՝ 841.6 մլն կՎտժ։ 2. Ղարաչիլարի ՀԷԿ—ի թունելի տրամագիծը՝ 8.7մ, ջրի հոսքը՝ 170 խմ վայրկյանում, հզորությունը՝ 2 x 70 ՄՎտ, էլէներգիայի արտադրանքը՝ 794.8 մլն կՎտժ։ Թե վերջնական ուսումնասիրության ընթացքում տեխնիկատնտեսական տվյալների առումով ինչ կփոխվի, պարզ կդառնա։

Համենայն դեպս, մեր մասնագետները պնդում են, որ Մեղրի ՀԷԿ—ը տեխնիկատնտեսական ցուցանիշներով լավագույնը կլինի Հայաստանի էներգահամակարգում, ու դրա կառուցումն էլ զգալիորեն կավելացնի Իրան—Հայաստան միջպետական էլեկտրահաղորդման գծերի թողունակությունը, նաեւ կամրապնդի հայկական էներգահամակարգի աշխատանքի հուսալիությունը։

Փետրվար 11, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր