

Սառա Պետրոսյան, Հետք
«Ազատ գետում կատարված ջրաչափումները հաստատեցին՝ գետում բավարար քանակի ջուր չկա «Քաղցրաշենի» ծրագիրն իրագործելու համար» «Հետքի» հրապարակումից հետո Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի 2015 թ. օգոստոսի 21-ի հրամանով հանձնաժողով է ձեւավորվել, իրենց ասելով` «Ազատ գետում լրացուցիչ ջրաչափումներ իրականացնելու, ներառյալ՝ Ազատ գետից ջրառների եւ ելքերի ուսումնասիրություն կատարելու համար»:
Ազատ գետում վերջին չափումը կատարվել էր դրանից 5 օր առաջ` օգոստոսի 16-ին եւ կրկին ջրաքանակի շարունակական նվազում էր գրանցվել` 1,30 լ/վրկ: Չափումներ իրականացնող մասնագետները վերջնականապես համոզվել էին, որ 850լ բնապահպանական թողքը պահպանելուց հետո գետում ընդամենը 450 լ/վրկ ջուր է մնում, որի պարագայում իրենց համար շատ ցանկալի «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի իրագործումն անհնարին է:
Համենայնդեպս, ամիսներ շարունակ ջրաչափում իրականացնողներն այդ համոզմունքն ունեցան` իրենց արձանագրած տվյալների հիման վրա: Չափումներին հետեւում էին Գառնի գյուղի բնակիչները եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչը: Հուլիսի կեսերից գետում առկա ջրաքանակը հեռու էր պահանջվածից եւ հրաշք չէր կարող տեղի ունենալ, որովհետեւ գետը սնուցող վտակներն արդեն ցամաքել էին:
Օգոստոսի 21-ին Ազատի կիրճ ժամանած հանձնաժողովականների խնդիրը, ինչպես պարզվեց, ոչ թե մեկ անգամ եւս չափումներով գետի իրական ջրաքանակի մեջ համոզվելն էր, այլ` խարդավանքով իրենց ցանկալի թիվն արձանագրելը:
![]() |
Գառնի գյուղը նույնպես ոռոգման ջուրը վերցնում է Ազատ գետից: Այդ օրն առավոտից դադարեցվել էր գյուղի ոռոգման ջուրը: Ջրաչափման ժամանակ պարզվել էր, որ «Ոռոգում» ԾԻԳ-ի ենթակա Ջրօգտագործողների ընկերության աշխատակիցները գյուղի ոռոգման ջուրը փակել են ու լցրել Ազատ գետը, որպեսզի ջրաչափում իրականացնող հանձնաժողովականները կարողանան իրենց վերադասներին գոհացնող ջրաքանակ ցույց տալ:
Գառնիի մի խումբ բնակիչներ, որոնք ջրաչափումը դիտարկելու նպատակով գտնվել են Ազատի կիրճում, նկատել են, որ գետում այդ օրը սովորականից ավելի ջուր կա, մի բան, որ անհնարին է օգոստոս ամսվա վերջին: Հասկանալով կատարված խարդավանքը եւ հանձնաժողովականների հետ վիճաբանելով կատարվածի շուրջ` նրանք կրկին բացել են գյուղի ոռոգման ջրի ակունքը, որից հետո չափումներ իրականացնողները գետում ավելի քիչ ջուր են գրանցել, քան 5 օր առաջվա ցուցանիշն էր` 1260 լ/վրկ: Սա նշանակում է, որ բնապահպանական թողքից հետո գետում այդ օրը եղել է ընդամենը 410 լ/վրկ ջուր, իսկ օգոստոս ամսին պահանջված ջրաքանակն, ըստ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ ծրագրի` 980 լ/վրկ է (տես` աղյուսակի 10-13 էջերը):
![]() |
Այս ամենից հետո «Ոռոգում» ԾԻԳ-ի ղեկավարությունը քննարկում է հրավիրում եւ, ինչպես Ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրեն Ֆելիքս Մելիքյանն է իր հրապարակման մեջ նշում, համոզմունք է հայտնում, որ ««Քաղցրաշենի» ծրագիրը կենսունակ է» եւ իրենք արդեն ծրագրի իրականացման մրցույթ են հայտարարել:
|
Օգոստոսի 20-ին «Հետքի» աշխատակիցները նկարահանումներ են կատարել Ազատի կիրճում: Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի
ԾԻԳ-ի տնօրենին ու նրա վերադասներին, իրականում, ծրագրի կենսունակության համոզիչ ցուցանիշներ պետք էլ չեն, ուստի իր հրապարակման մեջ նա ավելի շատ պատճառաբանություններ է բերել, թե ինչու Ազատ գետը բավարար ջրի պաշար չունի. «ընդ որում, հիշեցնում ենք, որ ջրաչափության տվյալները գրանցվել են եզակի անբարենպաստ տարվա համար` ակնհայտ հեռու միջին վիճակագրականից …», «նման սակավաջուր տարում, ինչպիսին 2015 թ.-նն է…», «ընդ որում, փաստացի ջրաչափությունն իրականացվել է հիդրոլոգիական դիտակետից վերեւ ընկած հատվածում ջրօգտագործման ոչ պատշաճ կառավարման եւ թույլատրված ջրաքանակից ավել ջրառ իրականացնելու պայմաններում …» եւ այլն:
![]() |
![]() |
Ծրագրի իրականացման շուրջ ծագած վիճաբանության երկար ու ձիգ ամիսներին մեզ չհաջողվեց գտնել մի մասնագետ, որը կտար բոլորին շատ հուզող հարցի պատասխանը` Հայաստանում հաջորդ տարին ջրառա՞տ կլինի, թե` ոչ: Ավելին, բոլորի կողմից ընդունելի եւ հարգված մասնագետը` տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլիկ Սարգսյանը մեր հարցմանը պատասխանեց. «Ոչ ոք չի կարող ասել, թե երբ կավելանա ջրի քանակությունը, նման ուսումնասիրություն չկա, դեռեւս նվազման միտում կա եւ դժվար է ասել, որ ջրային պաշարների վերականգնում է սպասվում: Այսօրվա դրությամբ ջրի մակարդակն աստիճանաբար նվազում է՝ կապված կլիմայի փոփոխության հետ, որովհետեւ ապացուցված է, որ վերջին 100 տարում ջերմաստիճանը բարձրացավ 6 աստիճանով, դա նշանակում է՝ գոլորշիացումն ավելացավ, իսկ տեղումները պակասել են 10%-ով, որի հետեւանքով 100 տարվա ընթացքում ջուրն էլ պակասեց»:
Ուրախ կլինենք, եթե որեւէ մեկը մեզ` Հայաստանի բնակիչներիս եւ հենց Ֆելիքս Մելիքյանին կկարողանա ասել, թե ինչպիսի տարի է մեզ սպասվում 2016թ.-ին, 2017թ.-ին եւ հետագա բոլոր տարիներին, գոնե առաջին 5 տարվա կտրվածքով, որպեսզի անիմաստ չդառնա դեռեւս մասնագիտական հիմնավորում չգտած «Քաղրաշենի» ծրագրի համար հայտարարված մրցույթը:
Իր հրապարկման մեջ Ջրային տնտեսության ծրագրի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) ղեկավարը մի սայթաքում է թույլ տվել` մատնելով ծրագրի իրականացումով շատ շահագրգիռ անձանց մտադրությունները:
«Ընդ որում, փաստացի ջրաչափությունն իրականացվել է հիդրոլոգիական դիտակետից վերեւ ընկած հատվածում ջրօգտագործման ոչ պատշաճ կառավարման եւ թույլատրված ջրաքանակից ավել ջրառ իրականացնելու պայմաններում»,- ասում է նա:
Սրանով փաստում են, որ առաջիկայում պատրաստվում են կրճատել գյուղին հասանելիք ոռոգման ջուրը, որպեսզի խողովակներով կարողանան ջուր մղել Արտաշատի գյուղերը: Եթե համոզված են, որ Գառնիում թույլատրված ջրաքանակից ավելի ջրառ է իրականացվել, ուրեմն խնդրում ենք, իբրեւ ոլորտի պատասխանատու, պարզեք, թե ամռան շոգ ամիսներին ինչո՞ւ գառնեցիներին գոնե ամիսը մեկ անգամ իրենց հողատարածքները ոռոգելու հնարավորություն չի ընձեռվել:
Օգոստոսի 21-ին հանձնաժողովի կատարած քայլով իսպառ ջնջեցիք հավատը, որ բնակչությանը թույլ կտրվի վերահսկել գետի թողքը: Հաստատեցիք, որ խողովակներն անցկացնելուց հետո ոչ միայն Ազատ գետն եք ջրազրկելու, այլեւ ձեզ ցանկացած պահի ողջ գյուղը կզրկեք ոռոգման ջրից, որպեսզի Արտաշատի գյուղերում էժան ջուր կարողանան օգտագործել:
Նկատի ունեցեք եւս մեկ փաստարկ, նույն Ազատ գետից օրինական ջուր վերցնելու թույլտվություն ունեն նաեւ Գառնիի ֆերմերները` նրանցից մեկին` 80 լ/վրկ է հատկացված, երկրորդին` 60, երրորդին`120-150 լ/վրկ ջուր: Այսինքն, նշված ջրաքանակները վերցնելուց հետո գետում ընդամենը 200-250 լ/վրկ ջուր է մնում: Ի՞նչ տրամաբանությամբ նրանց պետք է արգելվի ոռոգել իրենց հողատարածքները, եթե ծրագրի խնդիրը գյուղացիական տնտեսություններին ջուր մատակարարելն է: Կառավարության համար արտաշատցի ֆերմերներն առավելությո՞ւն ունեն:
Ֆելիքս Մելիքյանն իր հրապարակման մեջ անդրադառնում է նաեւ իմ երկրորդ հարցադրմանը` Ազատի կիրճում գտնվող 4 բնական հուշարձանների ճակատագրին եւ հետեւյալն է գրում. «Եթե հեղինակն, այնուամենայնիվ, տրամադրի դրանց տեղադիրքերը, զբաղեցրած տարածքների չափերը եւ կոորդինատները, որոնք հստակեցված եւ որոշված չեն պետական լիազոր մարմնի կողմից, ապա, «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ-ը պատրաստակամ է լրացուցիչ ուսումնասիրությունների»:
Ուզում եմ հայտնել, որ ես Հայաստանի կառավարությունը չեմ: Դուք եք հայտարարել «Քաղցրաշենի» ծրագիրն իրագործելու մասին եւ այս նախադասության մեջ թվարկել եք այդ հարցով բոլոր պատասխանատուներին: Եթե նրանց հետ չեք ճշտել դրանց տեղադիրքերը, ինչպե՞ս եք իրականացնում ծրագիրը: Այդ բոլորը ոչնչացնելու գնո՞վ:
Խարդավանքներով նման պատասխանատու ծրագիր հիմնավորելը, եթե մտահոգիչ չէ Հայաստանի կառավարության համար, ապա պատիվ չի բերում Համաշխարհային բանկին, որն իր մանդատով է հռչակել էկոլոգական եւ սոցիալական խնդիրների կարեւորությունը: Չձեւավորելով մասնագիտական համոզմունք եւ ավելին, համոզված լինելով այդ անհեռանկար ծրագրում, ինչպե՞ս եք հաստատում այն:
Գլխավոր լուսանկարում՝ Ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրեն Ֆելիքս Մելիքյանը
Սեպտեմբեր 10, 2015 at 14:54




