

ԷկոԼուր
Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի նոր սեփականատեր «Քոնթուր Գլոբալ» ընկերությունը ցանկության դեպքում կարող է գրավադրել հիդրոկասկադի մեջ մտնող ջրամբարների պատվարները: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում նշեց ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Արա Հովսեփյանը:
Նշենք, որ հիդրոկասկադի կազմի մեջ են մտնում ռազմավարական նշանակություն ունեցող չորս ջրամբարներ՝ Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի, Շամբի, և շուրջօրյա կարգավորման մեկ ավազան:
«Ընդհանուր առմամբ կառույցը կառավարությանն է, բայց ընկերությունը սեփականատերն է, ինքն է շահագործում այն: Բոլոր հիդրոկառույցները, այդ թվում պատվարները, թունելները՝ ճնշումային, ոչ ճնշումային, ընկերությանը պատկանում են կառուցապատման իրավունքով: Մենք չենք կարող վաճառել այն, բայց կարող ենք, օրինակ, գրավադրել և դրա դիմաց վարկ վերցնել: Ջրամբարը ոչ, բայց, միանշանակ, կարող ենք ջրամբարի պատվարը գրավ դնել», - ասաց Արա Հովսեփյանը:
Հաջորդ հարցին՝ ընկերությունն ինչ չափով է պատասխանատվություն կրում ջրամբարների անվտանգության համար, Արա Հովսեփյանը պատասխանեց. «Մենք պատասխանատվություն ենք կրում անխափան աշխատացնել Որոտանը, ապահովել, որ Որոտանը երբևիցե չկանգնի»:
Ջրամբարների անվտանգության հարցի վերաբերյալ ԷկոԼուրը զրուցեց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի հետ: «Եթե նա գրավ է դնում ջրամբարի պատվարը, նշանակում է՝ գրավ է դնում ամբողջ ջրամբարը: Եվ քանի դեռ գումարը չեն վերադարձրել, ջրամբարի տերը գումար տվողն է», - ասաց Հակոբ Սանասարյանը:
Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի առքուվաճառքի պայմանագիրն ընկերության ներկայացուցիչ Արա Հովսեփյանը համարում է փոխշահավետ գործարք երկու կողմերի համար: Հանրության համար այն այդպես էլ մնաց ստվերային և մութ գործարք: ՀՀ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքով՝ Որոտանի կասկադի նման յուրահատուկ կառույցը վաճառվել է ջրի գնով, այն բացարձակապես համարժեք չէ 180 միլիոն դոլարի: Որոտանի համալիրի սեփականաշնորհումն անօրինական է գնահատել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ Հայաստանի էլեկտրագեներացիայի ամենագրավիչ միավորը վաճառվում է ծայրահեղ կասկածելի ձևով՝ անտեսելով օրենսդրության պահանջները: Իսկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Որոտանի համալիրի վաճառքը որակել է որպես դարի հանցագործություն:
Հիշեցնենք, որ «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր»-ի գույքի առուվաճառքի պայմանագիրը` 180 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ, ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Սասուն Խաչատրյանը 2014 թվականի հունվարի 29-ին:
Հոկտեմբեր 15, 2015 at 13:32
