«Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ-ն պարզաբանումը` ուղղված Ասիական զարգացման բանկի տնօրենին

«Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ-ն պարզաբանումը` ուղղված  Ասիական զարգացման բանկի տնօրենին

ԷկոԼուր

«Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ-ն նամակ է ուղղել Ասիական զարգացման բանկի

տնօրեն պարոն Դեյվիդ Դոուլին: Սա ընկերության պատասխանն է «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արշավիր Խալափյանի նամակին` ուղղված Ասիական զարգացման բանկի տնօրեն պարոն Դեյվիդ Դոուլին` կապված սույն թվականի սեպտեմբերի 18-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում նախատեսված «Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ-ի միջոցառման հետ:

«Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ-ի տնօրեն Վ.Հովասափյանի նամակում մասնավորապես ասված է.

« Հարգելի պարոն Դոուլ 

Ձեզ ենք դիմում Կապանի «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արշավիր Խալափյանի կողմից Ձեզ հղված նամակի բովանդակության որոշ անճշտությունների հերքման հարցով: Նամակի մասին տեղեկացել ենք Էկոլուր ՀԿ-ի կայքից՝ (29 սեպտեմբեր, 2015թ․):

Նամակը վերաբերվում է ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից իրականացող «ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՍԵԿՏՈՐԻ ԾՐԱԳԻՐ – ԼՐԱՑՈՒՑԻՉ  ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ» ծրագրի բաղադրիչ Բ-ով՝ Շինարարական աշխատանքների իրականացում “Կարողությունների զարգացում և հանրային իրազեկման արշավ”, նախատեսված հանրային իրազեկման քարոզարշավի շրջանակներում 18.10.2015թ.-ին Կապան քաղաքում իրականացված միջոցառմանը։ Իրականում հանդիպման բուն նպատակն է եղել իրազեկել շահառուներին շինարարական  աշխատանքների վերաբերյալ և հարց ու պատասխանի/քննարկումների հնարավորություն ընձեռել ծրագրի մասնակից կողմերին։

            Ներկայացնում ենք որոշ պարզաբանումներ միջոցառման կազմակերպման և անցկացման վերաբերյալ.

  1. Ս.թ. սեպտեմբերի 8-ին ծրագրի խորհրդատու ՀԳՇՆ ՍՊԸ-ի հասարակայնության հետ կապերի մասնագետ Հասմիկ Ասլանյանի կողմից հեռախոսային կապ է հաստատվել Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանի հետ (քաղաքապետը գտնվում էր արձակուրդում): Առաջարկվել  է սեպտեմբերի 14-18 կամ 23-25 օրերի ընթացքում կազմակերպել միջոցառում՝ «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավման-լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շինարարարության փուլի աշխատանքների վերաբերյալ շահառուներին իրազեկելու նպատակով:  Պարոն Ռուդոլֆ Սարգսյանը միջոցառման անցկացման համար օր է  նշանակել սեպտեմբերի 18-ը, ժամը 14:30-ը, վայրը՝ Կապանի քաղաքապետարանը: Սեպտեմբերի 18-ի առավոտյան ժամը 10-ին Ռուդոլֆ Սարգսյանին հեռախոսով հիշեցվել է,  այնուհետև քաղաքապետարանում անձամբ հանդիպել և միջոցառման անցկացման վերաբերյալ պայմանավորվել է Հասմիկ Ասլանյանը: Փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ հրավիրելու է լրատվամիջոցների, ՀԿ-ների ներկայացուցիչներին և այն բնակիչներին, ովքեր ունեն դժգոհություններ ծրագրի աշխատանքների վերաբերյալ:
  2. Հանդիպման մասին քաղաքապետարանը հավանաբար նույն օրն է տեղեկացրել տեղի որոշ ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, այն դեպքում, որ փոխքաղաքապետը 10 օր առաջ էր տեղյակ այդ միջոցառման մասին։ Այս փաստն արդարացիորեն ՀԿ-ների շրջանում դժգոհությունների առիթ է հանդիսացել։ 
  3. Նշանակված ժամին միջոցառմանը մասնակցում էին Կապանի քաղաքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետը, ՀՋԿ ՓԲԸ-ի «Կապան» տեղամասի պետը, «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ կապալառու կազմակերպության գլխավոր ճարտարագետը, աշխղեկը և շինարարներ, Կապանի Օրհուս կենտրոնի համակարգողը, «Խուստուփ» ԲՀԿ-ի և «Մեղու» ՀԿ-ի նախագահները, Կապանի «Կենտրոն» համատիրության, «Բազալտ ԷՄ» ՍՊԸ-ի, Խուստուփ TV-ի, «Սյունյաց» երկիր մարզային թերթի ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, ՀԳՇՆ ՍՊԸ-ի տեխհսկիչը և հասարակայնության հետ կապերի մասնագետը, նաև Կապանի այլ ՀԿ-ների ներկայացուցիչներ և մասնակիցներ, որոնք չեն գրանցվել։
  4. Ինչպես նշված է նամակում, մասնակիցներին բաժանվել է տեղեկատվական թերթիկներ և հանդիպման մասնակցության գրանցաթերթիկ, որը վերնագրված է եղել «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր. Բաղադրիչ Բ. Կարողությունների զարգացում և հանրային իրազեկման արշավ»: Միջոցառման սկզբում ներկայացվել է, որ հանրային իրազեկում և քննարկում (հարց ու պատասխան) է անցկացվելու ծրագրի շինարարության փուլի աշխատանքների վերաբերյալ: Որոշ ՀԿ-ների ներկայացուցիչներ՝ շահարկելով «հանրային քննարկում» բառակապակցությունը, նույնացնելով այն «հանրային ծանուցում, քննարկումներ և լսումներ» եզրույթի հետ,  պահանջեցին հետաձգել հանդիպումը, քանի որ իրենք ուշ են տեղեկացվել և պատրաստված չեն քննարկումն անցկացնելու համար: Նրանք հանրային իրազեկման արշավի քննարկումները շփոթել  էին հանրային լսումների և քննարկումների հետ, ակնկալելով դրանց անցկացումն օրենքով նախատեսված կարգով։
  5. Չնայած ՀԳՇՆ-ի ներկայացուցչի պնդումներին, որ նրանք հրավիրված են իրազեկման արշավի, այնուամենայնիվ ՀԿ-ների ներկայացուցիչները և Կապանի Օրհուս կենտրոնի համակարգողը լքեցին դահլիճը՝ չօգտագործելով իրենց հետաքրքրող հարցերն ու խնդիրները  բարձրացնելու առիթը։  
  6. Հանդիպման մասնակիցների համար  հրաշալի հնարավորություն էր ստեղծված միաժամակակ հանդիպելու և՛ նախագծողի, և՛ շինարարի, և՛ տեխնիկական վերահսկիչի և՛ շահագործողի հետ։ Նրանք հնարավորություն ունեին տեղեկատվություն ստանալ ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքի, ծավալի և որակի մասին, քննարկել շինարարության փուլում ընթացող աշխատանքները և պարզաբանել իրենց հետաքրքրող հարցերը, քանի որ ներկա էին ծրագրի իրականացման բոլոր կողմերը՝ պատվիրատուն, խորհրդատվական կազմակերպության տեխհսկիչը, շինարարական կազմակերպության ղեկավարները, աշխղեկը:
  7. Ի գիտություն կապանցիների, հանրային սեկտորի ներկայացուցիչները, ինչպես նաև համայնքի բնակիչները կարող են ցանկացած ժամանակ իրենց մտահոգությունները, դիտողությունները և հուզող հարցերը ներկայացնել պատվիրատուին և խորհրդատվական կազմակերպությանը: Այդ հանդիպման կազմակեպչական թերությունները (թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ), դեռևս հիմք չեն հանդիսանում կասկածի տակ առնելու ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման որակը և հատկացված ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ ծախսելը:
  8. Ի հավելում վերոնշյալի, հարկ ենք համարում տեղեկացնել, որ գրեթե մեկ տարի է, ինչ Կապանում շինարարական աշխատանքներ են իրականացվում, սակայն ո՛չ պատվիրատուն, ո՛չ էլ խորհրդատվական կազմակերպությունը որևէ հարցում չեն ստացել Կապանից։ Բնականաբար անհիմն ենք համարում «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արշավիր Խալափյանի պնդումները, թե իբր «․․․հնարավոր չէ լիարժեք և անկողմնակալ տեղեկատվություն ստանալ ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի, ծավալի և որակի մասին»։ 
  9. Ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ ծախսելը չի առնչվում պրն. Խալափյանի նամակում բարձրացված հարցերի հետ: Ֆինանսական միջոցները ծախսվել են և շարունակվում են ծախսվել համաձայն նախագծի ֆինանսական և տնտեսական հիմնավորումների բաժնում բերված ցուցանիշների: Ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետության այլ տեսակետներ ունենալու պարագայում անհրաժեշտ է դա հիմնավորել ֆինանսական և տնտեսական հաշվարկներով»:

Հոկտեմբեր 20, 2015 at 17:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր