

Լարիսա Փարեմուզյան, Հետք
Վերջին օրերին հորդառատ անձրևներից վարարել է Դեբեդը: Այն քանդել է Ալավերդու «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող «Մետալուրգ» մարզադաշտը և նրա հարևանությամբ գտնվող բնակիչների սեփական այգիները գետից պաշտպանող հենապատերը:
Ամեն տարի գարնան առաջին օրերին, երբ Դեբետը վարարում է, քանդում էր իր պատնեշները, լցվում և գրեթե ծածկում քաղաքի Սանահին կայարանային թաղամասի գետամերձ շենքերի բակերը, գետի ափամերձ տարածքում կառուցված բնակիչների խորդանոցները: Լցվում էր նաև նույն բնակելի շենքերի առաջին հարկերը: Այս պահին, թեև Դեբեդը վարարել է, սակայն նշված թաղամասի շենքերին ու խորդանոցներին դեռևս չի սպառնում:
ԳԵՏԸ ՓՈԽԵԼ Է ՀՈՒՆԸ
Ա1+
Լոռու մարզի տարբեր համայնքներում սաստիկ քամիները բավական մեծ ավերածություներ են առաջացրել, մասնավորապես Նոր Խաչակապ համայնքի մերձակայքում բարձրացել է Դեբեդ գետի ջրի մակարդակը, որի արդյունքում գետը փոխել է հունը և լցվելով երկաթգծի տակ, առաջացրել փլուզման վտանգ:
Ժամանակավորապես դադարեցվել է երկաթուղային երթևեկը, ջրից ազատելու և այն բնականոն գրաֆիկով վերակագնելու նպատակով:
Իրավիճակին տեղում ծանոթանալաու նպատակով համայնքներ են այցելել մարզի ղեկավարը, ՀԿԵ ՓԲԸ «Վանաձոր» գծակայարանային միավորման ղեկավարությունը:
Ինչպես նշել է Լոռու մարզի փրկարար վարչության պետ, Փրկարար ծառայության գնդապետ Հրաչ Անտոնյանը վարչությունում ահազանգեր են ստացվել Վանաձոր, Քարաբերդ, Ալավերդի համայնքներից: Ուժեղ քամիները բավականաչափ վնասել են նաև Մեծ Պարնի համայնքին, մեծապես տուժել են բնակելիներ, և գյուղի դպրոցի տանիքը: Հրաչ Անտոնյանի խոսքով, վնասի չափերը դեռևս ճշգրտվում են:
Մարտ 18, 2010
