ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ

ԷկոԼուր

Սույն թվականի մարտի 22-ին` ժամը 10:30, Թեքեյան կենտրոնում կմեկնարկի Ջրի համաշխարհային օրվան նվիրված կլոր սեղանը: Քննարկմանը կմասնակցեն ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարությունների, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, գիտական ինստիտուտների, «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ:  Կլոր սեղանի ընթաղցքում կներկայացվեն Հայաստանի մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների որակական ցուցանիշները, Հայաստանի մակերևութային ջրերի որակի ստանդարտների առաջարկվող համակարգը, խմելու ջրի որակի ստանդարտներ և առողջապահական հարցեր, Հայաստանի բնակչությանը մատակարարվող խմելու ջրի որակի ցուցանիշները, Հայաստանի հանքարդյունաբերության ազդեցությունը ջրային ռեսուրսների որակի վրա, ջրային ռեսուրսների աղտոտման անդրսահմանային ազդեցությունները, ջրային ռեսուրսների աղտոտման կանխարգելման տնտեսական մեխանիզմները  եւ այլ հիմնախնդիրներ:

Կլոր սեղանի կազմակերպիչներն են` Ազգային ջրային համագործակցությունը, ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը, «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն», «Կայուն ջրային միջավայր» ՀԿ-ները և ՋԻՆՋ ինժեներախորհրդատվական ընկերությունը: Միջոցառումը կանցկացվի «Գլոբալ ջրային համագործակցություն» միջազգային ցանցի ֆինանսական աջակցությամբ:

Ջուրը կարևոր և անփոխարինելի բնական պաշար է, որը կյանքի հիմքն է Երկրի վրա: Այն մեծ դեր ունի ֆիզիկական և քիմիական միջավայրի, կլիմայի և եղանակի ձևավորման գործընթացում: Երկիր մոլորակի քաղցրահամ ջրի պաշարների (2.5 %) միայն 0.26%-ն է մատչելի օգտագործման համար, իսկ մնացածը կազմում են սառցաշերտերն ու լեռնային սառցաբեկորները:

Գյուղատնտեսական` մասնավորապես ոռոգելի հողագործության ինտենսիվ զարգացման, Երկրի բնակչության աճի և ուրբանիզացիայի հետևանքով մեր մոլորակի վրա հսկայական տեմպերով աճում է ջրօգտագործումը: Միաժամանակ աշխարհում մոտ 1.1մլդ բնակչության համար (17%) մատչելի չէ անվտանգ խմելու ջուրը,  մոտ 2.6մլդ (40%) բնակիչ զուրկ են խմելու ջրի մաքրման անհրաժեշտ ծառայությունից և տարրական սանիտարական պայմաններից: Մոտ 3.1մլն մարդ, որոնց 90%-ը մինչև 5 տարեկան երեխաներ են, ամեն տարի մահանում են վատ որակի ջրի հետ կապված հիվանդություններից:

Ջրի համաշխարհային խորհրդի կողմից հաշվարկվել է, որ 2025 թվականին Երկրի բնակչության կեսը կտառապի ջրի անբավարարությունից, եթե զարգացած երկրները չփոխեն իրենց առաջնահերթությունները և երկրագնդի աղքատ տարածաշրջաններում ներդրումային ազդեցությունները: Այս առումով խիստ անհրաժեշտություն է առաջացել համաշխարհային հանրության ուշադրությունը  հրավիրել այն հիմնախնդիրներին, որոնք կապված են ջրային ռեսուրսներով ապահովվածության և նրանց վիճակի, ջրօգտագործման քաղաքակիրթ ձևերի վրա, ինչպես նաև մշակել ու ներդնել մի շարք միջոցառումներ` ուղղված քաղցրահամ ջրի որակի և քանակի պահպամանն ու բարելավմանը:

Դրանից ելնելով, դեռևս 1992թ.-ի ամռանը Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի «Շրջակա միջավայր և զարգացում» գիտաժողովը որոշում ընդունեց սահմանել ջրի համաշխարհային  օր: Եվ արդեն 1993թ-ի փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 22-ը հռչակեց Ջրի միջազգային օր:

Յուրաքանչյուր տարի Ջրի համաշխարհային օրը նվիրվում է որևէ հրատապ խնդրի: 2007թ-ը կրում էր «Պայքար ընդդեմ ջրի սակավության» խորագիրը, 2008թ-ը հռչակվեց «Սանիտարիայի տարի», իսկ, 2009թ-ը հայտարավեց անդրսահմանային ջրային ռեսուրսների տարի և կրում էր «Ընդհանուր ջրեր` ընդհանուր հնարավորություններ» խորագիրը:

Այս տարի ջրի համաշխարհային օրվա թեման է ջրի որակը և այն կրում է «Մաքուր ջուր` առողջ աշխարհի համար» կարգախոսը:  Այն նպատակ ունի.

• բարձրացնել հասարակության իրազեկությունը էկոհամակարգերի առողջության և մարդկանց բարեկեցության ապահովման կարևորության մասին, ինչին կարելի է հասնել` լուծելով ջրի որակի աճող հիմնախնդիրները ջրային ռեսուրսների կառավարման գործընթացում

• բարձրացնել ջրի որակի կարևորության վերաբերյալ գիտակցությունը` ամբողջ աշխարհում խրախուսելով կառավարություններին, կազմակերպություններին, համայնքներին և անհատներին, որպեսզի նրանք այս հարցում ունենան ակտիվ դիրքորոշում և իրականացնեն այնպիսի  միջոցառումներ, ինչպիսիք են աղտոտման կանխումը, աղտոտված ջրերի մաքրումն ու վերականգնումը:

Մարտ 18, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր