ՄԱՐՏԻ 22-ԻՆ «ԱՐԵՎՈՐԴԻ» ԷԿՈ-ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ԿՏՈՆԵՆ ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ

ՄԱՐՏԻ 22-ԻՆ «ԱՐԵՎՈՐԴԻ» ԷԿՈ-ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ԿՏՈՆԵՆ ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ, «Արևորդի» էկո-ակումբ

«Արևորդի» էկո-ակումբները մարտի 22-ին կնշեն Ջրի համաշխարհային օրը:

Գյումրիի էկո-ակումբը կհրապարակի ջրի սպառմանն առնչվող հետազոտության արդյունքները
    
Մարտի 22-ին` ժամը 13:00, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ Գյումրիի թիվ 30 միջնակարգ դպրոցում կնշվի Ջրի համաշխարհային օրը: Կցուցադրվի Գեղարքունիքի մարզի Նորատուսի էկո-ակումբի սաների նկարահանած «Ջրի ճամփան»  20 րոպե տևողությամբ ֆիլմը, որին կհաջորդեն բնապահպանական` մասնավորապես ջրի հիմնախնդիրներին առնչվող քննարկումներ:
    
Միջոցառման ընթացքում Գյումրիի էկո-ակումբի երեխաները կամփոփեն իրենց անհատական հետազոտության արդյունքները. երեխաներրը 1 շաբաթ շարունակ օրական կտրվածքով գրառել են ջրի այն ծավալը, որն օգտագործում են իրենց ընտանիքները` լվացվելու, լոգանքի, լվացքի, սպասքի լվացման և ճաշ պատրաստելու համար: Ըստ այդ հետազոտության` ակումբի սաներն ընդհանրացրել են տվյալները` հանգելով միջին պատկերի: Փոքրիկ հետազոտողները համեմատության համար փորձել են հաջորդող  շաբաթն էլ խնայողաբար օգտագործել ջուրը, ինչի արդյունքում պատկերը զգալիորեն փոխվել է:

Միջոցառման ավարտին կանցկացվի մրցույթ, թե ով ջրի խնայողության ամենաօպտիմալ տարբերակը կներկայացնի. Հաղթողները կպարգևատրվեն:
 
Երևանի  էկո-ակումբը կծանոթանա Երևանի ջրարտադրման և ջրամատակարարման գաղտնիքներին

Մարտի 22-ին` ժամը 10:00-17:00, Երևանի Թեքեյան կենտրոնում (Խանջյան 50) տեղի կունենա Ջրի համաշխարհային օրվան նվիրված կլոր սեղան-քննարկում, որին կմասնակցեն նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի էկո-ակումբների սաները: Կցուցադրվի Նորատուսի էկո-ակումբի նկարահանած «Ջրի ճամփան»  20 րոպե տևողությամբ ֆիլմը: Միաժամանակ կցուցադրվեն դպրոցականների` «Ջուրը երեխաների աչքերով» խորագրով գունանկարները և «Արևորդի» փառատոնի  շրջանակում կազմակերպված «Մեր առաջին տարրը`կովկասյան ջուր» լուսանկարչական ցուցահանդես-մրցույթից ընտրված լուսանկարները:
     
Կլոր  սեղանը կազմակերպում են «Ազգային ջրային համագործակցություն», «Կայուն ջրային միջավայր», «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» հկ-ները, «ՋԻՆՋ» ինժեներախորհրդատվական ընկերությունը և ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը:

Երևանի էկո-ակումբի սաներն այդ օրը կմասնակցեն նաև «Երևան Ջուր»  ընկերության նախաձեռնած այցելությանը Կաթնաղբյուր` ծանոթանալու ջրարտադրման և ջրամատակարարման գաղտնիքներին: Երեխաները կտեսնեն, թե ինչպես է կատարվում Երևան քաղաքի ջրի մատակարարումը` ակունքից մինչև բուն հասցեատեր:

Դիլիջանի  էկո-ակումբը կկազմակերպի  բաց դաս` ջրի թեմայով


Մարտի 22-ին` ժամը 15:00, Դիլիջանի էկո-ակումբում  (Շահամբերյանի անվան գեղարվեստի դպրոց) կկայանա բաց դաս, որի ընթացքում ակումբի սաները թեմատիկ տեսաշարով կներկայացնեն ջրի խնդիրը: Կցուցադրվի նաև ջրի խնդիրն արծարծող վավերագրական ֆիլմ:

Մարտ 22, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր