ՋՐԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՐՎՈ՞Ք Է

Ա1+

Ծորակից հոսող ջրից կարելի է հասկանալ, թե Հայաստանում ջրամատակարարման համակարգն ինչ վիճակում է: Այս կարծիքին են ջրի ոլորտի հայ մասնագետները, որոնք այսօր կլոր սեղանն-քննարկում էին կազմակերպել` նվիրված Ջրի համաշխարհային օրվան:

2010թ-ն նվիրվել է ջրի որակին եւ կրում է «Մաքուր ջուր` առողջ աշխարհի համար» կարգախոսը: Պատահական չէ այս կարգախոսի ընտրությունը: Ջրի համաշխարհային խորհրդի տվյալներով` աշխարհի բնակչության 17 տոկոսի համար մատչելի չէ անվտանգ ջուրը, 3,1 մլն մարդ, հիմնականում մինչեւ 5 տարեկան երեխաներ, ամեն տարի մահանում են անորակի ջրից ծագած հիվանդություններից:

Խորհուրդը կանխատեսում է, որ 2025թ.-ին երկրագնդի բնակչության կեսը կտառապի ջրի անբավարարությունից:

Կլոր սեղանի մասնակիցները կարծում են, որ ջրի որակն առավել մտահոգիչ է հանրապետության այն բնակավայրերում, ուր զարգացած է հանքարդյունաբերությունը:

Ջուրը հատկապես վտանգված է Սյունիքի մարզում, որտեղ գործում են Կապանի եւ Քաջարանի հանքալեռնային կենտրոնները:

Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնն այս գործարաններում փորձաքննություն է իրականացրել: Պարզվել է, ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց կրտսեր գիտաշխատող Օլգա Բելաեւան, արդյունաբերական հոսքաջրերը առանց մաքրման, անարգել խառնվում են մակերեւութային ջրերին, արդյունքում` վարակվում է այդ ջրով ոռոգված այն բերքը:

«Բազմաթիվ մետաղներ գերազանցում են սահմանային թույլատրելի չափաքանակները: Սնդիկի նորման կարտոֆիլի, լոբիի, գազարի, կանաչեղենի դեպքում գերազանցում է 20-51 անգամ»,- ընդգծեց Բելաեւան: Ըստ որոշ տվյալների` Սյունիքում ի տարբերություն մյուս մարզերի, չբերության մակարդակն ավելի բարձր է:

ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աիդա Կետիկյանն էլ նշեց մի շարք խախտումներ ու թերացումներ, որոնց պատճառով վտանգվում է խմելու ջրի որակը: Օրինակ` քայքայված են ջրամատակարարման համակարգերը, որի պատճառով հաճախակի են լինում վթարներ, իսկ նորոգման աշխատանքները ոչ միշտ են ցանկալի արդյունքներ տալիս եւ այլն:

Հայտնաբերած խախտումների համար նախարարությունը սահմանել է տուգանքներ: 2009թ. 45 տնտեսվարող սուբյեկտներում իրականացված ստուգումների արդյունքում սահմանվել է 1 մլն 890 հազար դրամի չափով տուգանք: Խմելու ջրից վերցված 89 194 նմուշներում մանրէաբանական ստուգման արդյունքում հայտնաբերվել է 18 815 կամ 20 տոկոս շեղում: Երեւանը համեմատաբար բարվոք վիճակում է` անցած տարի շեղումերն այստեղ եղել են 0,5 տոկոս, որը լավ ցուցանիշ է համարվում: Ջրի որակի շեղումներ ամենից շատ հայտնաբերվել են Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի մարզերում:

Մարտ 24, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր