

ԷկոԼուր
«Գյուղացուն ոռոգման նպատակով վճարովի ջուր հատկացնելը հսկայական կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Այդ ռիսկերն առաջանում են ոչ միայն վարձվող վճարներից, այլ նաև պետական բյուջեից գումարներ վատնելուց, որոնք պետությունը դոտացիա է տալիս՝ իբր գյուղացիների ջրի վարձի կուտակված պարտքերը մարելու համար»,- ասաց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած «Էկոլոգիական քաղաքականության բարելավման և կանաչ տնտեսության զարգացման խնդիրները հանքային և ջրային ռեսուրսների շահագործման ոլորտում» խորագրով աշխատաժողովի ժամանակ:
«Մենք առաջարկել ենք կառավարությանը ջուրն անվճար հատկացնել գյուղացիներին և դրան զուգահեռ բարձրացնել հողի վարձը: Այս դեպքում կմեծանա համայնքի բյուջեն: Եվ այն դոտացիան, որը պետությունը տալիս է համայնքային զարգացման համար, համայնքը կարող է չվերցնել և ստանալ հողի վարձի գումարներից», - ասաց Մարատ Գրիգորյանը:
Ըստ նրա՝ այսօր ՋՕԸ-երն են տնօրինում գյուղատնտեսության ոլորտը և որոշում՝ կզարգանա այն, թե՝ ոչ: Սա Մարատ Գրիգորյանն անթույլատրելի համարեց՝ նշելով, որ համայնքի ղեկավարը պետք է պատասխանատու լինի գյուղատնտեսության իրականացման և զարգացման համար:
Դեկտեմբեր 13, 2016 at 14:12
