

ԷկոԼուր
«Եկեք խնայենք ջուրը»: Այս կարգախոսով մենք դիմավորում ենք Ջրի համաշխարհային օրը 2017 թվականին: Մարդկության առաջ խնդիր է դրված մի կողմից նվազեցնել ջրի կորուստները, մյուս կողմից ավելացնել նրա կրկնակի օգտագործման ծավալը:
Ջրի կորուստները տեղի են ունենում հիմնականում կոյուղաջրերի և արդյունաբերական հոսքաջրերի պատշաճ մաքրման բացակայության պատճառով, կոմունիկացիաներում կորուստներով, տեխնոլոգիաների բացակայության պատճառով, որոնք թույլ կտային արդյունավետ օգտագործել երկրորդային ջուրը ձեռնարկություններում և տնտեսություններում:
Այսպես, hամաշխարհային մասշտաբով հոսքաջրերի 80%-ը ներծծվում է հողում` վնասակար ազդեցություն ունենալով շրջակա միջավայրի վրա: Արդյունքում 1.8 միլիարդ մարդ օգտագործում է կոյուղաջրերով աղտոտված ջուր, ինչը խոլերայով, դիզենտերիայով, տիֆով և այլ վտանգավոր ինֆեկցիաներով վարակվելու բարձր ռիսկեր է ստեղծում: Արդյունաբերական թափոնները շարքից հանում են ամբողջ գետեր և լճեր` վերածելով դրանք նավթային թափոնատարերի կամ պոչատարերի:
Հայաստանը, որն ունի յուրահատուկ համային որակներով բազմաթիվ մայր աղբյուրներ, բացառություն չէ, և այժմ խնդիրներ ունի ինչպես ջրի պակասի առումով, այնպես էլ ջրի որակի վատթարացման առումով:
Հայաստանում ոռոգվող տարածքները կազմում են կադաստրային ոռոգելի տարածքների 47 %-ը: Սա նշանակում է, որ սակավահող Հայաստանում գյուղատնտեսական հանդակների ավելի քան 50%-ը չի օգտագործվում:
Հատկապես տուժում են Արարատյան դաշտի համայնքները, որոնք զրկվել են ջրից ձկնային օլիգարխների կողմից ջրի գերշահագործման պատճառով: Օրինակ, Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքը շուրջ 25 տարի չունի խմելու ջուր` սկսած 1992 թ-ից: Գյուղատնտեսական հանդակներում մոլախոտ է աճում:
Ջրի ծախսի նկատմամբ վերահսկողությունն արդյունավետ չէ: ՀՀ բնապահպանության նախարարության տվյալներով` Հայաստանում շուրջ 754 տնտեսվարող սուբյեկտ աշխատում է առանց ջրօգտագործման թույլտվության: Դրա հետ մեկտեղ պլանային տեսչական ստուգումները տնտեսվարող սուբյեկտներում արգելվել են վերջին 2 տարիների ընթացքում:
Ժամանակակից մաքրման կայաններ չկան: Աշխատում է միայն մեխանիկական մաքրման կայանը, որը պահում է աղբը: Արդյունքում խիտ բնակեցված շրջաններով հոսող բոլոր գետերը քաղաքներից դուրս գալուց հետո ունենում են ամենաբարձր` 5-րդ դասի աղտոտվածություն:
Հանքարդյունաբերական ձեռնարկություններին և նրանց մոտակա համայնքներին ջուր մատակարարող գետերն աղտոտված են տոքսիկության տարբեր աստիճան ունեցող մետաղներով:
Տեղի բնակչությունն օգտագործում է այդ գետերի ջուրը և ստանում է հիվանդությունների հավաքածու և ծանր մետաղներով աղտոտված գյուղմթերք:
Արդյունքում մարդկանց սոցիալական մակարդակն ընկնում է:
Հիդրոէներգետիկայի ոլորտը նոր է սկսում ջրհոսքի կարգավորման և այլ միջոցառումների իրականացման գործողությունների պլան ուրվագծել, որը պետք է պահպանի գետային էկոհամակարգը:
Բարձր հիդրոէներգետիկ ծանրաբեռնվածություն ունեցող գետերն արդեն սկսել են փոխել իրենց ֆիզիկաքիմիական ցուցանիշները, ինչպես օրինակ, Եղեգիս գետը:
Մենք պետք է պահպանենք ջրի նկատմամբ հիմնարար իրավունքը և պահանջենք պետությունից քայլեր` ուղղված ջրի պահպանմանն ու ռացիոնալ օգտագործմանը: Հակառակ դեպքում մեր տեղը սակավաջուր երկրների վարկանշային ցուցակում ամեն տարի կփոխվի:
Մարտ 22, 2017 at 11:27
