

www.1in.am
Օգոստոփսի 22-ին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաղորդավար Նվեր Մնացականյանը բնապահպանական ահազանգ հնչեցրեց: «Մեծ Պարնիի չռիկի» (ինչպես ասում են մեծպառնեցիները) շուրջ կատարվում է շինարարություն, որն անմիջականորեն կվտանգի ջրվեժի էկոհամակարգը:
Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ նախօրեին մի քանի ընկերների հետ, որոնց թվում է եղել նաև բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, Երևանից գնացել են վերջինիս ծննդավայր՝ Մեծ Պարնի՝ տեսնելու տեղի հայտնի ջրվեժը:
«Սարերի հետևում բարձրլեռնային ջրերը գալիս հավաքվում ու հրաշալի մի ջրվեժ են առաջացնում, որը հազարամյակների պատմություն ունի: Գնացինք ու հանկարծ տեսանք ջրվեժի կողքին շինարարություն է գնում ջրվեժի հունը փոխելու նպատակով»,- զայրացած ասաց Ն. Մնացականյանը՝ հիշեցնելով, որ այդպիսի մի բան ուզում էին անել Եղեգնաձորում, սակայն բարձրացված աղմուկի պատճառով այն հաջողվեց կանխել:
«Այն ժամանակ նպատակը հիդրոկայանի կառուցումն էր: Հիմա նույնն ուզում են անել այս ջրվեժի հետ: Ջրվեժը մի հրաշք է, Շաքիից մեծ և գեղեցիկ: Հունը փոխում են, որ ջուրը խողովակներով իջեցնեն ձորը՝ հիդրոկայան կառուցելու նպատակով»,- հայտնեց Ն. Մնացականյանը՝ ընդգծելով, որ հիդրոէլեկտրակայան հնարավոր է կառուցել առանց ջրվեժը քանդելու:
«Ջուրը կարելի է ջրվեժից ներքև վերցնել ու կառուցել: Կորուստն այդքան մեծ չի լինի, և որ կարևոր է՝ ջրվեժը չի վերանա»,- ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ հունը փոխելու պարագայում ջրվեժը կդադարի գոյություն ունենալուց, կփոխվի ամբողջ էկոհամակարգը: Նա նաև նշեց, որ իրենց չի հաջողվել անուններ պարզել, միայն գյուղապետի հետ զրույցում վերջինս ասել է, թե իրենք իրենց ուժերով չեն կարողացել դրա «դեմն առնել»:
«Լկտիություն է բառի բուն իմաստով»,- ասաց հաղորդավարը՝ ընդգծելով, որ դրանով անդառնալիորեն կկորցնենք ջրվեժի ամբողջ էկոհամակարգը:
Շինարարության արդյունքում ջրվեժը՝ որպես այդպիսին, կվերանա:
Ջրվեժին ձեռք տալը մեծագույն հանցագործություն է բնության դեմ
www.1in.am
Ուզում ենք Հայաստանը դառնա զբոսաշրջային երկիր, սակայն ի՞նչ ենք ցույց տալու, եթե բոլոր ջրվեժները մտցնենք խողովակների մեջ: Բացի դրանից՝ ջրվեժի ջուրը շրջակա միջավայրը, մթնոլորտը խոնավացնում է: Գետի մեջ առկա բուսական ու կենդանական աշխարհն էլ կվերանա: Անդրադառնալով Մեծ Պարնի գյուղի մոտ գտնվող ջրվեժի՝ Թռչկանի շուրջ ընթացող շինարարությանը, որի նպատակը հիդրոէլեկտրակայանի կառուցումն է, «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց ջրաբան-էկոլոգ Քնարիկ Հովհաննիսյանը:
«Ջրառման, ջրօգտագործման, բնապահպանական փորձաքննության թույտվություններ պետք է լինեն: Հակառակ պարագայում այդ շինարարությունը համարվում է անօրեն: Ինչի մեր կառավարությունն այս մի՞ սխալն է անում, չորս կողմը սխալներ են»,- նշեց Ք. Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ջրվեժին ձեռք տալը բնապահպանական տեսանկյունից «շատ մեծ, անթույլատրելի սխալ է»: «Դա կլիմայի վրա է ազդում, կենսաբազմազանությունն է վտանգվում: Եղած բնական աշխարհը կվերանա: Հիմա էլ ջրվե՞ժն են փող սարքում: Սոսկալի բան է»,- անհանգստացած ասաց ջրաբան-էկոլոգը:
«Ջրվեժին ձեռք տալ չի կարելի: Դա էսթետիկական, գեղագիտական արժեք է: Իբր այդպիսի շա՞տ տեսարժան վայրեր ունենք: Որպես ջրաբան-էկոլոգ գտնում եմ, որ դա մեծագույն հանցագործություն է բնության դեմ»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ այս պարագայում էլեկտրաէներգիա ստանալու այլ աղբյուրներ կան՝ սկսած արևից, քամուց, ատոմակայանից, որի երկրորդ բլոկն է շահագործվելու մոտ ապագայում:
Օգոստոս 25, 2011 at 13:37
