Հերմոնի բնակիչներ` մեր իրավունքները պաշտպանեք կառավարությունում, այլ ոչ այստեղ

Հերմոնի բնակիչներ` մեր իրավունքները պաշտպանեք կառավարությունում, այլ ոչ այստեղ

ԷկոԼուր

«Ինչի՞ չեք գնում` մեր շահերը կառավարությանը ներկայացնեք, ասեք, որ ՀԷԿ կառուցողները թող անվճար հոսանք տան համայնքին կամ մի քիչ էժան լինի: Դուք եկել եք այստեղ, մեր շահերն եք ուզում պաշտպանել, բայց ոնց որ դրա կարիքը չկա: Կոնկրետ այդ ՀԷԿ-ը գյուղացիներին վնաս չի տալիս: ... Այն անձնավորությունը, որ ՀԷԿ-ն ուզում է կառուցել, նույն անձնավորությունը պահել է բնությունը եւ կենդանաբանությունը: Բայց եթե ՀԷԿ սարքելով ինքը պիտի վնաս տա, ես հաստատ գիտեմ, որ վնաս չի տա»: Այսպիսին է Հերմոն գյուղի բնակիչների ընդհանուր դիրքորոշումը, որը նրանք հայտարարեցին մարտի 19-ին` «Նանե» փոքր ՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումների ժամանակ: Լսումները կազմակերպել էր «Արատեսէներջի» ՍՊԸ-ն (սեփականատերը` Հովիկ Օհանյան) եւ Հերմոնի գյուղապետարանը, գյուղապետ` Գայ Օհանյանը: Լսումներին մասնակցում էին «Արատեսէներջի» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դավիթ Օհանյանը, Հերմոնի բնակիչները, Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Նարեկ Բեգլարյանը, նախագծող Ստեփան Պապիկյանը, Բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննության ներկայացուցիչ Զարուհի Զուռնաչյանը, «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը:

Հերմոնի բնակիչ. «Վտակը, որի վրա պետք է կառուցվի ՀԷԿ-ը, վերեւում է, իսկ մենք ջուրը վերցնում ենք ներքեւից: Մենք մյուս համայնքներից հեռու ենք գտնվում, այնպես որ կարելի է ուրիշ ՀԷԿ-եր էլ կառուցել..Մեզ չի խանգարի…»:

Բնակիչ. «2005թ. կառավարության որոշմամբ գույքահարկը զրոյացրին: Մեր համայնքը տարեկան մի միլիոնով տուժեց: Մեր մոտ շատ ՀԷԿ-եր կան, այդ որոշմամբ ՀԷԿ-երի գույքահարկերը տասնապատիկ իջեցրեցին: Համայնքը ֆինանսապես տուժեց: Խոսեցին, որ շահութահարկից համայնքներին ինչ-որ մասհանում կլինի, էլի չեն անում»:

Գյուղապետ. «Ոչինչ, ջաններս սա լինի, պետք էր, կրճատեցին»:

Ինգա Զարաֆյան. «Այսինքն դուք նորմա՞լ եք վերաբերում»:

Գյուղապետ. «Իհարկե նորմալ չի, բայց տենց ա»:

Ինգա Զարաֆյան. «Նախագծում նշված չէ Եղեգիս գետի ջրահավաք ավազանի վրա ազդեցությունը, որի վրա արդեն իսկ ճնշում կա փոքր ՀԷԿ-երից: Նշված չէ Կարմիր գրքում գրանցված կենդանիների վրա ազդեցության մասին: Ձեր կողքին է Եղեգիսի արգելավայրը, որը նշված չէ: Նշված չէ Կարմիր գրքում գրանցված կենդանիների միգրացիոն ուղիների մասին: Նրանք գետից են ջուր խմում… Հիշատակվում է հին Կարմիր գիրքը, որը կորցրել է օրենքի ուժը, քանի որ կա նորը…»:

Ստեփան Պապիկյան. «Մեզ մոտ քիչ է գրված (Կարմիր գրքում գրանցված տեսակների մասին), այսինքն զրոյական տարբերակ չէ: Հիդրոէլեկտրակայանն ունի ավելի քան 2000 կիլովատ հզորություն, խողովակաշարն անցնում է հիմնականում ճանապարհով: Այդտեղ պիտի փորվի եւ 08 տրամագծով խողովակը պիտի տեղադրվի այդ խրամուղում, այնուհետեւ այդ խողովակը պիտի ծածկվի: Ճանապարհը հադամիջյան ճանապարհ է, այնտեղով մեքենաներ են գնում, գալիս: Եւ այնտեղ եթե Կարիր գրքում գրանցված բան կա, ապա ինչպես է պատահում, որ այդտեղով ավտոմեքենաներ են անցնում եւ այլն»:

Ինգա Զարաֆյան. «Այստեղ խոսքը ջրի մասին է, ոչ թե որտեղով խողովակն է անցնում»:

Ստեփան Պապիկյան. «Ինչ վերաբերում է ջրին, ջուրը մենք մոտ 2000 մետր նիշից վերցնում ենք, եւ այդ նույն ճանապարհով բերում ենք մինչեւ 1928 նիշը, եւ խողովակներով մենք տալիս ենք փաստորեն հիդրոագրեգատներին, այնուհետեւ աշխատած ջուրը կանալով գնում, լցվում է դեպի գետ: Այսինքն` ջրի հետ կապված ֆիզիկական եւ քանակական փոփոխություններ, ինչպես նաեւ նրա համի հոտի եւ այլն ոչ մի ազդեցություն չի գործում, ինչու, որովհետեւ այսօր Հայաստանում եւ ամբողջ աշխարհում նույնիսկ խմելու ջրերի վրա են կառուցում հիդրոէլեկտրակայաններ: Եւ նորից այդ ջուրը տալիս են մարդկանց` խմելու, այլ կենցաղային նապատակների համար օգտագործելու: Հետեւաբար, այստեղ եւ կլիմայական պայմանների, եւ բուսական, կենդանական աշխարհի վրա ազդեցությունը հասցված է մինիմալի: Ինչ վերաբերում է մյուս բաներին, մենք պատվարային ջրամբարի մոտ նախատեսում ենք ձկնանցարան, որը ձկներին հնարավորություն է տալիս ազատ լողալու»:

Ինգա Զարաֆյան. «Ի՞նչ ձուկ ունեք ձեր գետում»:

Գյուղապետ. «Կարմրախայտ: Վերեւում երկու վտակ է միանում, մի վտակը վերցված չէ: Այսինքն` այնտեղ ջրի խնդիր չի լինելու»:

Ինգա Զարաֆյան. «Համայնքին ի՞նչ օգուտ է լինելու»:

Բնակիչներ. «Նախատեսվող ՀԷԿ-ը մեզ ոչ մի բանով չի խանգարում… Բոլորս էլ կողմ ենք: Էսօր ջահելությունը գնում է քաղաք` աշխատի, որ իր ընտանիքը պահի, ինչի մեր մոտ աշխատանք չլինի, որ աշխատեն:.. Նախորդ ՀԷԿ-ն էլ չէր խանգարում… Հիմա ներդրում չի, որ մարդ բերում է` 2000-3000 եղեւնի տնկի…»:

Ինգա Զարաֆյան. «Իսկ դուք նախագծին ծանո՞թ եք»:

Գյուղապետ. «Կանայք կարող է տեղյակ չլինեն, բայց տղամարդիկ` բոլորը, տեղյակ են, բոլորն անգիր գիտեն, թե որտեղ է, քանի որ դրանից վերեւ մենք ոռոգման ջուր ունենք: Բայց նախատեսվածը գնում է ոռոգման առվից ներքեւ, այսինքն` իրենք սաղ գիտեն: Համ էլ տալուց առաջ հենց ընենց չենք վերցնում` տանք, նայում ենք, քննարկում ենք, մտածում ենք, խանգարում է, չի խանգարում»:

Զարուհի Զուռնաչյան. «Ձեր կարծիքը հայտնեք նախարարությանը»:



Մարտ 26, 2013 at 19:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր