Մարցի գյուղապետը ստորագրել է արձանագրությունը` ի հակառակ բնակիչների կարծիքի

Մարցի գյուղապետը ստորագրել է արձանագրությունը` ի հակառակ բնակիչների կարծիքի

ԷկոԼուր

Մարց գյուղում 180 ստորագրություն է հավաքվել «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման դեմ: Բնակիչները ստորագրությունները բերեցին ԷկոԼուր, քանի որ չգիտեին, թե ում տան ստորագրություններն ու նամակը: Բանն այն է, որ Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանը եւ «Մարցէներջի» ՍՊԸ-ն ստորագրել են արձանագրությունը, որը չի արտացոլում ՀԷԿ-ի դեմ հանդես եկող բնակիչների կարծիքը:

Բնակիչներն էկոԼուրին հայտնեցին, որ նրանք փորձել են ստորագրությունների տակ դնել Մարցի գյուղապետարանի կնիքը, սակայն գյուղապետ Ռոբերտ Գալստյանը հրաժարվել է կնիք դնել: ԷկոԼուրի աշխատանքային խումբը մարտի 30-ին Մարցում հանդիպեց գյուղապետ Ռոբերտ Գալստյանին: ԷկոԼուրի խնդրանքին` արձանագրությունը կամ արձանագրության կրկնօրինակը ցույց տալ, գյուղապետն ասաց, որ արձանագրությունն իր մոտ չէ: Հարցին, թե որտեղից է հայտնվել արձանագրությունը, գյուղապետն ասաց, որ մի շաբաթ առաջ արձնագրությունը բերել են իրեն` ստորագրելու համար: «Ես կարող եմ խնդրել նրանցից («Մարցէներջի» ընկերությունից) եւ հետո փոխանցել ձեզ: Այնտեղ չկար ոչ դրական, ոչ բացասական կարծիք: Ուղղակի գրված էր, որ տարբեր կարծիքներ կային: Եւ կային ընկերության առաջարկությունները: Մի՞թե այն ամենը, ինչ ասվել էր, պետք է լիներ արձանագրության մեջ,- ասաց գյուղապետը, - ես որպես գյուղի բնակիչ եւ որպես գյուղապետ կարող եմ ասել, որ ես «կողմ» եմ: Բայց եթե բնակիչները դեմ են, ապա պետք է խոսել բնակիչների հետ, այլ ոչ մամուլի կամ Սիմոնյանի: Եթե ասեն, որ համաձայն են, ապա ես նրանց հետ եմ: Եթե համաձայն չեն, կրկին նրանց հետ եմ»:

Հանդիպմանը ներկա Մարցի բնակիչ. «Իսկ ո՞ւմ են տվել 5 կիլոմետրանոց գոտին, ում: Ինչո՞ւ մեզ չհարցրեցին, առանց ոչ մի բանի տվեցին հողը: Այդ ինչպես է, երբ պետք է նախագահ ընտրենք, ապա պետք է ցույց տանք, որ ապրում ենք այստեղ, իսկ երբ հող են տալիս, մենք էլ չենք ապրում, տեղի բնակի՞չ չենք:  Ինչո՞ւ թույլ չտվեցին մասնակցել մրցույթին»:

Գյուղապետ.

-Կային չօգտագործվող հողեր, եւ նրան վաճառվեցին այդ հողերը մրցույթով:

Բնակիչ.

-Մրցույթ չի եղել:

Գյուղապետ.

-Եղել է, եւ հողերը փոխեցին էներգետիկայի կատեգորիայի:

Բնակիչ.

-Դա մեզ համար սպառնալիք է, մեզանից վերցնում են ջուրը, եւ ի՞նչ անենք մենք:

Հանդիպումից հետո բնակիչները որոշեցին բողոքի տակ ստորագրություններ հավաքել:

Ուշադրություն ենք հրավիրում այն փաստին, որ հասարակական լսումների օրը` մարտի 12-ին, «Մարցէներջի» ՍՊԸ-ի սեփականատեր Լիպարիտ Սիմոնյանը ի պատասխան ԷկոԼուրի հարցմանն ասաց. «Այսօր արձանագրւթյուն չենք կազմի»: Հարց է մնում, թե ինչ տեքստի տակ է ստորագրել գյուղապետը: Լսումների ոչ մի մասնակցի, ոչ բնակիչներին, եւ ոչ ԷկոԼուրի աշխատանքային խմբին դա հայտնի չէ:

Լսումների տեսանյութում երեւում է, որ լսումների բոլոր մասնակիցները, գյուղի բնակիչները դեմ են հանդես գալիս նախագծին: Նախագծի օգտին է խոսում միայն «Մարցէներջի» ՍՊԸ-ի տնօրեն Լիպարիտ Սիմոնյանը եւ Լոռու մարզպետարանի ներկայացուցիչը (չասաց իր անունը): Հետեւաբար, գյուղապետը ստորագրել է անօրինական արձանագրության տակ: Իսկ դեմ արտահայտվող բնակիչների կարծիքի տակ նրա կողմից կնիք չդնելը վկայում է այդ նախագծի մեջ նրա ուղղակի հետաքրքրության մասին: Հետեւաբար, գյուղապետի ստրագրությունը չի կարող արտահայտել Մարցի բնակիչների կարծիքը եւ չի կարող հասարակական լսումների արձանգրությունում անցնել որպես բնակիչների կարծիք: Այդպիսով խախտվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը:

Նախագծում արտացոլված չեն իրական ռիսկերը, չկա գյուղի բարեկեցության վրա ազդեցության մասին կետ, արտացոլված չեն սոցիալական ռիսկերը` բնակիչներին կիրճի էկոհամակարգից զրկելը, որով հոսում է Մարց գետը, չկա տարածքի ջրահավաք ավազանի վրա ազդեցությունը,  որն արդեն իսկ ենթարկվել է «Մարցիգետ-2» փոքր ՀԷԿ-ի ուժեղ ազդեցությանը, չկա ազդեցությունը կենսաբազմազանության վրա:

Նշված չէ, թե բուսական եւ կենդանական աշխարհի ինչ տեսակներ կան, Մարց գետի էկոհամակարգի որ մասում են, այդ տեսակները կարող են հայտնվել ոչնչացման վտանգի տակ:  

Նախագիծը հակասության մեջ է մտնում Մարց գյուղում գյուղական տուրիզմ զարգացնելու բնակիչների մտադրության հետ, ինչին նպաստում են բարենպաստ կլիմայական պայմանները, լանդշաֆտը, գյուղի մոտակայքում էկոլոգիապես վնասակար ձեռնարկությունների բացաակայությունը: Չեն կատարվել «Շջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի գրեթե բոլոր կետերի պահանջները:

Այս ամենը հիմք է տալիս «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի նախգծին բացասական եզրակացություն տալու համար:



Ապրիլ 04, 2013 at 11:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր