ԳԵՏԵՐԸ, ՈՐ ԿԱՄՐՋԵԼՈՒ ԵՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ

ԳԵՏԵՐԸ, ՈՐ ԿԱՄՐՋԵԼՈՒ ԵՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ

Աղավնի Հարությունյան, «Ազգ»

Սա հրապարակումների շարքից մի հոդված է Եվրոմիության կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագրերի վերաբերյալ: Հոդվածներում ներկայացվում են մեր տարածաշրջանում իրականացվող նախագծերի վիճակն ու արդյունքները: Այս նյութում անդրադառնում ենք «Կուրի ավազանի անդրսահմանային գետերի կառավարում» ծրագրին:

Ծրագրի նպատակը Կուր գետի ավազանի ջրի որակի բարելավումն է անդրսահմանային համագործակցության եւ ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման մոտեցում իրականացնելու միջոցով: Ծրագիրը աջակցում է ընդհանուր դիտարկման եւ տեղեկատվական կառավարման համակարգի զարգացմանը` բարելավելու անդրսահմանային համագործակցությունը. այն մեծացնում է շրջակա միջավայրի պահպանության պետական պատասխանատուների եւ դիտարկում իրականացնող հաստատությունների հնարավորությունները, ովքեր ներգրավված են Քուռ գետի ավազանի ջրային ռեսուրսների երկարաժամկետ կառավարման մեջ:

Կուր գետը եւ իր վտակները աշխարհագրական մի ընդարձակ տարածք են ընդգրկում, այդ թվում` Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը: ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կուրի ավազանի անդրսահմանային գետերի կառավարում» տարածաշրջանային ծրագրի նպատակն է բարելավել բնական ջրային ռեսուրսների որակը եւ օգնել Հարավային Կովկասի երեք երկրներին` պահպանելու բնության կողմից իրենց տրված ժառանգությունը: Մասնակից երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը: Ծրագիրը նախատեսված է 2008-2011թթ. համար, բյուջեն 4 մլն եվրո է: Բացի այդ, լրացուցիչ 1,2 մլն եվրո հատկացված է սարքավորումների համար: Հայաստանի դերն այս գործում հետեւյալն է. պետք է հետեւի Կուրի ամենամեծ վտակինՙ Արաքս գետին, որ սկիզբ է առնում Թուրքիայից, հոսում Հայաստանի միջով եւ միանում Կուրի հոսանքին Ադրբեջանում:

Հասարակական տեսանկյունը

Դեբեդ գետի կիրճի ստորին հատվածում, Հայաստանի հեռավոր հյուսիսում, վրացական սահմանի մոտ, կտրտված լեռների ծալքերի մեջ բույն է դրել փոքր քաղաք Ալավերդին: Գետը, որ հոսում է քաղաքի միջով, տեղի համայնքի սիրտն է: «Ամռանը գետը հանգստյան գոտու է վերածվում փոքր քաղաքի համար», ասում է տեղի բնակիչ 48-ամյա Գայանե Պողոսյանը : «Տեղի բնակիչները իջնում են գետի ափՙ հանգստանալու, քանի որ այլ տեղեր չեն կարող մեկնել: Մենք լողանում ենք եւ ձուկ բռնում այստեղ»:

Բայց 18-րդ դարից ի վեր Ալավերդին նաեւ պղնձի հանքերի բնօրրան է, հանքային համալիրը մինչեւ հիմա էլ այստեղ է գործում, որն առիթ է տալիս Հայաստանի հարեւաններինՙ մեղադրելու գետի ջրերը աղտոտելու մեջ: Բնակիչները չեն ցանկանում ուղղակի խոսել այդ մասին, բայց նրանք ասում են, որ գետն այնքան էլ մաքուր չէ, ինչպես նախկինում:

«Ալավերդու բնակիչները չեն ուզում հրապարակավ խոսել գետի մասին», ասում է մի տարեց քաղաքացի, հայտնի որպես ընկեր Բարսեղյան: «Այստեղ դեռեւս ձուկ կա, բայց, անկեղծ ասած, դրանց տեսակների թիվը նվազել է»: Ուրիշներն էլ ասում են, որ գետի ջուրը աղտոտվել է, քանի որ «մարդիկ տարբեր բաներ են նետում գետի մեջ», բայց նրանք խուսափում են մեղադրել մոտակայքում գտնվող որեւէ արդյունաբերական աղտոտողի: «Դա իմ գործը չէ», ասում են նրանք:

Այնուամենայնիվ, ԵՄ կողմից ֆինանսավորվող Կուր գետի ծրագրի համար նմանատիպ խնդիրներն են հենց բուն էությունը: Ըստ ծրագրի հայաստանյան ղեկավար Անատոլի Պիչուգինի ՙ «Գործերն այնքան էլ վատ չեն, ինչպես թվում են»: «Մարդիկ հակված են խնդիրներն ուռճացնելու, երբեմն նույնիսկ չափազանցելու: Իհարկե, կան խնդիրներ, բայց ջրերը մեծ մասամբ մաքուր են, մինչեւ արդյունաբերությունն ամբողջովին չզարգանա Հայաստանում: Երկիրը դեռ կարող է հպարտանալ իր լայնածավալ ջրային ռեսուրսներով»:

«Այսօր հիմնական խնդիրը խուսափելն է Արեւմուտքի սխալներից», ասում է նա: ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի (5,2 մլն եվրո ընդհանուր արժողությամբ, 2008-ից մինչեւ 2011-ը) նպատակն է մեծացնել շրջակա միջավայրի պահպանության պետական պատասխանատուների հնարավորությունները, հետեւել եւ աջակցել նրանց, ովքեր ներգրավված են ջրային ռեսուրսների երկարաժամկետ կառավարման մեջ` հասկանալու, որ ջրային ռեսուրսների վրա ճնշման մեծացման ժամանակ ավելի լավ է կանխել աղտոտումը, քան հետո պայքարել դրա հետեւանքների դեմ:

Ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկը ԵՄ ջրային շրջանակային դիրեկտիվի կիրառումն է` գետավազանների կառավարման փորձնական ծրագրերի միջոցով, որ մշակված է յուրաքանչյուր մասնակից երկրում: Ըստ Պիչուգինի, Արաքս գետի ավազանում առկա են երկու հիմնական խնդիրներ` կոմունալ ջրերի հեռացումը եւ աղբը, որ լցնում են գետերը: Բայց, այնուամենայնիվ, Արաքսն ավելի մաքուր է, քան եվրոպական շատ գետեր:

Վոլոդյա Նարիմանյանը, Հայաստանի բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալն է: Նրա խոսքերով, ծրագրի հայաստանյան գործընկերները գրեթե ավարտել են օրենսդրական-կառուցվածքային բարեփոխումների ներկայացումը:

«Մենք փորձում ենք մոտենալ ԵՄ օրենսդրությանը` մեր օրենքների եւ կանոնադրության մեջ ներառելով ԵՄ ջրային շրջանակային դիրեկտիվի դրույթները», ասում է Նարիմանյանը ավելացնելով, որ ջրավազանային կառավարման ծրագրերը Հայաստանում լավ ընթացքի մեջ են. Դեբեդն ու Աղստեւը ընտրվել են որպես մոդելային գետեր: «Այս ծրագրի շրջանակներում նախնական մշակվում են Դեբեդի եւ Աղստեւի գետավազանների կառավարման նախագծերը` որպես մեթոդաբանություն ընտրված վեց ավազանների հետագայում կառավարման համար»,- ասում է Նարիմանյանը:

Նախատեսված է, որ ծրագիրը Հայաստանում ստանալու է տեխնիկական աջակցություն` դիտարկումներ անցկացնելու համար, եւ մշակելու է տեղեկատվական համակարգ, որ տեղեկատվություն ապահովի անդրսահմանային գետերի վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում համատեղ դիտարկում է իրականացնում Հայաստանի Շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոնը` ազգային թիմերի մասնակցությամբ: Ջրերի նմուշները ստուգման համար ուղարկվում են միջազգային լաբորատորիաներ:

«Այդ ստուգումները ցույց տվեցին, որ վրացական Խրամ գետն ավելի աղտոտված է, քան Դեբեդը (Հայաստան): Եվ այժմ վրացի փորձագետները չեն պնդում, թե Հայաստանն է աղտոտում Կուրը: Նույնիսկ Ադրբեջանի այդ մեղադրանքների տոնայնությունն է նվազում», ասում է կենտրոնի պետի տեղակալ Սեյրան Մինասյանը : Ծրագրի ազգային համակարգող, ջրային ռեսուրսների կառավարման փորձագետ Վահագն Տոնոյանը համաձայն է սրան. «Հարավային Կովկասի երկրները հաճախ են միմյանց մեղադրում ջրերի աղտոտման մեջ: Իրականում, նրանք երբեւէ չեն անցկացրել համատեղ դիտարկում` հասկանալու տվյալների տարբերության պատճառը»:

Ազգային համակարգողն ասում է, որ երեք երկրները պետք է աշխատեն ընդունված նմուշառման եւ նմուշների վերլուծության մեթոդաբանությամբ, ինչը կօգնի, որ իրար անհիմն մեղադրանքներ չներկայացնեն: Նա հույս ունի, որ այս գործում առաջընթացը կարող է երկարացնել ծրագրի կյանքը: «Հուսով ենք, որ որոշ նախաձեռնություններ, օրինակ` համատեղ դիտարկման ծրագիրը, Հարավային Կովկասի կողմից կշարունակվեն նաեւ առանց դրսի ֆինանսավորման», ասում է Տոնոյանը :

Այնուամենայնիվ, Դեբեդի եւ Աղստեւի ափերին բնակվողները մնում են այն համոզմունքին, որ իրենց ջրերն աղտոտված են` կարեւորելով վստահելի տեղեկատվության անհրաժեշտությունը, մի բացթողում, որ ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրը նպատակ ունի լրացնելու` հանրությանը իրազեկելով շրջակա միջավայրի որեւէ պոտենցիալ վտանգի մասին: Ծրագրի հանրային մասնակցության եւ կարողությունների հիմնման փորձագետ Լուսինե Տասլակյանը հավատում է, որ անկեղծությունն ամենակարեւոր գործոններից մեկն է, եւ հանրային իրազեկման մակարդակի բարձրացման ջանքերի առաջին տեսանելի արդյունքը կլինի Արաքս գետի մասին գրքույկի հրատարակությունը: Նրա խոսքերով, «Այն կօգնի հասարակական հետաքրքրությունը սեւեռելու Արաքս գետի պատմությանն ու մշակույթին: Նպատակն է ոչ միայն ներկայացնել Արաքսի ավազանը, այլեւ մարդկանց մոտեցնել բնությանը». մի կարեւոր առաջնային քայլ` ընդհանուր ժառանգության պահպանման գործում հասարակական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ:

Ապրիլ 27, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր