Ձյան պահոցների ստեղծումը հեռանկար է Հայաստանի համար

Ձյան պահոցների ստեղծումը հեռանկար է Հայաստանի համար

ԷկոԼուր

«Սառեցված ջուր» հայ-շվեյցարական համատեղ գիտական նախագիծը նվիրված է ձյան տեսքով ջրի պահպանման հեռանկարին: Հունիսի 28-ի աշխատանքային հանդիպման ժամանակ նախագիծը ներկայացրեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռուբեն Համբարձումյանը և Ֆրիբուրգի համալսարանից շվեյցարացի մասնագետներ  պրոֆեսոր Մատիաս Խուսը և դոկտոր Ալեքսանդր Նեստլերը:

«Ամեն տարի` մայիս-հունիս ամսիներին, մեր սարերում հավաքվում են ձյան զգալի պաշարներ: Արագ ձնհալը ավելի շատ վնաս է բերում, քան օգուտ: Առատ ջրհեղեղից հետո վրա է հասնում չոր շրջանը: Ժամանակակից տեխնոլոգիաներ օգտագործելու միջոցով մենք կարող ենք  հետաձգել ձնհալը 2-3 ամսով կամ ընդհանրապես  կանգնեցնել այն և ձյուն կուտակել»,- ասում է ակադեմիկոս Համբարձումյանը: Նրա խոսքերով` ջրերի կուտակումը ձյան պահոցներում մեծ հեռանկարներ ունի և ավելի էժան արժե, քան  ջրամբարների կառուցումը: Փորձարկումներն անցկացվել են Արագած լեռան վրա, որտեղ ձյունը 400 քառակուսի մետր տարածքում ծածկվել է Շվեյցարիայում արտադրված հատուկ նյութով: Փորձարկման ընթացքում ձնհալը հետձգվել է մինչև սեպտեմբերի կեսերը: Այս ամառ կրկնակի փորձարկում կարվի:

Ձյան պահոցների ստեղծման հիմնական հեռանկարային ուղղությունները  հետազոտողները տեսնում են փոքր ՀԷԿ-երի, զբոսաշրջության զարգացման, գյուղատնտեսության համար: «Փոքր ՀԷԿ-երի համար ջուրը չի հերիքում: Դա երևում է Ամբերդ 1, 2 և 3 փոքր ՀԷԿ-երի օրինակից: Մի քանի ամիս ՀԷԿ-երը ստիպված են լինում չաշխատել: Բայց եթե մենք կարողանանք հետաձգել ձնհալը, ապա նրանք ջուր կստանան չոր ամիսներին»,- ասում է Համբարձումյանը:

Շվեյցարացի մասնագետները հավաստիացնում են, որ «սառեցված ջրի» տեխնոլոգիաները հաջողությամբ օգտագործվում են Շվեյցարիայում «տեղական» խնդիրների լուծման համար:

Բայց կա՞ արդյոք շքանշանի հակառակ կողմը: Բնապահպանները մտավախություն հայտնեցին էկոհամակարգի վրա ազդեցության վերաբերյալ և ստորերկրյա ջրային աղբյուրների վերաբերյալ, որոնք կարող են զրկվել ձյան սնուցումից այն հատվածներում, որտեղից ձյունը հավաքվելու է պահոցներում:

Իր հերթին Ռուբեն Համբարձումյանը կոչ արեց բնապահպաններին չշեղվել և լուծել ավելի կարեւոր հարցեր:

Հուլիս 04, 2013 at 16:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր