Ձորագետի վրա «Ստեփանավան-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագիծը բացասական կարծիք է ստացել ՀՀ բնապահպանության նախարարությունից

Ձորագետի վրա «Ստեփանավան-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագիծը բացասական կարծիք է ստացել ՀՀ բնապահպանության նախարարությունից

ԷկոԼուր

Ձորագետի վրա «Ստեփանավան-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագիծը բացասական կարծիք է ստացել ՀՀ բնապահպանության նախարարությունից: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանը:

Դեկտեմբերի 13-ին Ստեփանավանի Օրհուս կենտրոնում տեղի էկոակտիվիստները ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության հյուսիսային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի առաջատար մասնագետ Նորիկ Հայրապետյանի հետ քննարկել են Ձորագետ գետի վրա «Ստեփանավան-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման հարցը: Բնապահպաններն իրենց անհանգստությունն են հայտնել փոքր ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ: ՓՀԷԿ-ը պետք է կառուցվի Ձորագետի կիրճում, որը հանգստի եւ տուրիզմի համար հրաշալի վայր է: «Ի ուրախություն մեզ, Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը բացասական գնահատական տվեց Ձորագետի վրա «Ստեփանավան-1» փոքր ՀԷԿ-ի կառուցմանը, քանի որ Զորագետի կիրճը համարվում է տուրիստական գոտի, եւ ՓՀԷԿ-ի կառուցումը ի չիք կդարձնի տուրիզմի զարգացումը եւ կոչնչացնի Ձորագետի կիրճի  էկոհամակարգը»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Մանյա Մելիքջանյանը:

Նա նաեւ նշեց, որ դեկտեմբերի 6-ին Ստեփանավան քաղաքի հանրության անունից նամակ է ուղղվել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին` «Մոլբերտ» ՍՊԸ-ին «Ստեփանավան -1» ՓՀԵԿ-ի կառուցման թույլտվություն չտրամադրելու համար: Ինչպես նաեւ տեղի հասարակայնությունը նամակով դիմել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյան, որպեսզի վերջինս հաստատի, որ այդ տարածքը տուրիստական գոտի է:

Լուսանկարը «ԷկոԼուր»-ին է տրամադրել Մանյա Մելիքջանյանը

Դեկտեմբեր 14, 2012 at 12:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր