ԿՈՅՈՒՂԱՋՈՒՐ. ՎԱՆԱՁՈՐՈՎ ՀՈՍՈՂ ԳԵՏԸ՝ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ԶՈՀ

ԿՈՅՈՒՂԱՋՈՒՐ. ՎԱՆԱՁՈՐՈՎ ՀՈՍՈՂ ԳԵՏԸ՝ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ԶՈՀ

Նաիրա Բուլղադարյան «ԱրմենիաՆաուի» Վանաձորի թղթակից

Փամբակ գետի աղտոտվածությունն այլևս չի զարմացնում վանաձորցիներին, ովքեր ապրում են գետի ափին և տեսնում նրա վտանգավոր ազդեցությունը քաղաքի վրա:

Սակայն, անցյալ շաբաթ, երբ գետի գույնը դարձավ կարմիր, անգամ գիտնականներն ապշեցին:

«Կոյուղու խողովակից գետ էր թափվում կարմիր հեղուկ»,- պատմում է բնապահպանական տեսչության Լոռու բաժնի լաբորատորիայի գլխավոր մասնագետ Մարիամ Եփրեմյանը: Նա լաբորատորիայում վերցրած փորձանմուշը ենթարկելով քիմիական հետազոտության` պարզել է ներկանյութի առկայությունը:

Պարզվեց Վանաձորցի Սեյրան Ղարիբյանը մոտ 10 կգ տարողությամբ տակառից կոյուղի էր թափել հագուստի կարմիր ներկանյութ իրեն պատկանող սեփական տարածքում: Տակառը, ավտոմեքենա անզգուշորեն տեղափոխելիս, վնասվել է: Ղարիբյանն էլ պարունակությունը լցրել է կոյուղի:

Եփրեմյանն ասում է, որ կոյուղաջրերին բնորոշ ցուցանիշները գունավորման պատճառով մեծ փոփոխության չեն ենթարկվել և առողջությանը չեն սպառնացել:

Կոյուղաջրերը ներկանյութով գունավորած վանաձորցին, ինչպես սահմանված է ՀՀ Ջրային օրենսգրքում, որպես վնասի փոխհատուցում, չի տուգանվել:

Փոխարենը Ղարիբյանին տուգանել է ջրմուղ կոյուղին` կոյուղագծերին հասցրած տեխնիկական վնասի համար` 130.000 դրամի (շուրջ 430\\$ ) չափով: Բնապահպանական տեսչությունում Ղարիբյանին հորդորել են այլևս նման կերպով չաղտոտել գետը:

Բնապահպանական տեսչության մարզային կառույցը հաշվի է առել այն հանգամանքը, որ ներկանյութը բուսական և կենդանական աշխարհի ոչնչացման չի տարել, ուստի վնաս գոյություն չունի, և հետևաբար Ղուկասյանը չի տուգանվել:
Բնապահպանական տեսչությունում նշում են, թե Դեբեդի գետավազանը, որի մաս է կազմում Փամբակ գետը, աղետալի վիճակում է կենցաղային թափոնների աղտոտման պատճառով:

«Աղբով է ծածկված ոչ միայն գետի ողջ տարածքը, այլև ջրերը»,- բողոքում է ՀՀ բնապահպանական տեսչության Լոռու մարզի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լաբլաջյանը: Գյուղերի կենցաղային աղբը միանգամից թափվում է գետ, գետն աղտոտվում է նաև հենց գետի բերանին տեղադրված փայտե զուգարաններով, որոնք, ըստ Լաբլաջյանի, սկսել են վերացնել:


Խնդրի լուծման համար առաջին հերթին նա կարևորում է բնակչության էկոլոգիական իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքները, որոնք իրականացնում են վերջին տարիներին մարզում գործող հասարակական կազմակերպությունները:

Վանաձորի «Օրհուս» բնապահպանական կենտրոնի ղեկավար Պերճ Բոջուկյանի կարծիքով, քանի դեռ բնակչության շրջանում չի ձևավորվել էկոլոգիական մտածելակերպ, Դեբեդը կշարունակվի աղտոտվել:

«Մյուս կողմից, հարկավոր է նաև թափոնների կառավարման համակարգի ներդրում: Երբ տեղի իշխանություններն աղբահանման խնդիրը լուծեն համակարգված ձևով, հնարավոր կլինի կանխել բնակչության կողմից աղբը գետ թափելը»,- ասում է Բոջուկյանը:

Բացի կենցաղային աղբով գետավազանն աղտոտելուց, Դեբեդն աղտոտվում է նաև հարակից բնակավայրերի կոյուղաջրերով:

Լոռու մարզի և ոչ մի քաղաքում կոյուղու մաքրման կայաններն ամբողջապես չեն գործում. միայն Վանաձորի մաքրան կայանն է գործում մասնակի` կոյուղին ենթարկելով միայն մեխանիկական մաքրման: Կենսաբանական և քիմիական մաքրում չի ապահովվում` կայանի սարքերի մաշվածության պատճառով: Խորհրային Միության փլուզումից հետո դրանք քանդվել ու թալանվել են:

«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն գեմանական «Վերականգնման վարկային բանկի» (KWF) հատկացրած շուրջ 10 միլիոն եվրո (13 միլիոն 398.000 դոլար) վարկի և դրամաշնորհի միջոցներով նախատեսվում է 2012-2014 թթ. նորոգել նաև Վանաձորի կոյուղու մաքրման կայանը:

ՀՀ Բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոնի այս տարվա հոկտեմբեր ամսվա տվյալներով` Դեբեդի գետավազանից վերցված փորձանմուշներում նիտրիտ իոնի թույլատրելի նորման գերազանցվել է 1,3-4,3, ամոնիումի իոնինը` 1,2-1,9 անգամ: Այս գերազանցումները պայմանավորված են կոյուղաջրերի առատությամբ գետերում (առողջությանը հնարավոր վտանգ չկա` նորմայի մնան գերազանցումների պատճառով):

Հայաստանում գործող արտադրական ձեռնարկությունները ևս չունեն մաքրման կայաններ (բացառությամբ կաշվի վերամշակման գործարանի):

«Դրանք նախ լցվելով գետերը` հենց լցվելու տեղում անմիջապես վնասում կամ ոչնչացնում են կենդանական ու բուսական աշխարհը, այնուհետև, կուտակվելով գետի հատակում կամ հոսելով, աղտոտում են գետային համակարգը»,- ասում է «Կայուն ջրային միջավայր» ՀԿ նախագահ, հիդրոլոգ Արևիկ Հովսեփյանը:

Քիմիական գիտությունների թեկնածու Վարդուհի Գրիգորյանն աղետալի է համարում ոչ միայն Դեբեդի գետավազանի, այլև ընդհանրապես Հայաստանի բոլոր գետերի վիճակը:

«Մեր ուրբանիզված տարածքներում աղտոտումը շատ ավելի ազդեցիկ է` պայմանավորված ինչպես կենցաղային աղբով, այնպես էլ` կոյուղաջրերով»,- ասում է Գրիգորյանը:

Դեկտեմբեր 17, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր