Ի՞ՆՉ ԱՆԵԼ «ՄԿՆԴԵՂԻ ՄԱԳԻԼՆԻԿԻ» ՀԵՏ. ԳԻՏՆԱԿԱՆՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է

Ի՞ՆՉ ԱՆԵԼ «ՄԿՆԴԵՂԻ ՄԱԳԻԼՆԻԿԻ» ՀԵՏ. ԳԻՏՆԱԿԱՆՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է

Panorama.am

Ալավերդու Մադան (Լալվար) գետի ջրում մկնդեղի խտությունը հասնում է սահմանային թույլատրելի աստիճանին և ջուրն համապատասխանում է իր որակով: Այս մասին ասուլիսում հայտարարեց ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը: «Անահիտ» կանանց աջակցության կենտրոն հասարակական կազմակերպությունը դիմել է ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնին և վերջիններս ԵԱՀԿ «Անվտանգ միջավայր» ծրագրի շրջանակներում հետազոտություն են կատարել Ալավերդու մկնդեղի գերեզմանոց կոչվող հատվածում:

Ընդհանրապես, Ալավերդու շրջակա միջավայրի համար լուրջ սպառնալիք է համարվում քաղաքի հյուսիսային հատվածում` Մադան (Լալվար) գետի ավազանում 1978-80 թթ. կառուցված, նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի արտադրության հետևանքով առաջացած մկնդեղի պահեստավայրը, կամ ինչպես ալավերդցիներն են ասում` «մկնդեղի մագիլնիկը»:

Փոխարենը, ինչպես տեղեկացրեց Սաղաթելյանը, «ահռելի քանակությամբ» մկնդեղ իրենք հայտնաբերել են Լալվարի հատակում և Ալավերդու հողերում:

Տեղանքին ծանոթանալիս հետազոտող խումբը, ըստ գիտնականի, բացահայտել է, որ Մադան գետի ավազանում, բացի մկնդեղի գերեզմանոցից, գոյություն ունեն նաև մեծ քանակությամբ անտերության մատնված հանքախորշերի թափոնակույտեր, որոնք չեն վերահսկվում և կարող են հանդիսանալ շրջակա միջավայրի աղտոտման լրացուցիչ աղբյուր:

Ինչո՞ւ Մադանի ջրում մկնդեղի խտությունը քիչ է և նորման չի գերազանցում, իսկ գետի հատակում` «շատ բարձր»:

«Երբ մենք ավելի մանրակրկիտ հետազոտեցինք այդ մկնդեղի գերեզմանաթումբը, պարզ դարձավ, որ դրա մեջ ահռելի շատ է ծծմբաթթուն և անձրևաջրերի հետևանքով գերեզմանաթմբում միջավայրը դառնում է ծծմբային, իսկ մկնդեղը, ի տարբերություն այլ ծանր մետաղների, թթու միջավայրում արագ ստեղծում է ոչ լուծելի միացություններ և ջրով չի տարածվում: Հենց դրանով է բացատրվում, որ մկնդեղը ջրի հետ չի անցնում Մադան գետ», -բացատրեց գիտնականը:

Գիտնականի խոսքով, մկնդեղը և մյուս ծանր մետաղները Հայաստանում առաջին խնդիրն են կապված շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և մարդու առողջության հետ, քանի որ բնությունը ծանր մետաղներից մաքրման մեխանիզմներ չունի:

Բայց նա հորդորում է չմխիթարվել նրանով, որ գետի ջրում մկնդեղ չկա, քանի որ հատակային նստվածքները վարարումների ժամանակ թափվում են ուրիշ միջավայրեր և այնուհետև դրանք կարող են հանդիսանալ երկրորդական աղտոտման աղբյուրներ:

«Պետք է կարգի բերել մկնդեղի գերեզմանոցը, հիմա բերում են այնտեղ ինչ ասես լցնում են` սկսած շինարարական աղբից», -նկատեց Սաղաթելյանը` առաջարկելով մակրերսը հարթեցնել ու ծածկել կավաշերտով կամ այլ սինթետիկ նյութերով:

Իսկ ինչպե՞ս պետք է «կարգի բերել գերեզմանոցը» և ո՞ր լիազոր մարմնի իրավասությունների շրջանակում է հարցի լուծումը հարցին ի պատասխան գիտնականն ասաց, որ կառավարությունն այս հարցում մեծ անելիքներ ունի` պետք է հստակցենի պատասխանատուներին:

«Ռիսկի գնահատականը որոշում ընդունող մարդկանց մոտ իջեցված է, դա նորմալ երևույթ է մեր նման երկրների համար, որոնք անցել են պատերազմ, երկրաշարժ, այսինքն` մարդկանց ուղեղում առողջության և կյանքի գինը մարդկանց մոտ արժեզրկվում է», -հավելեց նա:

Սաղաթելյանի խոսքով օրենսդրական կարգավորում է պահանջվում մասնավորապես հանքերի օգտագործման ոլորտը: «Մեզ մոտ այսօր մի ընկերություն կարող է գալ, հարուստ հանքային մարմինը վերցնի լիցենզիայով վերցնի շահագործման ու պատասխանատվություն չկրի շրջակա միջավայրի պահպանության համար: Մենք նույնը հանդիպել ենք Ղափանում, Քաջարանում», -հավելեց Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենը:

Նշենք, որ անցյալ դարի 80-ականների սկզբին Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի Լեն-հանքեր կոչվող տեղամասից մոտ 1 կմ հեռավորության վրա կառուցված «գերեզմանոցում» թաղված են խորհրդային տարիներին կոմբինատի արտադրության ընթացքում առաջացած մկնդեղի թափոնները: 2008 թ. գերեզմանոցում թաղվել են նաև «Արմենիան Քափըր Փրոգրամ» («Էյ-Սի-Փի») ընկերությանը պատկանող զմռսված տակառները:

Հոկտեմբեր 13, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր