

Ինգա Զարաֆյան, “ԷկոԼուր”
Ֆլոտացիոն ֆաբրիկայի կառուցման եվ հայաստանյան ոսկու բազմամետաղային հանքավայրի յուրացման նոր նախագիծը ներկայացվեց հասարակայնության քննարկմանը:
Հոկտեմբերի 21-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցան հանքավայրի շահագործման կոնցեսիայի սեփականատեր “Սագամար” ՓԲԸ-ի ներկայացրած նախագծի հասարակական լսումները:
Հանքավայրը հարուստ է ոսկով, արծաթով, պղնձով, ցինկով եվ կապարով: 2008թ. գնահատականով Արմանիսի պաշարները կազմում են 14 547 հազար տոննա: Կոնցեսիան 25 տարով է տրամադրված: Նախագծի համաձայն` հանքի շահագործումն անցկացվելու է փակ եղանակով:
Այն հարցին, թե ինչ փորձ ունի ընկերությունը հանքարդյունաբերության ոլորտում, “Սագամար” ընկերության տնօրեն Վարդան Պապյանը պատասխանեց, որ նրա ողջ փորձը կապված է Արմանիսի հետ եվ հերքեց ենթադրություններն այն մասին, որ ընկերության թիկունքում կանգնած են ազդեցիկ չինովնիկներ:
Ցավոք, մեզ չհաջողվեց պարզել, թե Հայաստանում ոսկու պաշարները որքան են, եվ որ մասն է կոնցեսիաներով տրվել տարբեր ընկերությունների: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պատասխանեց, որ հետազոտությունները դեռ չեն ավարտվել:
Գլխավոր խնդիրը, որ հուզում է հասարակայնությանը, այն է, թե որքան են տնտեսական օգուտները գերազանցում վնասը, եվ պետական էկոլոգիական փորձաքննության եզրակացության մեջ հաշվի կառնվի հասարակայնության կարծիքը:
Որոշում ընդունվեց իրավիճակին ծանոթանալ տեղում եվ անցկացնել արտագնա նիստ Ստեփանավան քաղաքում, որի կողքին գտնվում է հանքավայրը:
Հոկտեմբեր 21, 2008
