«Հետք»
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրել է Բնապահպանության նախարարությունում պետական շահերի պաշտպանության ուղղությամբ 2007 թ. իրականացված աշխատանքները:
«Անցյալ տարի նախարարությունը հարուցել է 195 հայց` 20 միլիոն 355 հազար դրամ բյուջե բռնագանձելու պահանջով, որոնցից 89 տոկոսը բավարարվել է,- հայտնում է Գլխավոր դատախազությունը,- հայցերը, որպես կանոն, հարուցել է նախարարության բնապահպանական պետական տեսչությունը` վարչական տուգանքների բռնագանձման, ինչպես նաև բնապահպանության օրենսդրության պահանջների խախտումներով արձանագրված վնասների վերականգնման պահանջներով»:
Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են թերի հայցեր հարուցելու և դատական նիստերին չմասնակցելու դեպքեր: Որոշ դեպքերում էլ նախարարությունը չի բողոքարկել վիճելի դատական ակտերը: Բայցի այդ, նախորդ տարում նախարարության հարուցած հայցերով հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու միջնորդություններ ընդհանրապես չեն ներկայացվել:
«2007թ. ընթացքում նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ հանդիսացող Դսեղի, Կապանի, Սևքարի, Ճամբարակի և Արծվաբերդի անտառտնտեսություններում կատարած ստուգումներով արձանագրել է ապօրինի ծառահատումներով պետությանը պատճառված շուրջ 10 միլիոն 100 հազար դրամի վնաս, սակայն վնասները չեն վերականգնվել, և այդ ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել, վնասի բռնագանձման վերաբերյալ դատարան հայցեր չեն հարուցվել»:
Նոյեմբեր 05, 2008
