ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ ԱԳԱՐԱԿՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ ԱԳԱՐԱԿՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ

«ԷկոԼուր»

Հետաքննող լրագրողների ինտերնետային կայքի (http://today.hetq.am) հաղորդմամբ՝ նոյեմբերի 6-ին ավարտվեց դեռ նախորդ օրը սկսված Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 600 աշխատակիցների բողոքի ցույցը:

Ըստ աշխատակիցների` ձեռնարկության տնօրինությունը պատրաստվում էր 1000 աշխատակիցներից 400-ին ուղարկել հարկադիր պարապուրդի եվ 30%-ով իջեցնել աշխատավարձերը: Միջին ամսական աշխատավարձը այստեղ 150.000- 200.000 դրամ է:

Աշխատակիցները նշել են, որ իրենցից տասնապատիկ, նույնիսկ քսանապատիկ անգամ շատ են վարձատրվում այլ տեղերից հրավիրված ռուսներն ու վրացիները: Նրանք պահանջել են ազգությամբ վրացի տնօրեն Գեորգի Դեւաձեի ու նրա թիմի հրաժարականը (վերջիններս փախել են Ագարակից), եվ որպեսզի կրճատվեն արտասահմանցի աշխատակիցների գործուղումներն ու նրանց տրվող փոխհատուցումները, իսկ իրենց աշխատավարձերի չափը մնա նույնը:

Սպասվող կրճատումները տնօրինությունը պատճառաբանում էր միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների անկմամբ:

Գործադուլը կշարուրնակվեր, եթե բողոքավորների հետ չհանդիպեր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով փորձել է մեղմել բողոքավորների զայրույթը: Ըստ մարզպետի` եթե գործադուլը շարունակվի, ապա կոմբինատն այեւեւս ի վիճակի չի լինի վերագործարկվել, ուստի հորդորել է աշխատակիցներին վերսկսել աշխատանքը:

“Ես ձեզ հետ եմ ու մինչեւ վերջ պայքարելու եմ: Դուք չեք կորցնի ձեր աշխատատեղերը: Ես խոսել եմ ձեռնարկության ղեկավարների հետ, ՀՀ նախագահի, վարչապետի հետ, ու առաջիկայում կոմբինատի սեփականատերերի հետ քննարկվելու են բոլոր հարցերը”,- ասել է Սյունիքի մարզպետը:

Հավատալով մարզպետի խոսքին` կոմբինատի աշխատակիցները արդեն ժամը 18.00-ից` 2-րդ հերթափոխին, վերսկսել են աշխատանքը: Աշխատակիցների որոշմամբ` մինչեւ կոմբինատի ղեկավարների հայտնվելը աշխատանքը կհամակարգի կոմբինատի վարչական տնօրեն Վահե Գասպարյանը:

Նոյեմբեր 07, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր