

«ԷկոԼուր»
«Ազատամտություն» թերթի (www.azatamtutyun.am) 2008թ. նոյեմբերի 15-ի թողարկման մեջ հայտնվեց Սվետլանա Հակոբջանյանի «7 ՀԱՐՑ ՔԱՎԱՐԱՆԻՑ ԵՐԿՐԻՍ ԹԻՎ 1 ԲՆԱՊԱՀՊԱՆԻՆ» հոդվածը: Հեղինակին թողնելով հոդվածի ոճը՝ «ԷկոԼուր»-ը դիմեց ՀՀ բնապահպանության նախարարություն՝ նախարար Արամ Հարությունյանից հոդվածում առաջադրված մեղադրանքների համար մեկնաբանություններ ստանալու:
Ստորեւ ներկայացնում ենք այդ հոդվածից հատված, ինչպես նաեւ «Իրավունք» թերթին (21.11.2008թ.) Արամ Հարությունյանի տված մեկնաբանությունները, որոնց վրա, ի պատասխան «ԷկոԼուր»-ի հարցման, հղում արեց ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արծրուն Պեպանյանը:
www.azatamtutyun.am՝ «…Ինչպե՞ս կբացատրի Արամ Հարությունյանը հանրությանը միայն վերջին տարվա ընթացքում սեփականաշնորհած եվ իր հարազատների անուններով ձևակերպած Հայաստանի համար ռազմավարական նշանակության հանքավայրերի ձեռք բերման փաստերը: Ահավասիկ`
1. «Ար Ես Այ» ՓԲԸ - Վայոց ձորի մարզի Մուրադսարի ոսկու հանքավայր
2. «Քանարմ Փրելս Մեթլս» ՓԲԸ- Սյունիքի մարզի Մերձարաքսյան ոսկու հանքավայր
3. «Քանարմ Փրեշս Մեթլս» ՓԲԸ-Գեղարքունիքի մարզի Վաղաշենի ոսկու հանքավայր
4. «Գ. Արշակյան» ՍՊԸ- Սյունիքի մարզի Խուստուփ-Ծավի ոսկի բազմամետաղ հանքավայր
5. «Նիգ-Ռուբշին» ՍՊԸ-Սյունիքի մարզի Բերդիքարի ոսկու հանքավայր
6. «Իմավաբլ փրոփերթի սոլյուշն» ՓԲԸ-Տավուշի մարզի Առվիձորի պղնձի հանքավայր
7. «Հանքաբուրգ» ՍՊԸ-Սյունիքի մարզի Տաշտունի ոսկու հանքավայր (Գյոզ-գյոզ տեղամաս):
….բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը միայն վերջին 1 տարում առանց հանրությանը տեղյակ պահելու կեղծ աճուրդներով նշված հանքավայրերը վաճառած եվ աստղաբաշխական գումարները գրպանած: Ահավասիկ միայն վերջին 1 տարում օտարած հանքավայրերի ցուցակը.
1. «Լուլիլար» ՍՊԸ-Լոռու մարզի Բարդուտի ոսկու հանքավայր
2. «Լուլիլար» ՍՊԸ-Գեղարքունիքի մարզի Ջիլի ոսկու հանքավայր
3. «Լուլիլար» ՍՊԸ-Կոտայքի մարզի Արզականի ոսկու հանքավայր
4. «Լուլիլար» ՍՊԸ-Տավուշի մարզի Կառնուտ, Ոսկեպար, Սառնաղբյուր պղնձի հանքավայր
5. «Լուլիլար» ՍՊԸ-Սյունիքի մարզի Փխրուտի ոսկու հանքավայր
6. «Լուլիլար» ՍՊԸ-Գեղարքունիքի մարզի Թթուջուր-ճամբարակի ոսկու հանքավայր
7. «Լուլիլար» ՍՊԸ-Գեղարքունիքի մարզի Տիգրանաբերդի ոսկու հանքավայր….»:
«Իրավունք»՝
«…Ինչ վերաբերում է իմ անվան հետ կապվող տարածքներին (չասենք՝ հանքավայր, քանի որ այդ տարածքները դեռ նման կարգավիճակ չունեն), ապա դրանցից որեւէ մեկը ոչ իմ, ոչ էլ իմ որեւէ ընկեր-բարեկամի հետ ոչ մի առնչություն չունի: Վերջապես տրամաբանակա՞ն կլիներ, որ ինչ-ինչ ստվերային քայլերով անձամբ փորձեի մտնել մի ներդրումային ոլորտ, ուր ամեն մի ներդրողի մուտքն ապահովելու համար պատրաստ ենք մեծ ջանքեր գործադրել: Ներկայացվում են հաքավայրեր, որոնք, իբր, այս տարվա ընթացքում են դարձել իմ սեփականությունը: Դա պարզապես անհնար է՝ թեկուզեւ այն պարզ պատճառով, որ ներկայումս միջգերատեսչական հանձնաժողովը վերաձեւավորման փուլում է, եւ ութ ամիս է, ինչ որեւէ աճուրդ կամ մրցույթ չի իրականացվել: Էլ չեմ խոսում այն մասին, որ հանքավայրերի շահագործման հետ կապված գործառույթներն ամբողջությամբ գտնվում են այլ գերատեսչության վերահսկողության ներքո:
Ներկայացրածս կարգի համաձայն՝ ներդրողները (այդ թվում՝ օտարերկրյա) շահել են մրցույթը ու ստացել երկրաբանահետազոտական աշխատանքների իրականացման իրավունք: Սակայն այդ հանքավայրերից մի քանիսում այդ աշխատանքները դեռ չեն էլ սկսվել, եվ, հաշվի առնելով համաշխարհային շուկաների վիճակը, դեռ հարց է, թե մրցույթները շահած տնտեսվարողները ե՞րբ կկարողանան սկսել աշխատանքները: Ընդ որում, որոշ դեպքերում այդ աշխատանքների համար մրցույթով սահմանված ժամկետները մոտենում են ավարտին եվ լրանալուն պես, ինչպես որ սահմանված է, կարող են իրականացվել նոր մրցույթներ, եվ այլ տնտեսվարողներ միգուցե փորձեն տվյալ տարածքներում գործունեություն ծավալել…»:
Նոյեմբեր 24, 2008
