

Ինգա Զարաֆյան, «էկոԼուր»
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական փորձագիտությունը իսկապես դրական եզրակացություն է տվել «Գեգամետ» ընկերությանը՝ շահագործելու Սեւանում Շորժայի եվ Ջիլի հանքավայրերը: Դա հաստատեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նոյեմբերի 25-ի արտագնա նիստի ժամանակ, երբ քննարկվում էր Սեւանա լճի խնդիրը: Սակայն, ինչպես հայտնեց նախարարը, դա չի խախտում «Սեւանի մասին» ՀՀ օրենքը, քանի որ ընկերության գործունեությունը կապված է միայն հանքանյութի արտահանման հետ, այլ ոչ մշակման («ԷկոԼուր»-ի մեկնաբանությունը՝ Սեվանի ավազանում հանքանյութի վերամշակման արգելքը ամրագրված է օրենքի 10-րդ հոդվածում): ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանի խոսքերով վերամշակումը իրականացվելու է Սեւանի ավազանից դուրս՝ Հրազդան քաղաքի ձեռնարկություններում:
Այդուհանդերձ, հանդիպման մասնակիցները՝ տեղի ՀԿ-ները, հայտնեցին, որ ընկերությունը Շորժայի շրջանում սկսել է ոչ միայն հանքավայրի շահագործումը, այլեւ հանքանյութի վերամշակումը:
Նախարարը կարգադրեց բնապահպանական տեսչությանը տեղում ստուգել տեղեկատվությունը: Մինչ տեսչությունը ստուգումներ է անցկացնում, մենք, ի գիտություն բոլորի, հայտնում ենք եւս մեկ հետաքրքիր փաստի մասին: «Գեգամետ» ընկերության բուկլետում նշված է, որ տվյալ ընկերությունը գրանցված է որպես հայ-ռուս-կիպրոսյան, իսկ նույն ընկերության մամլո հաղորդագրության մեջ այն կոչվում է հայ-ռուս-բրիտանական:
Ի դեպ, ընկերությունը ոչինչ չի հայտնում այն մասին, թե հանքանյութը պետք է վերամշակվի Սեւանի ավազանից դուրս՝ մասնավորապես Հրազդան քաղաքի ձեռնարկություններում, այլ հայտնում է, որ մտադիր է նախագծի շրջանակներում կառուցել վերամշակման մի շարք ձեռնարկություններ՝ էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներով, որոնք ընկերության հիմնադիրներից մեկի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի հավաստմամբ «լճի էկոլոգիայի համար անվնաս են»:
Դեկտեմբեր 02, 2008