«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՄԵԾԱՊԵՍ ԿՆՊԱՍՏԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՄԵԾԱՊԵՍ ԿՆՊԱՍՏԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Վիկտորյա Բուռնազյան, «ԷկոԼուր»

Եվս երկու տարի եւ Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկում` Շիրակի մարզում, կսկսի գործել «Արփի լիճ» ազգային պարկը: 

(Տես ֆոտոռեպորտաժը)

«Արփի լիճ» ազգային պարկ պետական ոչ առեւտրային կազմակերպությունը ստեղծվեց ՀՀ կառավարության ապրիլի 16-ի 405-Ն որոշմամբ: Այն միտված է պահպանելու Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի ու դրանց միջև ընկած մարգագետնատափաստանային, մերձալպյան մարգագետնային և խոնավ տարածքների էկոհամակարգերը, Արփի և Արդենիս լճերի ու Ախուրյան գետի ավազանների, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանությունը, բնության հուշարձանները: Ազգային պարկի ընդհանուր տարածքը կազմում է մոտ 62.000 հա: Պարկի տարածքում աճում է մոտ 670  տեսակի բույս, որոնցից 22 տեսակը գրանցված են Հայաստանի Կարմիր Գրքում, ապրում է 30 տեսակի կաթնասուն, որոնցից հազվագյուտ տեսակներ են Եվրոպական ջրասամույրը եւ խայտաքիսը, հայտնաբերվել է թռչունների մոտ 200 տեսակ, որոնցից 40 տեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր Գրքում:   

«Արփի լիճ. ազգային պարկի ստեղծումը հնարավոր դարձավ «Հայաստանի Շիրակի մարզում ազգային պարկի եւ արգելավայրերի ստեղծում”» ծրագրի շնորհիվ, որն իրականացնում են Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունները՝  KFW գերմանական զարգացման բանկի միջոցներով:  Ծրագրի արժեքը 2,2 միլիոն եվրո է, տեւողությունը` 3 տարի: Մեկնարկել է 2007թ. նոյեմբերին: Ծրագրի խորհրդատու, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց, որ ծրագիրն ունի 2 նպատակ` 1-ին` ստեղծել ազգային պարկ, պահպանել բնությունը, զարգացնել տուրիզմը, 2-րդ` զարգացնել ազգային պարկի բուֆերային գոտում գտնվող 14 համայնքները: «Բուֆերային գոտու համայնքները զարգացնելու նպատակն այն է, որպեսզի համայնքները զարգանան առանց վնասելու բնությունը, ապրեն ազգային պարկի հետ համահունչ»,- ասաց Կարեն Մանվելյանը եւ հավելեց, որ այդ նպատակով ծրագրի փորձագետները հանդիպումներ են ունեցել համայնքների ներկայացուցիչների հետ, կատարել մի շարք ուսումնասիրություններ:

«Արփի լիճ» ազգային պարկի  տարածքը համարվում է Հայաստանի ամենացուրտ վայրը: Այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, կաթի վաճառով: Սակայն, ինչպես ծրագրի փորձագետն է պարզել, կաթնամթերքի շուկան Հայաստանում  գերհագեցած է: Այդ պատճառով որոշվել է կաթնատու անասունների ցեղը փոխարինել մսատու ցեղով, քանի որ մսամթերք արտադրող շատ ընկերություններ միսն արտերկրից են ներկրում: «Գաղափար կա, որ բոլոր համայնքների մասնակցությամբ ստեղծվի անասնապահության ասոցիացիա, որը կզբաղվի անասնապահության զարգացման խնդիրներով, այսինքն` ցեղատեսակի փոփոխումով` կաթնատուից մսատուի: Լիմուզին ցեղն ենք մտածում այդտեղ բուծել, որը, քիչ կեր վերցնելով, շատ միս է արտադրում»,- նշեց Կարեն Մանվելյանը: Համայնքների արտադրանքը վաճառելու համար էլ Երեւանում հատուկ խանութ կբացվի, որը կզբաղվի հատուկ պահպանվող տարածքների էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների իրացմամբ եւ մարքեթինգով: Ըստ Կարեն Մանվելյանի` մտադրություն կա նաեւ, գյուղացիների խնդրանքը հաշվի առնելով, ծրագրի շրջանակներում հիմնադրամ ստեղծել, որը փոքր տոկոսադրույքներով (2-3%) վարկեր կտրամադրի, եթե ներկայացված բիզնես ծրագրերը հավանության արժանանան:   

Մինչեւ տարեվերջ նախատեսված է ստեղծել նաեւ երեք արգելավայր Արդենիսի լճի տարածքում,  որտեղ բազմանում են կռունկները, Ախուրյան գետի նախկին հունի տարածքում, որտեղ հետաքրքիր բուսատեսակներ եւ թռչնատեսակներ կան, եւ հարուստ էկոհամակարգ ունեցող Ախուրյանի կիրճում:  Թեպետ արգելավայրերը «Արփի լիճ» ազգային պարկի վարչական սահմաններից դուրս են, սակայն կառավարվելու են ազգային պարկի կողմից:

Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ Վրաստանում եւս ազգային պարկ է ստեղծվելու` «Ջավախեթի» անունով, որը պետք է համագործակցի «Արփի լիճ» ազգային պարկի հետ: «Սրանք կլինեն 1-ին անդրսահմանային պահպանվող տարածքները Կովկասում եւ հետխորհրդային տարածքում»,- նշեց  Կարեն Մանվելյանը:

Նշենք, որ բացի «Արփի լիճ» ազգային պարկից Հայաստանում գործում են «Սեւան» ազգային պարկը (հիմնադրվել է 1978թ.) եւ «Դիլիջան» ազգային պարկը (հիմնադրվել է 2002թ.):

Հուլիս 09, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր