

Մարինե Խառատյան, www.zhamanak.com
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը գնացել է Սեւան ու հեռուստաալիքների տեսախցիկների առաջ հանդիսավոր կերպով ձուկ է որսացել ու խոսել Սեւանի բնապահպանական խնդիրների մասին:
Մեզ հասած տեղեկություններով` Արամ Հարությունյանի սերը Սեւանի նկատմամբ իրոք մեծ է: Հենց այս տարածքի հաշվին է Արամ Հարությունյանը բարեկարգել իր ֆինանսական պայմանները: Այժմ նա Սեւանի կղզու հիանալի հատվածում հյուրանոցառեստորանային համալիր ունի` եղբոր անունով: Սեւանում նրա հիմնական գործընկերը Սեւանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանն է: Քանի որ Սեւանում վաճառքի քիչ բան է մնացել, նախարար Արամ Հարությունյանի նշանակած պաշտոնյաները լծվել են Սեւանի հողերը վաճառելու գործին:
Նախարար դառնալուց հետո Արամ Հարությունյանը աշխատանքից ազատել է բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի բաժնի պետին ու տեղակալ Հենրիկ Մարտիրոսյանին: Փոխարենը նշանակել է իր մարդկանց, որոնք էլ լծվել են Սեւանի հողերի վաճառքի գործին: «Այդ մարդիկ առանց օրենք հաշվի առնելու, սկսեցին վաճառել բնական պաշարները. 1 խմ ավազն իրացվում էր 2 հազար դրամով, 1 խմ սեւահողը, որ օրենքով անթույլատրելի է այդ հողի շարժը` 2500 դրամով, իսկ 1 քմ ճիմն էլ իրացվում էր 500 դրամով: Ընդհանուր առմամբ, իմ հաշվարկներով, 307 մլն դրամի վնաս է եղել պետությանը», - երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց գիտնական Հենրիկ Մարտիրոսյանը:
Նախկին պաշտոնյան կատարվող ապօրինությունների մասին երկու ամիս առաջ տեղեկացրել է վարչապետին ու գլխավոր դատախազին, սակայն վարչապետից մինչ օրս պատասխան չի ստացել, իսկ գլխավոր դատախազությունը հերթական անգամ պատասխանել է, թե` խմբեր կուղարկեն, կգան, կստուգեն: «Ես իրենց ներկայացրել եմ փաստեր, որ Սեւանի Չերյոմուշկա թաղամասը վերածում են անապատի: 4 հեկտար բուսահող է կտրվել: Կտրված, շարված բուսահողերը նկարել, ուղարկել եմ երկրի վարչապետին, բնապահպանության նախարարություն: Բայց ինձ մինչեւ հիմա չեն պատասխանել: Հիմա լսել եմ, որ նորից 10 հեկտար ուզում են կտրել, տանել պաշտպանության նախարարության համար: Դրանով 220 մլն վնաս է տրվում ՀՀ-ին»:
Նախկին պաշտոնյան ասում է, որ Սեւանում լուրջ խնդիրներ կան նաեւ ջրօգտագործման եւ բնապահպանական վճարների մասով, սակայն իր դիմումներին թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ վարչապետը չեն արձագանքում: «Եթե չեն արձագանքում, ուրեմն իրենց թողտվությամբ է կատարվում ամենը», - եզրակացնում է Հենրիկ Մարտիրոսյանը:
Դեկտեմբեր 11, 2009
