

ԷկոԼուր
Հերթական ահազանգն են հնչեցնում երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստները: Ինչպես վկայում է Մարիամ Սուխուդյանի կողմից «ԷկոԼուր»-ին տրամադրված տեսանյութը (http://www.youtube.com/watch?v=ZHfnETHfJQQ), Ազատի ջրամբարում հունվարի 12-ին 9 որսորդ է եղել: Մարիամ Սուխուդյանը պատմում է. «Մենք արշավի էինք գնացել Ազատի ջրամբարում գտնվող հանքային աղբյուրներ: Իջանք ներքեւ, եւ ես մի քանի կրակոց լսեցի եւ զինված մարդ տեսա: Նա գետի մյուս ափին էր: Նա նկատեց, որ ես նկարում եմ իրեն: Ես նրա հետւից չգնացի, այլ մեր խմբի հետ իջա աղբյուրների մոտ: Այնտեղ մենք լողացանք եւ, նույն ճանապարհով հետ վերադառնալիս, արահետում տեսանք որսորդական թակարդներ: Որոշ ժամանակ անց մենք անցանք որսորդների խմբի կողքով: Նրանցից մեկի ձեռքին որսած կենդանի կար, բայց ես չկարողացա տեսնել, թե ինչ կենդանի էր: Ես ավելի վեր բարձրացա եւ սկսեցի հետեւել նրանց: Նրանք խմում էին, ինչ-որ նշանակետերի կրակելով զվարճանում էին: Նրանք մեզ նկատեցին եւ սկսեցին նայել հեռադիտակով, իրար ինչ-որ բան հարցնել, եւ մենք գնացինք» (Տես լուսանկարները):
Բացատրության համար դիմեցինք «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանին: Պարզ դարձավ, որ տեսանյութում եւ լուսանկարներում ֆիքսված Ազատի կիրճի հատվածները պատկանում են Արարատի մարզի Արտաշատի շրջանի համայնքային հողերին: Տարածքի մի մասը հարում է Խոսրովի արգելոցին, բայց չի մտնում նույնիսկ արգելոցի բուֆերային գոտի: «Տեսնու՞մ եք որսորդների խփած վրանը: Այդ տարածքում թույլատրվում է որս անել: Մենք հսկողություն ենք իրականացնում միայն արգելոցի տարածքում»,- նշեց Բարսեղյանը: Նա կիսեց «կանաչ պաշտպանների» այն անհանգստությունը, որ որսորդները կարող են անցնել արգելոցի սահմանը: «Իհարկե, մեզ չի կարող չանհանգստացնել արգելոցի կողքին որսորդների ներկայությունը: Ռիսկի տակ են գտնվում կենդանիների անցման միգրացիոն միջանցքները: Դրա համար, առաջին հերթին մենք հսկողություն ենք իրականացնում հենց այդ միջանցքներում: Վերջին ամսվա ընթացքում մենք գտել ենք որսի 13 անօրինական միջոց, որոնք նման են Մարիամ Սուխուդյանի նկարածներին: Մենք բոլորը լիկվիդացրել ենք եւ փոխանցել ենք բնապահպանական պետական տեսչությանը»,- հայտնեց Խոսրովի արգելոցի տնօրենը:
Հետգրություն: Ինչպես հայտնի է, Խոսրովի արգելոցի սահմանները վերջին ժամանակներս փոխվել են, երբ արգելոցից օօտարվեցին երկու` սկզբունքորեն կարեւոր տարածքներ` Ուցասարի լեռնաշղթան եւ Գիլանի հատվածը: Բացառված չէ, որ Խոսրովից այդ տարածքների օտարումը ոչ միայն կրճատում է արգելոցի սահմանները, , այլ նաեւ վտանգի է ենթարկել բուֆերային գոտու գործելը:
Փետրվար 10, 2010
