ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ Է

Նելլի Դանիելյան, «Ռադիոլուր»

Հայաստանյան արգելավայրերը այս տարիր կավելանան եւս երկուսով, այսօր հայտարարել են բնապահպանության նախարարության եւ ՄԱԿ- ի հայայստանյան գրասենյակի ղեկավարները` պահպանվող տարածքների զարգացման նոր հայեցակարգի ներկայացման ժամանակ:

Խուստուփ, Գնիշիկ եւ Զանգեզուր արգելավայրերում առաջիկայում չի բացառվում գյուղացիական փոքր արտադրամասերի գործունեությունը: Եթե մինչեւ հիմա նման քայլը հատուկ պահպանման ռեժիմի խախտում էր համարվում, ապա մոտ ապագայում կարող է դառնալ միանգամայն թույլատրելի:

Երեք նորաստեղծ արգելոցներն ընտրվել են հենց այս ծրագրի փորձարկման համար: Եթե 5 տարի անց արդյունքները գոհացնեն, նոր մեթոդը կարող է կիրառվել նաեւ մյուս պահպանվող տարածքներում: Թե ինչպիսի գործունեությունն է թույլատրվելու արգելոցների տարածքում, ներկայացրեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

«Հնարավորություն ընձեռենք էկոլոգիական մաքուր մթերքների փոքրիկ արտադրությունների` մսամթերքների, մեղվապահություն, հազվագյուտ բույսերի եւ կենսառեսուրսների պահպանման եւ կատարելագործման համար»։

Ի տարբերություն պատկան մարմինների՝ հասարակական կառույցների ներկայացուցիչները չեն շտապում այս ծրագրի հետ մեծ հույսեր կապել: «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»- ի նախագահ Կարինե Դանիելյանի կարծիքով՝ հայեցակարգը թղթի վրա լավն է, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես այն կիրականացվի:
 
«Թղթի վրա մեզ մոտ ամեն ինչ ստացվում է, դուրս ենք գալիս բնություն, տեսնում ենք դեգրադացվում է, տեսնում ենք միայն կորուստները: Կարեւորը, որ մենք բնության մեջ արդյունքներ տեսնենք»:

Ինչ վերաբերվում է բնության պահպանության ներկա վիճակին, Արամ Հարությունյանը չթաքցրեց, որ խնդիրները շատ են եւ ներկայացրեց որսագողության անցյալ շաբաթվա վիճակագրությունը:

«Անցյալ շաբաթ մենք ունենք 5 դեպք բացահայտված: Երկուսը վերաբերում է ձկնագողությանը` մեկը Սեւանի ավազանից 500 ձուկ ենք առգրավել եւ համապատասխան ընթացք ենք տվել: Երկրորդը Վայոց ձորի Արփի գետից հոսանքի միջոցով ձկնագողությանը: Գործերը հարուցվել են, տրվել քննչական մարմիններին, 1600 ձուկ: Եվ երեք որսագողության դեպք, զենքերը առգրավվել են, ընթացք է տրվել»։

Լրագրողները նախարարին խնդրեցին մեկնաբանել նաեւ Խոսրովի արգելոցի տարածքում Գիլանի արգելավայրի սահմաններում հյուրանոցային համալիրի կառուցման մասին մամուլի հրապարակումները:

«Ես ինքս այցելե եմ այնտեղ, տեսել եմ, հյուրանոցային համալիր այնտեղ չի կառուցվում: Գիլան արգելավայրի օրենսդրական եւ կանոնադրական ռեժիմներով թույլատրվում է: Որպես սեփականություն չի հանձնված, վարձակալության է տրված` կառավարության համապատասխան որոշումներով եւ ընթացակարգերով»։

Իսկ թե ով եւ ինչ է կառուցում Խոսրովի արգելոցում, Արամ Հարությունյանը չբացահայտեց:

Փետրվար 10, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր