Tert.am
Ճապոնական «Շիմիձու» կորպորացիայի կողմից Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման և այրման ծրագիրն ընթացքի մեջ է: Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը, թափոնակուտակիչում փորվել են հորատանցքեր, մեթան գազը մղվում է կենտրոնական ուղղահայաց խողովակ և այրվում, տարածքը ծածկվել է հերմետիկ թաղանթով և հողի շերտով։
Գ. Խաչատրյանի տեղեկացմամբ` ծրագրի տևողությունը 16 տարի է։ Շուրջ 5,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը ֆինանսավորում է ճապոնական կողմը: Արդեն ներդրվել է 2.75 մլն ԱՄՆ դոլար։
Պայմանագրի գործողության ժամանակահատվածում` մինչև 2023թ., պետք է իրականացվի 512 հազար տոննա СO2-ի համարժեք արտանետումների սերտիֆիկացված կրճատում։
Նշենք, որ անցած 50 և ավելի տարիների ընթացքում Նուբարաշենի աղբավայրում կուտակվել է ավելի քան 7.5-8.0 մլն տոննա կենցաղային աղբ։ Մայրաքաղաքի տարածքից օրական միջին հաշվով քաղաքային աղբավայր է տեղափոխվում 500-550 տոննա կամ տարեկան 185-190 հազար տոննա կենցաղային աղբ։
Փետրվար 18, 2010
