

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունն անտեսում է հասարակության կողմից բարձրացված ահազանգները «Deno Gold Mining» ընկերության կողմից Կապան եւ Գեղանուշ համայնքների տարածքները թափոններով աղտոտման վերաբերյալ:
«Մեզ անհանգստացնում է այն փաստը, որ առ այսօր թափոնավայրը չունի անձնագիր, եւ հայտնի չէ, թե որ դասակարգին է պատկանում այն: Ինչո՞ւ մինչև այսօր բնապահպանության նախարարությունը չի տրամադրում այդ անձնագիրը եւ չի պարզում թափոնավայրի դասակարգը, որից էլ հայտնի կլինի սահմանված բնավճարների չափը: Իսկ որ ամենակարևորն է, դրանց առկայության դեպքում Կապան և Գեղանուշ համայնքները պահանջատիրոջ իրավունքով եւ ոչ թե աղերսալի խնդրանքներով կարող են լուծել իրենց համայնքներում առաջացած բնապահպանական եւ սոցիալական շատ հիմնախնդիրներ»,- նշված է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ուղղված «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի 2010թ. ապրիլի 13-ի թիվ 012 նամակում:
Որպես հիմնավորում ՀԿ-ն մատնանշում է մի շարք բնապահպանական օրենքների դրույթներ, որոնց կատարումը պարտադիր են ինչպես ընկերության, այնպես էլ պետական վերահսկողական մարմինների համար:
«ՀՀ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» օրենքի 4 հոդվածի բ) ենթակետում ամրագրված է` Բնապահպանական վճարների տեսակներն են արտադրության եւ սպառման թափոնները (շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար), իսկ ՀՀ «Բնապահպանական վճարների դրույթաչափերի մասին» օրենքի 3 հոդվածի ա) ենթակետում ամրագրված է` Շրջակա միջավայրում արտադրության եւ սպառման թափոնների յուրաքանչյուր տոննայի սահմանված կարգով տեղադրման, պահման համար վճարի դրույքաչափերն են «հատուկ հատկացված տեղերում» (բացառությամբ արդյունաբերական հրապարակների) թափոնների տեղադրման համար` առաջին, երկրորդ, երրորդ եւ չորրորդ դասի վտանգավերության թափոններ: ՀՀ «Թափոնների մասին» օրենքում հստակ ամրագրված է, որ թափոնների պետական հաշվառումը, անձնագրավորումը եւ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելը իրականացնում է բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը»:
Ապրիլ 15, 2010
