

Էկոլուր
Մայիսի 22-ին ամբողջ աշխարհում նշում են կենսաբազմազանության միջազգային օրը: Ավանդաբար այն նշվում է նաև Հայաստանում: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՄԱԿ-ը 2010 թվականը հայտարարել է «Կենսաբազմազանության միջազգային տարի», ապա պարզ է դառնում, թե ինչու շաբաթ օրը Երևանում և երկրի այլ շրջաններում տարաբնույթ միջոցառումներ կանցկացվեն, որոնց կմասնակցեն մեր հասարակության ամենալայն շերտերի ներկայացուցիչները, և ամենակարևորը` երեխաները:
Աշխարհում, համաձայն տարբեր տվյալների, հաշվվում է 2 000 000-ից մինչև 100 000 000 տեսակի բույսեր և կենդանիներ: Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի փորձագետների հաշվարկներով, ամենաքիչը ամեն տարի աշխարհը կորցնում է 200-ից 2000 տեսակ: Եթե ամենաբարձր սահմանը հաշվարկվի, ապա ամեն տարի ոչնչանում է 10 հազարից մինչև 100 հազար տեսակ:
Հայաստանում այս թվերն ունեն իրենց մասնավորեցումը: Ոչնչացման եզրին է Հայաստանի վայրի բնության զարդը` առաջավորասիական ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզորայան այծը: Հայաստանի նոր Կարմիր գրքում միայն 155 տեսակի ողնաշարավոր և 155 տեսակի անողնաշարավոր կենդանիներ, 463 տեսակի բարձրակարգ բույսեր և 40 տեսակի սնկեր են գրանցվել:
Ընձայռուծին փրկելուն է նվիրված Երևանի կենդանաբանական այգում անցկացվող միջոցառումը, որը կազմակերպել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:
Միջոցառման զարդը ընձառյուծին նվիրված դպրոցականների աշխատանքներն են` խաղալիքներ, նկարներ, կոմպոզիցիաներ և նվերներ` ընդհանուր առմամբ` մոտ 150 աշխատանք:
Համարյա միաժամանակ «Նովոստի» ակումբում կսկսվի ՀՀ Բնապահպանության նախարարության և Տեխնիկական աջակցության գերմանական միության` GTZ-ի համատեղ մամլո ասուլիսը: Մամուլի ասուլիսից հետո լրագրողները կուղևորվեն Աշտարակի ձոր, որտեղ երևանյան 4 դպրոցների աշակերտներ կներկայացնեն Քասախ գետի համակարգի կենսաբազմազանության վերաբերյալ արած սեփական հետազոտության արդյունքները: Միջոցառումը անցկացվում է կենսաբազմազանության կայուն կառավարման ծրագրի շրջանակներում:
Երիտասարդ կենսաբանների ասոցացիան Երևանի Օրհուս կենտրոնի հետ համատեղ «Հաղթանակի» այգում կկազմակերպի նկարների ցուցահանդես` նվիրված բուսական և կենդանական աշխարհի այն տեսակներին, որոնք ոչնչացման եզրին են:
«Էկոլուրը» հիշեցնում է` մարդը բնության մասնիկն է: Բայց ի տարբերություն կենդանիների` մարդը պատասխանատվություն է կրում բնության համար: Եթե մենք դա չհասկանանք, ապա կստանանք համապատասխան արձագանք: Բնությունը մեզ դուրս կնետի գլոբալ էկոհամակարգից` որպես իրեն օտար տարր: Պաշտպանե՛նք մեր բնությունը և թույլ չտանք այն վաճառել ՈՉ ՈՔԻ:
Մայիս 21, 2010 at 17:01
