ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆ

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆ

Արթուր Հովհաննիսյան, Հայոց Աշխարհ
  
Անհանգստություն եւ աղմուկ՝ դեռ չկառուցած

Հայաստանի տարածքում ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով կառավարությունը մտադրություն ունի կառուցել նոր պահեստարան։
 
Այդ պահեստարանի կառուցումը դեռ չի սկսվել, ընդամենը սկսվել են մեր երկրի տարածքում հիշյալ նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզի կազմման աշխատանքները եւ համապատասխան հետազոտությունները։
  
Արարատի մարզպետ Վ.Հովակիմյանին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Ի.Իսայանի հասցեագրած մի գրությունից հայտնի է դառնում, որ աշխատանքները նախատեսված է կատարել Արարատի մարզի Ուրցալանջ եւ Զանգակատուն համայնքների տարածքում։ Հատկապես վերջինի բնակչությունն անհանգստացած է ու դեմ է դրա կառուցմանը։ Ավելին՝ դեմ է նույնիսկ հետազոտական աշխատանքներին։
  
Ըստ բնակիչների, բնակավայրից մինչեւ նախատեսված պահեստարան եղած հեռավորությունն ընդամենը 600-700 մետր է, իսկ կառուցվելիք պահեստարանի ընտրված վայրը համայնքի սեփականաշնորհված շուրջ 600 հա վարելահողերի եւ արոտավայրերի կենտրոնում է։
  
Ինչպես ներկայացրել են համայնքի բնակիչներ Ավագ Նազարյանը, Վիլսոն Մայիլյանը, Գրիգոր Խաչատրյանը եւ ուրիշներ, նշված տարածքից 100-300 մետր հեռավորության վրա, տարբեր տեղամասերում աղբյուրներ կան, երեք գյուղերի (Պ.Սեւակ, Տիգրանաշեն, Երասխ) ոռոգման ջրագիծը եւ ջրավազանը նշված տարածքից մոտ 200 մ հեռավորության վրա է։ Ըստ նրանց, տվյալ տարածքում առանց այն էլ կա ռադիոակտիվ տարրերի բնական ճառագայթում (խոսքը բնական ճառագայթային ֆոնի մասին է, որն այլ վայրերում էլ կա), ինչպես նաեւ սնդիկ։
  
Իբրեւ հակափաստարկներ, բնակիչները նշել են նաեւ կառուցվելիք պահեստարանի նախատեսված տարածքում «Կարմիր գրքում» գրանցված հազվագյուտ, անհետացող բույսերի եւ ծառատեսակների առկայության, ինչպես նաեւ սահմանամերձ Զանգակատուն համայնքից եւ շրջակա լեռնային գյուղերից բնակչության ՝վերահաս վտանգով պայմանավորված արտահոսքի մասին։
  
Զանգակատուն համայնքի անունից բնակիչները դիմել են «Էկոլուր» ՀԿ-ին՝ իրենց համայնքում առկա էկոլոգիական խնդիրները բարձրացնելու համար՝ կապված քարտեզի կազմման աշխատանքների հետ։ Ավելին՝ համայնքի անունից հանդես եկող մի խումբ բնակիչների եւ ՀԿ-ի միջեւ այդ կապակցությամբ 2010թ. մայիսի 15-ին համագործակցության հուշագիր է ստորագրվել։
  
-Այն կազմակերպությունը, որը պետք է կատարի աշխատանքները, ներկայացրեց այնպես, որ պահեստարանը նախատեսված է մունիցիպալ թափոնների համար, որոնց մեջ կարող են լինել նաեւ ռադիոակտիվ իզոտոպներ,- մեզ հետ զրույցում ասաց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ ԼԻԼԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԸ:
  
-Կարծում եմ, ճիշտ տեղեկատվություն չներկայացվեց, որովհետեւ մունիցիպալ թափոնների հետ իզոտոպները չեն թաղվում, հատուկ պայմաններ կան իզոտոպների հաշվառման, գրանցման, նրանց թաղման վերաբերյալ, եւ դրանք հատուկ պայմաններում են թաղվում։ 

Լ.Սիմոնյանի տեղեկացմամբ, նախկինում (50-ական թթ.) ռադիոակտիվ իզոտոպների թաղման վայրը եղել է Սովետաշենի եւ հոգեբուժարանի միջեւ եղած տարածքում։ Այնտեղ համապատասխան կազմակերպության միջոցով թաղվել են իզոտոպներ օգտագործող գիտական լաբորատորիաներից, բուժհիմնարկներից, տարբեր ձեռնարկություններից բերված ռադիոակտիվ նյութերը։
  
Հետագայում հաշվի առնելով, որ տվյալ գերեզմանոցը սողանքային գոտում է, եւ որ հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների տարբեր գերեզմանոցներ կամ պահեստարաններ չստեղծվեն, նկատի ունենալով նաեւ, որ Մեծամորում արդեն կա ՀԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների թաղման վայր, այնտեղ ստեղծվել է նույնատիպ մի պահեստարան, որտեղ Սովետաշենի գերեզմանոցից, ինչպես նաեւ երկրի տարբեր ձեռնարկություններից հավաքվել ու տարվել են հիշյալ ռադիոակտիվ նյութերը։
  
Ըստ Լ.Սիմոնյանի, Օրհուսի կենտրոնում մոտ մեկ շաբաթ առաջ տարբեր ՀԿ-ների, աշխատանքների կատարման պատվիրատուի (էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության) եւ պատվերը կատարող «Երեւանի պետական համալսարանի երկրաբանական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ նախարարության եւ ընկերության ներկայացուցիչները ո՜չ թաղվելիք թափոնների տեսակները եւ հատկությունները, ո՜չ էլ դրանց քանակներն են հայտնել։
  
-Կա՜մ չգիտեին, կա՜մ չուզեցին հայտնել,- եզրակացրեց փորձագետը։ -Ռադիոակտիվ նյութերի քանակից, ակտիվությունից, նաեւ նրանից, թե քանի տարվա համար է պահեստարանը նախատեսված, կախված են սանիտարական պաշտպանական գոտու տարածքները։

ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ
Արթուր Հովհաննիսյան, Հայոց Աշխարհ

Հայաստանի տարածքում ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով կառավարությունը մտադիր է կառուցել նոր պահեստարան, իսկ նախանշված վայրը Արարատի մարզի Զանգակատուն եւ Ուրցալանջ համայնքների տարածքն է։ Այդ նպատակով նախ անհրաժեշտ է կատարել ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզի կազմման աշխատանքներ, համապատասխան ուսումնասիրություններ, որոնք, սակայն, տեղի բնակչության կողմից խոչընդոտվել են։

Վերը նշվածի առնչությամբ է մեր հարցազրույցը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից հիշյալ աշխատանքների կատարման պատվերը մրցույթով ստացած «Երեւանի պետական համալսարանի երկրաբանական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ¬ի տնօրեն, նույն համալսարանի աշխարհագրության, երկրաբանության ֆակուլտետի դեկան ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ, որը որոշակի փաստարկներով հերքում է տեղի բնակչության եւ բնապահպանների մտահոգությունները՝ հրապարակված «Հայոց Աշխարհ»¬ի նախորդ համարում։

-Ի՞նչ աշխատանքներ եք սկսել, եւ ինչո՞վ է պամանավորված ռադիոակտիվ, քիմիական վտանգավոր նյութերի պահեստարանի կառուցման անհրաժեշտությունը։

-Մենք կատարում ենք ընդամենը հետազոտություններ, որոնց հիման վրա կառավարությունը հետագայում որոշում կկայացնի՝  կառուցե՞լ այնտեղ այդ պահեստարանը, թե՞ ոչ։ Այդ աշխատանքները կատարում ենք կառավարության որոշման եւ պետպատվերի համաձայն։
  
Կառավարությունը ճիշտ որոշում է կայացրել՝  խնդիր առաջադրելով երկրի տարածքում ընտրել այնպիսի վայր, որը երկրաբանական տեսակետից, ապարների, գրունտների հատկությունների, ջրաերկրաբանական պայմանների, սողանքային երեւույթների, երկրաշարժերի առաջացման տեսակետից կլինի առավել անվտանգն ու նպատակահարմարը՝ կառուցելու միջազգային ժամանակակից նորմերին համապատասխանող պահեստարան։ Այնպիսի պահեստարան, որտեղ կարելի է կենտրոնացնել ու պահել ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութեր ու թափոններ՝ բժշկական լինեն, գյուղատնտեսական, թե այլ, բացի ՀԱԷԿ¬ի ռադիոակտիվ թափոններից։
  
Այդ պահեստարանում կարող են պահվել, օրինակ, գիտական, բժշկական հաստատությունների ռադիոակտիվ նյութերն ու թափոնները, Հայաստանում կուտակված հսկայաքանակ ժամկետանց դեղորայքը, Նուբարաշենի եւ այլ թունաքիմիկատների գերեզմանոցներում եղած, գյուղատնտեսության մեջ օգտագործման համար արգելված ու շրջակա միջավայրի համար վտանգավոր թունաքիմիկատները եւ այլն։ Հայաստանն այսօր չունի այդպիսի պահեստարան։

Ճիշտ է, կան ռադիոակտիվ իզոտոպների պահպանման պահեստարան (ՀԱԷԿ¬ի տարածքում), ինչպես նաեւ արգելված թունաքիմիկատների մի քանի պահեստարաններ, սակայն դրանցից որեւէ մեկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Այսինքն՝ ինչպես Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի օրինակը ցույց տվեց, Հայաստանի տարածքն աղտոտվում է այդպիսի թունաքիմիկատներով, ինչը մեծ վտանգ է ներկայացնում մեր բնակչության համար։ Նաեւ՝ վտանգավոր թափոններով է աղտոտվում։ Այս բոլորը վերջապես լցվում է ջրի մեջ, հայտնվում ջրային ավազանում, որից օգտվում են տարբեր մարզերի բնակիչներ։

Նշված բարձիթողի վիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է համապատասխան պահեստարան, որը կառուցելու համար կառավարությունը նույնիսկ այս ծանր պայմաններում միջոցներ հատկացրեց՝ ուսումնասիրություններ կատարելու եւ ընտրելու այն տեղամասը, որը հետագայում կարող է օգտագործվել տվյալ տարածքում պահեստարան կառուցելու համար։

-Աշխատանքների կատարման համար ի՞նչ ժամկետ է նախատեսված, եւ հիմա ո՞ր փուլում եք։

-Աշխատանքների համար 6 ամիս է նախատեսված՝ այս տարվա հունվարից մինչեւ հունիսի վերջը։ Սակայն նախատեսված աշխատանքներն այդ ժամկետում չենք հասցնի կատարել, քանի որ մեզ չթողեցին անհրաժեշտ հետազոտությունները շարունակել։

Այդ աշխատանքները համալիր բնույթ ունեն, նախատեսված են տարբեր տիպի երկրաբանական ուսումնասիրություններ, երկրաֆիզիկական, հորատման աշխատանքներ, սակայն հորատման աշխատանքները 17 մետրի հասնելուց հետո դադարեցվել են։ Կատարել ենք աշխատանքների մի աննշան մասը՝ մոտ 15 մլն դրամի, մինչդեռ պատվիրված աշխատանքների ամբողջ ծավալը 119 մլն դրամ է։
  
Խնդիրն այն է, որ բնակիչները կազմակերպել են զանգվածային ցույցեր, հարձակվել մեր ընկերության աշխատակիցների վրա, սպառնացել են նաեւ մեքենաները, սարքավորումները ջարդել. այդպիսի մի քանի փորձ է եղել։ Ընդ որում, այդ սարքավորումները շատ թանկարժեք են, մի մասը մերն է, մյուս մասը վարձակալությամբ վերցրել ենք այլ կազմակերպություններից, հետեւաբար լրջորեն մտահոգված ենք ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ այդ սարքավորումների անվտանգությամբ։
  
Արարատի մարզպետարանից խոստացան մեզ օգնել, ապահովել անվտանգությունը, բայց ընդամենը խոստում եղավ։ Ես դիմել եմ ե՜ւ վարչապետին, ե՜ւ փոխվարչապետին, ե՜ւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին։ Դիմել եմ նաեւ Արարատի մարզի ոստիկանապետին, որ ապահովեն մարդկանց անվտանգությունը, բայց մինչ օրս խնդրի որեւէ լուծում չենք ստացել։
  
Հորատման աշխատանքները մարտի 25¬ից դադարեցված են։ Եղել են տարբեր մակարդակի քննարկումներ՝ փոխվարչապետի մոտ, մարզպետարանում, նախարարությունում, բայց խնդիրը չի լուծվել։ Ըստ պայմանագրի, եթե չեն ապահովում տվյալ տարածքում մեր աշխատանքների անվտանգությունը, իրավունք ունեմ պայմանագիրը միակողմանի լուծել, եւ ընկերության մտադրության մասին արդեն գրավոր հայտնել եմ պատվիրատուին։

Պատասխան կամ արձագանք դեռ չեմ ստացել։ Սակայն իմ նպատակը, ցանկությունը ոչ թե պայմանագրի լուծումը եւ աշխատանքների դադարեցումն է, այլ դրանք ավարտին հասցնելը, որովհետեւ այդ պահեստարանը խիստ անհրաժեշտ է մեր երկրին։ Այն շատ կարեւոր բնապահպանական խնդիր է լուծելու, եւ որեւէ վտանգ չի ներկայացնի բնակչության համար։

Ցավալի է, որ շատ բնապահպաններ, որոնք տեղյակ չեն, ունակ չեն կամ չեն էլ ցանկանում ընկալել բուն խնդիրը, բնակիչների մտահոգություններն ավելի են խորացնում, ինչ¬որ սարսափելի հեռանկար գուշակում, թյուր կարծիք ստեղծում բնակչության շրջանում ու խուճապի տեղիք տալիս, անտեղի միջամտում եւ խոչընդոտում մեր աշխատանքները։

-Անդրադառնանք այն հարցին, թե ինչո՞ւ է հատկապես այդ տարածքն ընտրվել եւ առաջարկվել։

-Մինչեւ նախագիծ¬նախահաշիվ կազմել¬ներկայացնելը, մենք ամբողջ երկրի տարածքում երկրաբանական, ջրաերկրաբանական կառուցվածքի, սողանքային երեւույթների, սեյսմաակտիվության տեսակետից կատարել ենք համապատասխան ուսումնասիրություններ՝ օգտագործելով նաեւ տիեզերքից եւ օդից կատարված լուսանկարները։ Տվյալ տարածքը այսօրվա դրությամբ երկրի միակ, ամենահեռանկարային, բոլոր առումներով ամենաապահով, ամենաանվտանգ տեղամասն է։

Էականն այն չէ, որ այդ տեղամասը Զանգակատուն ու Ուրցալանջ գյուղերից 2,5-3 կմ հեռավորության վրա է։ Կարեւորն այն է, որ պահեստարանի նախանշված տարածքի տակ, մինչ այժմ ձեռք բերված բոլոր տվյալների համաձայն, բացակայում են ստորգետնյա ջրերը եւ, նույնիսկ ծայրահեղ դեպքում, բացառված է վտանգավոր նյութերի թափանցումը ստորգետնյա ջրային համակարգ։

Ավելին. ընտրված տեղամասում եղած երկրաշարժերը, մինչ այժմ գոյություն ունեցող բոլոր տվյալների համաձայն, 5 բալը չեն գերազանցել։ Երբ ԽՍՀՄ տարիներին նախատեսվում էր Հայաստանում ԱԷԿ կառուցել, ընտրված տեղամասերից մեկը հենց այդտեղ էր։ Չկառուցվեց միայն այն պատճառով, որ ատոմային էլեկտրակայանի աշխատանքի համար մեծ ծավալի ջուր է անհրաժեշտ, իսկ Զանգակատան մոտակայքում այդքան ջուր չկա։

Մենք ուսումնասիրություններ ենք կատարում, եւ ինչ տվյալներ եղան, դրանք ենք ներկայացնելու մեր հաշվետվությամբ։ Եթե ստորգետնյա ջրեր եղան, կգրենք, որ ջրեր կան եւ տվյալ տարածքը պահեստարանի առումով ոչ հեռանկարային է։ Չի կարող այնտեղ ջուր կամ սողանք լինել, եւ մենք ներկայացնենք, թե ջուր կամ սողանք չկա, քանի որ վաղը, երբ այդ ամենի մասին հայտնի դառնա, մենք, որպես մասնագետներ, պատասխան պիտի տանք։

Այնուամենայնիվ մարդը սխալական արարած է, եւ ձեր ընկերության մասնագետներն էլ իրավիճակի գնահատման առումով կարող են սխալվել, մինչդեռ այդ սխալը կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ։ Նպատակահարմար չե՞ք համարում, որ ձեր ուսումնասիրությունից հետո մեկ այլ կազմակերպություն էլ ուսումնասիրություն կատարի՝ սխալը հնարավորինս բացառելու նպատակով։
 
Կառավարությունը մեր տված արդյունքները, օրենսդրության համաձայն, պետք է ուղարկի փորձաքննության, եւ եթե հարկ լինի, դրանք նորից ճշտվելու, ստուգվելու են։ Բնակիչների եւ բնապահպանների մտահոգությունն անհիմն եւ ավելորդ է նաեւ այն առումով, որ չի նախատեսված վերգետնյա պահեստարանի կառուցում։

Թեեւ տվյալ տարածքում 5¬րդ կատեգորիայի, այսինքն՝ քարքարոտ հողեր են (որտեղ, ի դեպ, ոչ միայն Կարմիր գրքում գրանցված, հազվագյուտ, այլեւ ընդհանրապես որեւէ ծառատեսակ չկա), առաջարկվում է կառուցել ստորգետնյա պահեստարան՝ մակերեսից առնվազն 150 մետր խորության վրա։ Դրա մուտքը լինելու է ձորի ներքեւի մասից, ավելին՝ 4 քառակուսի կիլոմետր մակերես (2 կմ երկարություն եւ 2 կմ լայնք) ունեցող պահեստարանը ձորից բավականաչափ հեռու է լինելու, մուտքից մինչեւ պահեստարան առաջարկվում է անցկացնել 1,5 կմ երկարության թունել։

Հնարավոր չէ՞ ռադիոակտիվ իզոտոպները պահել այն պահեստարանում, որտեղ հիմա պահվում են ՀԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնները։

-Այնտեղ ժամանակավոր խնդիր է լուծված, պետությունը, վաղ թե ուշ, պետք է ինչ¬որ լուծում գտնի, քանի որ այն ժամանակավոր պահեստարան է։ Ժամանակավոր, քանի որ չի բավարարում այսօրվա միջազգային չափանիշներին։

Հունիս 18, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր