

News.am
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը պետք է տեղափովի իր ներկայիս վայրից, քանի որ այն գտնվում է սողանքային գոտում։ Հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը նման մտահոգությունը հայտնեց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ միջավայրի» ՀԿ փոխտնօրեն Լիլիկ Սիմոնյան։
«Հիմնական պատճառը, որ անհանգստացնում էր, չի վերացել, սողանքը մնացել է ակտիվ։ Այն կարող է ավելի ակտիվանալ եւ հատկապես թունաքիմիկատների գերեզմանոցում, որովհետեւ այդ գոտում 500 տոնա քիմիկատ են թաղել, հանած հողն էլ վրան են լցրել եւ հիմա կողքերից աղտոտված հողը ավելացրել են, ավազ են լցրել, բետոնով ծածկել, ինչը հողն էլ ավելի է ծանրացնում եւ մեծացնում սողանքի հավանականությունը»,-ասաց Լիլիկ Սիմոնյանը։
Ըստ փորձագետի՝ խնդրին հնարավոր կլինի լուծում տալ միայն այն դեպքում, եթե գերեզմանոցը տեղափոխվի սողանքային գոտուց։
«Շատ ավելի ճիշտ կլինի, եթե այդ թունաքիմիկատները հանրապետությունից դուրս տանեն եւ դրսում չեզոքացնեն»,-ասաց փոձագետը՝ հավելելով, որ հետազոտությունները ցույց են տվել, թե գերեզմանոցում թաղված թունաքիմիկատները դեռ պահպանում են իրենց ակտիվությունը։
Հուլիս 09, 2010
