Ոսկի ունեցող Քարաբերդում համայնքապետարանը տեղակայված է վագոն տնակում

Ոսկի ունեցող Քարաբերդում համայնքապետարանը տեղակայված է վագոն տնակում

Ոսկու և արծաթի պաշարներով հարուստ Լոռու մարզի Քարաբերդ համայնքն ապրում է աղքատության մեջ: Համայնքապետարանի «շենքը» վագոն տնակ է, որտեղ նույնիսկ համակարգիչ չկա: Քարաբերդի ոսկու հանքի շահագործման համար «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի կողմից Քարաբերդին դեռ 2012թ-ին տված սոցիալական աջակցության խոստումները տարիներ շարունակ կյանքի չեն կոչվել:

1990թ-ին վերականգնված Քարաբերդ գյուղը չունի ոչ դպրոց, ոչ մանկապարտեզ, ոչ բուժկետ, ոչ ոռոգման համակարգ: Գյուղի տեսանելի հարստությունը տեղի շռայլ բնությունն է՝ սաղարթախիտ անտառները:

«Ոռոգման համակարգ չի եղել, սովխոզների ժամանակ ամեն գյուղ քաշում էին, մեզ մոտ չի եղել: Ջուրը քիչ է։ Տարբերակ էլ չկա, տեղումների հույսին ենք»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Քարաբերդի համայնքապետ Յուրիկ Շավելյանը:

Քարաբերդում հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է, սակայն ինչպես նշված է համայնքի 2017-2021թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում, գյուղատնտեսությամբ զբաղվելն էլ անեկամտաբեր է: ««Փարոս» համակարգում ընդգրկվելու պատճառով մարդիկ հրաժարվում են հողամասերից և անասնապահությունից, որի արդյունքում ցածր է գյուղատնտեսության մակարդակը… Աննկարագերի ցածր է բնակչության սոցիալական վիճակը»,- նշված է համայնքի հնգամյա զարգացման ծրագրում:

Քարաբերդցի նախրապանը

Գյուղը 2012թ-ին իր համաձայնությունը տվեց Քարաբերդի ոսկու հանքի շահագործման համար՝ հույս ունենալով, որ կստեղծվեն նոր աշխատատեղեր, գյուղը կզարգանա և մարդկանց սոցիալական վիճակը կբարելավվի: Սակայն հույսերը չարդարացան: «Քարաբերդի հանքը չի աշխատում 2014 թվականից։ Մի տարի մի քանի օր աշխատեցրին ու նորից դադարեցրին, սնանկ ճանաչվեց ձեռնարկությունը։ 2019 թ․ նորից ընդերքօգտագործման պայմանագիր կնքեցին, որ շահագործեն, բայց առ այսօր չի շահագործվում»,- ԷկոԼուրին ասաց Յուրիկ Շավելյանը:

Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ Քարաբերդի հանքը, որի  մարվող պաշարների քանակը կազմում է  272555.9 տոննա, որից ոսկին՝ 1443,48 կգ, արծաթը՝ 2583,5 կգ, ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն պետք է շահագործեր մինչև 2024թ-ը: Սակայն 2016թ-ին  Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 05.10.2016թ. վճռով Ընկերությունը ճանաչվեց սնանկ: 2018թ-ից սկսվեց սնանկության գործընթաց: Հրավիրվեց  «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի պարտատերերի ժողով՝ պարտապանի կողմից նախկինում ներկայացված և լրամշակված ֆինանսական առողջացման ծրագրի քննարկման համար: «ԱՍՍԱԹ»-ի սնանկության մասին այս պաշտոնական տեղեկատվությունից բացի այլ տեղեկատվություն չգտանք համացանցում: Փոխարենն ԱՃԹՆ-ի կայքում Ընկերության հաշվետվությունից պարզ է դառնում, որ Ընկերությունը 2018թ-ին վճարել է ընդերքի շահագործման թույլտվության պետական տուրքը 10 միլիոն դրամի չափով, ինչը չի արել 2017թ-ին:

Ընդերքօգտագործման պայմանագրով «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն պարտավորվել է Քարաբերդի անապահով ընտանիքներին օգնություն ցուցաբերելու նպատակով համայնքին ամեն տարի հատկացնել 400 հազար դրամ, իսկ համայնքի զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրին մասնակցության, գյուղական միջհամայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման և դպրոցի ու մանկապարտեզի կարիքների համար` 200 հազարական դրամ: Հատկանշական է հատկապես դպրոցի ու մանկապարտեզի համար պայմանագրով նախատեսված օժանդակությունն այն դեպքում, երբ համայնքում դրանք մինչև պայմանագիր կնքելն էլ չեն եղել: «Ընկերությունը ոչ մի գումարով չի օգնել, բայց կատարած աշխատանքները մեզ համար ավելի շատ էին, քան օգնությունը, որ պետք է տային։ Միջդաշտային ճանապարհների վերանորոգում են արել։ Մեխանիզմով է ապահովել, տեխնիկա, վառելիք է տրամադրել, իր ծախսով վարձատրել է մեխանիզատորին»,- ասաց Քարաբերդի համայնքապետը։

Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) պաշտոնական կայքում «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի 2016թ-ի հաշվետվությունը բացակայում է: 2017, 2018թթ. Ընկերության հաշվետվություններում համայնքին սոցիալական աջակցության տողը զրոյական է: Զրոյական են նաև Ընկերության կողմից համայնքին գույքահարկի, հողի հարկի և վարձավճարների վճարման մասով տողերը: 2018թ-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից «ԱՍՍԱԹ»-ի նկատմամբ հարուցվեց վարչական վարույթ ապառքների համար: 2019թ-ին վարույթը կարճվել է, քանի որ Ընկերությունը վճարել է 660 հազար դրամ սոցիալական աջակցության համար: Սակայն այս մասին Քարաբերդի համայնքապետը ոչինչ չնշեց: Նույն վարչական վարույթի շրջանակներում Ընկերությունը կատարել է նաև շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին 976.8 հազար դրամի  և մշտադիտարկումների համար նախատեսված  287,5  հազար դրամ ապառքի մարումը:

Նշենք, որ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, Քարաբերդի ոսկու հանքի կենտրոնական տեղամասի շահագործման համար 2012թ-ին տրված բնապահպանական փորձաքննության եզրակացությունը ուժը կորցրել է, քանի որ Ընկերությունը հանքը չի շահագործել:

Համայնքապետը կողմ է, բնակիչները՝ դեմ հանքի շահագործմանը

ԷկոԼուրի հետ զրույցում Քարաբերդի համայնքապետ Յուրի Շավելյանը նշեց, թե կողմ է Քարաբերդի ոսկու հանքի վերաշահագործմանը, քանի որ դա լրացուցիչ աշխատատեղեր կապահովի համայնքում: Սակայն միևնույն ժամանակ նշեց, որ Քարաբերդի հանքի կարճատև շահագործման ընթացքում համայնքից քիչ բնակիչների են ներգրավել իրականացվող աշխատանքներում: «Հանքի շահագործման ընթացքում ժամանակ առ ժամանակ ունեինք բնակիչներ, ովքեր աշխատում էին։ Մշտական աշխատանք ունեցող չի եղել։ Հատուկ մասնագետներ են եղել, որ ուրիշ տեղից էին բերել»,- ասաց նա։

Սակավամարդ Քարաբերդում էկոԼուրին հանդիպած բնակիչները հիմնականում դեմ արտահայտվեցին հանքի վերաշահագործմանը : «Ոսկու հանքին դեմ եմ, որովհետև արոտվայրերը փչացնելու են, պայթեցնելու են, փոշին էլ ազդելու է մեզ վրա, մեր ապրանքի վրա: Ոսկին որ հանեցին, մեզ ի՞նչ օգուտ կլինի, էլի մենք մեր քանդված տներում ենք լինելու․․․ Գիտեմ, որ աշխատեն, պայթեցնեն, խոտհարքը լրիվ փչանալու է։ Եթե պայթեցնում է, փոշին նստում է խոտհարքի վրա, անասունն արածում է, հիվանդանում, մենք էլ հետը հիվանդանալու ենք...Պետք է գյուղին մոտիկ հանք չաշխատեցնել. հեռու լինի։... »,- ասացին նրանք։ 

Բնակիչները նաև նշեցին, որ ոսկու հանքի շահագործման դադարեցումից հետո գյուղում մաքրվել էր օդը: Սակայն հիմա էլ, ըստ նրանց, օդը փոշոտ է գործող քարհանքի պատճառով:

Քարաբերդի քարհանքը

«Խոտհունձի տարածքն արդեն փչացրել է։ Էս քարհանքի համար մեր արոտավայրերը ճանապարհ են սարքել, փչացրել։ 20-25 մ լայնության արոտավայրը քանդել են։ Մենք չգիտեինք, որ էսպես կլինի, մտածում էինք կանաչի կողքով մեքենաները կգնան, բայց ամբողջ տարածությունը քանդել են... 

Որ օրն անձրև չի գալիս ու եթե լավ չեն ջրում, փոշի է լինում:

… Փոշուց  ծառերի փոշոտում չի լինում, ծաղիկը վրան չորանում է, փչացնում է մեր բերքը։ Քարհանքում պայթեցում լինելիս ամբողջ փոշին սարում նստում է, ոչխարն արածում է, արյուն է կեղտոտում՝ թե՛ կովը, թե՛ ոչխարը:

…Բողոքել ենք իրենց ղեկավարներին, իրենք ասում են՝ էսա մեքենաները փոխենք, լավ կլինի, բայց նույն ձև ա գնում»,- ասացին քարաբերդցիները։

Գյուղի զարգացման համար քարաբերդցիներն առաջարկում են զարկ տալ անասնապահությանը, վերանորոգել գյուղի կենտրոնական ճանապարհը, ինչը կարող է հետագայում տուրիզմի զարգացման և հետևաբար բնակչության համար եկամտի նոր աղբյուր հանդիսանալ, վերանորոգել գյուղի միջդաշտային ճանապարհներն անասնակերի կուտակումը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար, լուծել համայնքի ոռոգման ջրի խնդիրը:

Հանքերի մասով առաջարկեցին.

-Քարաբերդի ոսկու հանքի հետ կապված ծրագրերի մասին տեղեկացնել բնակիչներին: Հանքի վերաշահագործման դեպքում առաջնահերթություն տալ տեղի բնակչությանը հանքում աշխատելու:

-Ինչպես Քարաբերդի ոսկու, այնպես էլ քարհանքը շահագործել բնապահպանական նորմերի խիստ պահպանմամբ:

- «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի կողմից ընդերքօգտագործման պայմանագրով ստանձնած պարտավորությունները ժամանակին կատարել:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:



Նոյեմբեր 26, 2020 at 15:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր